Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, հայտնում է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է։ Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարոսյանը։
Փաստաբանը նշում է, որ կայացված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվելու. «Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- գրել է նա։
***
Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Սերգեյ Սմբատյանը կալանավորվել են հուլիսի 31-ին՝ խարդախության հետ կապված քրեական գործի շրջանակում։
Քրեական գործը վերաբերում է Երևանի Կողբացի փողոցում գտնվող հողամասի օտարմանը «Սոխոսենթր» ընկերությանը։ 2012-ին UNESCO-ի կողմից Հայաստանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո, ըստ դատախազության, Արմեն Սմբատյանը որդու անվամբ գործարար գործունեություն չծավալելու պատրվակով, իր ազգականին խնդրել է հիմնադրել ընկերություն որդու համար։ Օրեր անց հիմնադրվել է «Սոխոսենթր» ընկերությունը։ Հիմնադրումից հետո «Սոխոսենթր»-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով։
Երևանի քաղաքապետը ներդրումային ծրագրի վերաբերյալ եզրակացություն է ստացել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից, ով չի առարկել ծրագրի իրականացմանը, թեպետ, ըստ դատախազության, նախկին նախարարը տեղյակ է եղել հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին։
«Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 3-ին «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» և «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը: Արդյունքում՝ Հասմիկ Պողոսյանը «Սոխոսենթր» ՍՊ ընկերության բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։
Civilnet











