Ադրբեջանը Հայաստանի հետ խնդիրների լուծման համար ընտրել է նոր մարտավարություն։ Բաքուն սկսել է ապավինել ներտարածաշրջանային և/կամ ռուսական բանակցային հարթակներին՝ խուսափելով արևմտյան հարթակի հանդիպումներից։
Այդ հարցում ադրբեջանական և հայկական կողմերը կարծես տեղերով փոխվել են․ եթե նախկինում Ադրբեջանի ղեկավարը մեծապես հետաքրքրված էր հավաքական Արևմուտքի՝ այդ թվում Եվրամիության հարթակով, քանզի Բրյուսելն ու Վաշինգտոնը Հայաստանի հետ պատրաստվող խաղաղության պայմանագրի առանցքային թեմաներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ մեծ հաշվով կիսում էին Բաքվի մոտեցումները, ապա այժմ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո, ադրբեջանական իշխանությունները կորցրել են իրենց հետաքրքրությունը Արևմուտքի նկատմամբ, քանի որ այն արդեն չի համապատասխանում այդ երկրի շահերին։
Արցախի անկումից հետո, երբ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ամենակարևոր հարցերից մեկը կրկին դարձել է հաղորդակցությունների հարցը, Արևմուտքը Հայաստանի տարածքային ամբողջականության և հատկապես «Զանգեզուրի միջանցքի» խնդրում, աջակցում է Հայաստանի դիրքորոշումը։
Որպես ասվածի ապացույց կարելի է համարել Եվրամիության, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվող հնգակողմ հանդիպումը, որին մասնակցելուց Բաքուն հրաժարվեց։ Ադրբեջանի այն փաստարկները, թե մերժումը պայմանավորված էր Ֆրանսիայի մասնակցությամբ, որն ըստ ադրբեջանական կողմի՝ «միակողմանիորեն աջակցում է Հայաստանին», զուտ պատրվակ էր։ Հարցն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում և դրանից հետո քանիցս Ֆրանսիային նմանատիպ մեղադրանքներ էր հասցեագրել, սակայն դա չի խանգարել, որ Բաքուն Փարիզի մասնակցությամբ 2022-ի հոկտեմբերի 6-ին և 2023-ի հունիսի 1-ին Քիշնևում հայկական կողմի հետ նստի բանակցային սեղանի շուրջ։
Ներկա պայմաններում Ադրբեջանը մի կողմից ապավինում է ռուսական միջնորդությանը, իսկ մյուս կողմից առաջ է տանում տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան)։ Անշուշտ, Բաքուն դրանով ոչ միայն հավասարակշռում է իր քաղաքականությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այլ նաև «ստիպված» է գնալ այդ քայլին՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին գործողություններում Մոսկվայի դիրքավորումն ու ռուսական կողմի շահագրգռվածությունը հարավկովկասյան գործընթացները սեփական ծիր վերադարձնելու հարցում։
Ռուսամետ դիրքորոշման համատեքստում ուշագրավ են Իլհամ Ալիևի հատկապես վերջին հայտարարությունները Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումներում։ Հատկապես վերջինում Ալիևը քննադատել է հայկական կողմի՝ հոկտեմբերի 12-13-ը Բիշքեկում նախատեսված ԱՊՀ անդամ պետությունների խորհրդի նիստին չմասնակցելու որոշումը՝ հրապարակային կերպով շահարկելով Գրանադայի բանակցություններին Երևանի պատրաստակամությունը։
Ինչ վերաբերում է ներտարածաշրջանային «3+3» հարթակին, ապա դրա՝ Բաքվի ուշադրության կենտրոնում հայտնվելը արդեն իսկ նորույթ է։ Չնայած այն փաստին, որ սկզբնապես այդ հարթակն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի դեկտեմբերին, արդեն իսկ հաջորդ տարվանից՝ 2021-ից, այն կորցրեց իր նշանակությունը Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որոնք, փորձելով ինքնուրույն գործել հայկական կողմի հետ ունեցած հիմնախնդիրներում, անուշադրության էին մատնում իրենց իսկ առաջարկած հարթակը։ Այդ է պատճառը նաև, որ մինչև օրս «3+3» ձևաչափի ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել (2021թ․ դեկտեմբերին) այն էլ՝ տարածաշրջանի երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։
