Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքն իրականացվում է կտրոններով։ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՍիվիլՆեթը ֆիքսել է, որ քաղաքի մի շարք փռեր օրվա ընթացքում դադարեցրել են աշխատանքը։ Քաղաքացիները կտրոն ունեն, բայց չեն կարողանում հաց ձեռք բերել։
Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ սեպտեմբերի 6-ին բնակիչներին հացով ապահովելու համար մայրաքաղաքում գործող հացի արտադրամասերին տրամադրվել է տվյալ հացի արտադրամասի համար նախատեսված ալյուրից 1,5 անգամ շատ ալյուր։
«Քանի որ որոշ արտադրամասեր աշխատել են ոչ բարեխղճորեն՝ հաց են վաճառել առաց կտրոնի կամ նախատեսվածից քիչ հաց են թխել, իսկ որոշներ հովհարային անջատումներով պայամանվորված ուշ են սկսել հաց թխել, առաջ են եկել կտրոններ ունեցող քաղաքացիներին հացով ապահովելու խնդիրներ, ինչն էլ իր հերթին բողոքների առիթ է հանդիսացել»,- ասվում է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պատասխանում։
Մեզ նաև հայտնեցին, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի․ «Հիմնադրամի վերահսկողության բաժինը, ինչպես նաև Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն անում են ամեն ինչ որպեսզի բացահայտվեն նմանօրինակ խախտումները և կանխվեն նման դեպքերը»։
Սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտի բնակիչներին միանգամից տրամադրում են ութ օրվա կտրոն։ Մեկ մարդու հաշվով վաճառվում է օրական կես հաց (մոտավոր՝ 200գրամ): Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններում հացի՝ կտրոնով վաճառքը ավելի վաղ է սկսվել:
Արցախի կառավարությունը ավելի վաղ կտրոնային համակարգ չէր կիրառում, քանի որ համարում էր, որ այն ոչ միայն մեծացնելու է հերթերի քանակը, այլև կրկին հարուցելու է լրացուցիչ դժվարություններ (դրա մասին ավելի մանրամասն կարդա այստեղ՝ «Հացի բաշխման երկընտրանք՝ Ստեփանակերտում․ նոր պետնախարա՞րն է ճիշտ, թե՞ նախկինը»)
Civilnet











