Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտի արտաքին քաղաքական «բազմաձայնությունը» խանգարում է Արցախին

Ստեփանակերտի արտաքին քաղաքական «բազմաձայնությունը» խանգարում է Արցախին

Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում զգալիորեն մեծացրել է ճնշումը Արցախի նկատմամբ՝ սեփական առավելապաշտական օրակարգը Ստեփանակերտին պարտադրելու համար։ Արցախի ամբողջական շրջափակումը այդ ճնշման քաղաքականության մեջ օգտագործվող ամենակոշտ գործիքն է։ Այնուամենայնիվ, Բաքուն ակտիվորեն կիրառում է նաև դիվանագիտական ու քաղաքական գործիքակազմ՝ գետնի վրա սեփական քայլերը լեգիտիմացնելու համար։ Այս գործընթացում շատ հաճախ օգտագործվում են նաև արցախյան տարբեր պաշտոնյաների քայլերն ու հայտարարությունները։ 

Ստեղծված իրավիճակում, կարծես թե, հատկապես արտաքին քաղաքական թեմաներով տեղեկատվական համակարգված քաղաքականության ձևավորումը պետք է լիներ առաջնահերթություն Արցախի իշխանությունների համար։ Ակնհայտ է, որ այս փուլում Արցախի պաշտոնատար անձանց նկատմամբ արտաքին աշխարհի ուշադրությունը ավելին է, քան երբևէ։ Հայաստանի իշխանությունների՝ Արցախից հեռավորություն պահելու քաղաքականությունը ակամա սուբյեկտայնության որոշակի աստիճան է տվել Ստեփանակերտին։ Այդ առումով ամեն մի անզգույշ քայլ ու հայտարարություն կարող է ունենալ հստակ հետևանքներ։ 

Այնուամենայնիվ, այս փուլում հակառակ պատկերի ականատեսն ենք դառնում։ Ստեփանակերոտում կան պաշտոնյաների խմբեր, որոնք, չգիտես ինչու, ստանձնել են արտգործնախարարութան գործառույթները և պարբերաբար անում են զգայուն ու նրբանկատություն պահանջող թեմաներով հայտարարություններ։ 

Նմանատիպ պաշտոնյաների մի քանի խմբեր գոյություն ունեն։ Առաջին խմբի մեջ են մտնում նախագահի խորհրդականները, որոնց թիվը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո աճել էր երկրաչափական պրոգրեսիայով։ Արտաքին քաղաքականության համար պատասխանատու խորհրդականները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնք հաճախ հակասում են Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումներին։ Նրանցից ոմանք կամ ընդհանրապես համապատասխան գիտելիքներ չունեն, կամ ակտիվորեն ներգրավված չեն տարբեր միջազգային դերակատարների հետ շփումներում, կամ էլ կտրված են իրականությունից։

Պաշտոնյաների երկրորդ խումբը, որի մոտ արտաքին քաղաքական հարցերով հրապարակային կարծիք արտահայտելու մղում գոյություն ունի, պետնախարարն է և իր թիմը։ Արցախում պետնախարարը կամ վարչապետը երբևէ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու գործառույթ չի ունեցել։ Ներկայիս իրավիճակը անոմալ է։ Հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ գործող պետնախարարը ևս արտաքին քաղաքականության վերաբերյալ սիրողական պատկերացումներ ունի, և այս ուղղությամբ իր մեկնաբանությունները ոչ միայն որևէ ավելացված արժեք չեն տալիս, այլև երբեմն կարող են վնասել տարբեր գործընթացներ։ 

Արտաքին քաղաքական հարցերով տեսակետներ հայտնող պաշտոնյաների շարքում են նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներն ու նախագահին կից ստեղծված տարբեր մարմինների անդամները։ Սովորական պայմաններում խորհրդարանականները արտաքին քաղաքական ուղղությամբ գործունեություն ծավալելու գորածառույթ ունենում են։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով առկա բարդ իրավիճակը, ինչպես նաև այս գումարման Ազգային ժողովի պատգամավորների պատրաստվածության աստիճանը, նրանց կողմից արվող հայտարարությունները տարբեր զգայուն թեմաներով ևս հաճախ օգտագործվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ պատումների պատերազմում։ Նույնը վերաբերում է նաև նախագահին կից գործող մարմինների անդամներին։ 

