Ռուսաստանի ուղարկած հումանիտար բեռը Աղդամով հասել է Ստեփանակերտ

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Աղդամ-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,- ասված է հայտարարությունում։
Տեղեկատվական շտաբը նաև հրապարակել է հումանիտար օգնությամբ բեռնված մեքենայում ներառված ապրանքատեսակների ցանկը․
1. 1000 հատ մթերային հավաքածու
Մեկ Հավաքածուն ներառում է՝
- արևածաղկի ձեթ 0,9 լ - 1 հատ
- շաքարավազ 1 կգ - 1 հատ
- ալյուր 2 կգ - 1 հատ
- մակարոն 500 գր - 3 հատ
- հնդկաձավար 1 կգ - 1 հատ
- կորեկ 1 կգ - 1 հատ
- սպիտակաձավար 1 կգ - 1 հատ
- վարսակի փաթիլներ 0,5 կգ - 1 հատ
- շոգեխաշած միս (тушенка) 0,5 կգ - 5 հատ
Մեկ հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է
2. 270 հավաքածու անկողնային պարագաներ
Մեկ Հավաքածուն ներառում է՝
- անկողնային հավաքածու - 1 հատ
- բարձ - 1 հատ
- վերմակ - 1 հատ
3. 200 հավաքածու hիգիենայի պարագաներ
Մեկ հավաքածուն ներառում է՝
- ատամի խոզանակ - 3 հատ
- օճառ - 10 հատ
- ջերմաչափ - 1 հատ
4. 192 հավաքածու մանկական սնունդ և պարագաներ
Մեկ հավաքածուն ներառում է՝
- մանկական կիսել - 1 հատ
- վիտամինային պաստեղ - 3 հատ
- ատամի խոզանակ - 1 հատ
- մանկական խյուս - 8 հատ
- մանկական ձկան յուղ (պատիճներով) - 1 հատ
- ցանափոշի (присыпка) - 1 հատ
***
Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու մասին հայտարարվել էր սեպտեմբերի 9-ին։ Արցախի իշխանությունները որոշել էին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը։ Միևնույն ժամանակ, ըստ արցախյան կողմի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լաչինի միջանցքով վերականգնել հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, սակայն, նշել է, որ սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:
Ավելի վաղ արցախցիները չէին թույլատրել, որ Աղդամով ադրբեջանական Կարմիր մահիկի 40 տոննա ալյուրը մտնի Արցախ։
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Տեղադրություն
Civilnet