Ադրբեջանի՝ «3+3» ձևաչափի ակտիվ հիշատակումն ու այն վերագործարկելու ջանքերը պետք է դիտարկել նաև Իրանին սիրաշահելու քաղաքականության համատեքստում։ Երկու երկրների հարաբերությունները «պատմական անկումից» հետո վերականգնվելու և անգամ զարգանալու շեմին են։ Կողմերը հոկտեմբերի 6-ին ոչ միայն պայմանավորվել են սկսել Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանը կապող ավտոճանապարհի շինարարության աշխատանքները, այլ նաև պայմանավորվել են վերականգնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը։
Ինչպես հայտնի է, տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գլխավոր շահառուն դարձել էր Իրանը, որն այդ կերպ փորձում էր վերահսկել Հարավային Կովկասի գործընթացները և վերականգնել սեփական դիրքերը։ Թեհրանի այդ դիրքորոշումը միանգամայն հասկանալի է, քանզի հայ-ադրբեջանական հիմնական բանակցային գործընթացը եթե 2021-ին տարվում էր Մոսկվայի, ապա դրանից հետո՝ 2022-ից ի վեր՝ հիմնականում Արևմուտքի հարկի տակ։
Սակայն ո՞րն է Ադրբեջանի՝ Իրանի քաղաքական հետաքրքրություններին մոտենալու դրդապատճառը։
Անշուշտ, դրանց պատճառները կարող են տարբեր լինել, սակայն կառանձնացնենք հիմնականը։ Թեհրանի ու Բաքվի հաշտեցումը կարող է պայմանավորված լինել «Զանգեզուրի միջանցքի» հարցով, քանզի Բաքվին, ի թիվս այլ խնդիրների, այլևս ձեռնտու չեն Իրանի հետ վատթար հարաբերությունները։ Այդ խնդրում ադրբեջանական կողմը, չունենալով Արևմուտքի աջակցությունը, Թուրքիայի ու նաև Ռուսաստանի հետ միասին փորձում է Իրանին համոզել կամ մեղմել նրա դիրքորոշումը սեփական ընկալմամբ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցում։
Դրան էին միտված նաև վերջերս Թուրքիայի նախագահի՝ առաջին հայացքից ոչ միանաշանակ հայտարարությունները «միջանցքի» և դրա վերաբերյալ Իրանի իբրև թե «դրական» դիրքորոշման վերաբերյալ։ Գուցե այդ նպատակին հասնելու համար է, որ Ադրբեջանը ակտիվացնում է իր ջանքերը արդեն Իրանի տարածքով Նախիջևանը Ադրբեջանին միացնող ճանապարհի վերագործարկման նախագծի հարցում (կողմերը հուշագիր էին ստորագրել 2022-ի մարտի 11ին)։
Բացի Հայաստանի նկատմամբ «շանտաժից», Ադրբեջանի նպատակը կարող է լինել Իրանին որոշակի լծակներ տալը և դրա դիմաց Հայաստանի տարածքով «միջանցքի» հարցում որոշակի զիջումներ կորզելը։
Իրանը, որի համար շատ կարևոր է սեփական տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելը (առնվազն Ադրբեջանի նկատմամբ ազդեցության, ինչպես նաև Իսրայելի ներկայությունը սեփական սահմանների մոտ նվազեցնելու առումով), հաստատակամ է Սյունիքի մարզով անցնելիք ճանապարհի հարցում՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը։
Այսպիսով, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները տանել ռուսական միջնորդության հարթակ և «3+3» ձևաչափ։ Դրանով փորձում է խուսանավել Հայաստանի հետ տարվող բանակցություններում, ինչպես նաև Երևանի վրա նոր ճնշման հարթակ գտնել «միջանցքային» տրամաբանության հարցում։ Այնուամենայնիվ, Բաքվի քաղաքական այս «փոփոխությունը» թերևս ժամանակավոր է և հստակ նպատակ է հետապնդում։
Հ․Գ․ Ադրբեջանի ու Իրանի հարաբերություններում շատ բան կախված է լինելու նաև նրանից, թե իսրայելա-պաղեստինյան պատերազմը ինչպես կազդի Իրանի աշխարհաքաղաքական դիրքերի վրա։
Գեորգի Միրզաբեկյան