Վերջին շրջանում նմանատիպ չհաշվարկված ու չհամաձայնեցված մի շարք հայտարարություններ են արվել, որոնք օգտագործվել են ադրբեջանական քարոզչության կողմից։

Մասնավորապես, ամիսներ առաջ, երբ ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպումը Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Բուլղարիայում տեղի չունեցավ, իշխանական պատգամավոր Արթուր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել էր, որ Ստեփանակերտն է հրաժարվել մասնակցել այդ հանդիպմանը։ Մինչդեռ, ԼՂՀ ԱԳՆ դիրքորոշումը այն էր, որ Ստեփանակերտը չի հրաժարվել հանդիպմանը մասնակցելուց, բայց այդ բանակցությունների հետ կապված մի շարք հարցրերում դեռևս հստակություն պետք էր մտցնել։ 

Ադրբեջանական քարոզչամեքենան բնականաբար անմիջապես օգտագործել էր Հարությունյանի հարցազրույցը՝ սեփական ագրեսիվ գործելաոճը գետնի վրա արդարացնելու համար։ Օրեր շարունակ շրջանառության մեջ էր դրվել Ստեփանակերտի ապակառուցողական լինելու մասին խոսույթը։ 

Նույն իրավիճակն էր նաև ամիսներ հետո, երբ ադրբեջանական կողմի պատճառով տապալվեց օգոստոսի 1-ին Բրատիսլավայում ծրագրված հանդիպումը։ Այդ չկայացած հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ԼՂՀ նախագահին կից գործող հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Արցախի արտգործնախարարությունը այդ նորությանը անդրադարձել էր միայն հաջորդ օրը։ Այսինքն, այն կառույցը, որը լիազորված է որոշում կայացնել նման զգայուն հարցերի շուրջ խոսելու վերաբերյալ, պարտադրված էր արձագանքել այլ պաշտոնյայի հայտարարության պատճառով։ 

Արտաքին քաղաքական հարցերով համակարգված ուղերձների բացակայությունը խնդիրներ է ստեղծել նաև Լաչինի միջանցքից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ Ստեփանակերտի հայտարարության հարցում։ Առևանգումից հետո Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում կատարեց՝ նշելով, որ Խաչատրյանը 1991-1994 թվականներին մասնակցել էր Արցախի պաշտպանությանը, բայց ռազմական հանցագործություններ չի իրականացրել։ Բեգլարյանի այս գրառումից օրեր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արդեն նշեց, որ Վագիֆ Խաչատրյանը չի մասնակցել ռազմական գործողություններին Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում։ 

Այսպիսի կարևորագույն ուղղությամբ տարբեր պաշտոնյաների անկազմակերպ ու չհամակարգված գործունեությունը չի կարող բացասական հետևանքներ չունենալ Արցախի համար։ Պետք է գիտակցել, որ հակառակորդ կողմը խիստ համակարգված ու ուղղահայաց սկզբունքներով գործող արտաքին քաղաքականություն է վարում։ Հետևաբար, առաջին հերթին Արցախի նախագահի կողմից պետք է հրատապ քայլեր ձեռնարկվեն այս ոլորտը համակարգելու ուղղությամբ։ 

Արտաքին քաղաքական ուղերձներ հղելու, այդ թեմայով տեսակետներ հայտնելու առաջնահերթություն պետք է ունենան նախագահն ու արտգործնախարարությունը։ Բոլոր մյուս մարմիններն ու պաշտոնյաները, որոնք ցանկանում են դերակատարություն ունենալ այս ուղղությամբ տարվող աշխատանքներում, պետք է իրենց գործունեությունը ծավալեն կամ փակ ռեժիմով, կամ ԱԳՆ-ի հետ խորհրդակցությունից հետո։ Արտաքին քաղաքական ուղղությամբ «բազմաձայնությանը» պետք է վերջ տալ։ 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում