Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 31-ի նիստում։
«Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը»,- նշված է վերը նշված համաձայնագրին հավանություն տալու կառավարության որոշման հիմնավորումների մեջ։
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագրի ստորագրումը տևական և երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակ է հետապնդում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության ընդլայնմամբ:
Civilnet











