Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախի նախագահի խորհրդական և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, որ ինքնակամ գնալու է Շուշի․ «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Բաբայանը։
Սեպտեմբերի 28-ից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ է որևէ ձևով հրապարակում արել Դավիթ Բաբայանի վերաբերյալ։
***
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման։
Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ:
Civilnet











