Իրանն ու Միացյալ Նահանգները ակտիվ բանակցային փուլում են։ Նրանք միայն վերջին շաբաթում փոխանակել են աշխատանքային մի քանի առաջարկներ։ Բանակցային գործընթացը նպաստում է նաև միջազգային դերակատարների ակտիվությանը, որոնք փորձում են վերջ դնել շուրջ երեք ամիս ձգվող ակտիվ հակամարտությանը։ Խոսքը հատկապես Պակիստանի մասին է, որի միջոցով են Թեհրանն ու Վաշինգտոնը ուղերձներ փոխանակում։ Մայիսի 22-ին սպասվում է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի այցը Թեհրան, որը կարևոր քայլ է դիտվում ԱՄՆ-Իրան բանակցություններն ամբողջացնելու գործում։
Ի՞նչ կարելի է ասել իրանա-ամերիկյան բանակցային ընթացքի մասին, և որքանո՞վ են կողմերը մոտ համաձայնագրի ստորագրմանը։ Մի կողմից, կողմերը խոսում են ակտիվ բանակցային գործընթացի և նույնիսկ ձեռք բերված արդյունքի մասին, մյուս կողմից, իրավիճակը փխրուն է և պահպանվում է պատերազմի վտանգը։ Միացյալ Նահանգներին ու Իրանին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ հատկապես միջուկային ծրագրի, Իրանի հարստացրած ուրանի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցերում։
Պակիստանի ակտիվությունը

Միջազգային մամուլը գրում է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի՝ Թեհրան կատարելիք այցի մասին։ Մունիրը, որը Պակիստանի ամենաառանցքային դեմքերից է, ակտիվ դերակատարություն է ունեցել ապրիլի սկզբին Պակիստանում Թեհրանի և ԱՄՆ-ի միջև «Իսլամաբադի երկխոսության» կազմակերպման հարցում։ Նա առավել ակտիվ էր, երբ հակամարտող կողմերն ամենամաոտն էին համաձայնության հարցում, և հիմա պատկերը կարող է կրկնվել։ Տարբեր գնահատականներով, Մունիրի այցը կարող է շրջադարձային լինել իրանա-ամերիկյան համաձայնությունների առումով, հատկապես մի իրավիճակում, երբ բանակցային առաջարկների դիտարկման հերթը Թեհրանինն է։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես կարևորել է պակիստանցի զինվորականի այցը Թեհրան՝ ակնկալելով էական առաջընթաց պատերազմը դադարեցնելու գործում։
Պակիստանի գեներալի այցից առաջ երկու անգամ Թեհրանում էր այդ երկրի ներքին գործերի նախարարը, որն, ըստ ամենայնի, նախապատրաստական աշխատանք է կատարել Միացյալ Նահանգների ու Իրանի դիրքորոշումները մերձեցնելու համար։
Ինչ են հայտարարում Իրանն ու Միացյալ Նահանգները
Մայիսի 21-ին Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց ամերիկյան նոր առաջարկների ստացման մասին։ Վերջին շրջանում կողմերը հաճախակի են փոխանակում երկկողմ համաձայնագրի աշխատանքային տարբերակներ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել համատեղ հարցերը կարգավորելու դիվանագիտական բոլոր լուծումներին, միաժամանակ նշելով, որ Թեհրանը որևէ դեպքում անձնատուր չի լինի։
Թեհրանի պնդմամբ՝ բանակցությունների հիմքում ընկած են 14 կետից բաղկացած իրանական առաջարկները, որոնք ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ վերաբերում են Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը, Իրանի կրած վնասների հատուցմանն ու տարածաշրջանից (Պարսից ծոցի տարածաշրջանից) ամերիկյան զորքերի դուրսբերմանը։ Եթե դրանցից որոշները քիչ իրատեսական են թվում, փոխարենը ավելի հավանական է, որ ԱՄՆ-ը հանի կամ մեղմի Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ հասնելով իրանական սառեցված հաշիվների ապաարգելափակմանը։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, ապա պատերազմի սպառնալիքներով հանդերձ, Վաշինգտոնի ուղերձները համաձայնության հասնելու ազդակներ են պարունակում։
«Նախագահ Թրամփը ցանկանում է լավ համաձայնության հասնել Իրանի հետ»,- վերջին հայտարարությունում նշել է Ռուբիոն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ նախօրեին Իրանի հետ առաջընթաց գրանցելու մասին է հայտարարել։
Այնուամենայնիվ, ամերիկյան ուղերձներում կարմիր թելով անցնում են Իրանի միջուկային ծրագիրն ու Հորմուզի նեղուցի հիմնախնդիը, որոնք Միացյալ Նահանագներ-Իրան բանակցությունների թերևս ամենակարևոր բաղադրիչն են։
Իրավիճակը Հորմուզի շուրջ
Հորմուզի նեղուցը, որը նավթագազային հոսքերի տարանցման տեսանկյունից ունի համաշխարհային նշանակություն, իրանա-ամերիկյան բանակցությունների ամենակարևոր թնջուկներից է։ Նեղուցը շարունակում է փակ մնալ երկու կողմից. Իրանը սահմանափակել է Պարսից ծոցի տեղաշարժն ու բարձրացնում սեփական վերահսկողությամբ նավերի անցման խնդիրը, իսկ Միացյալ Նահանգները շրջափակելով ամբողջ նեղուցը իրանական նավերի համար, բացարձակապես անընդունելի է համարում Իրանի պահանջը, որը ենթադրում է տուրքերի գանձում։
Նեղուցում Իրանի հնարավոր վերահսկողությունը խնդրահարույց է նաև ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների համար, որոնք ձգտում են վերադառնալ նախապատերազմական պայմաններին։ Նրանց համար ջրային այդ միջանցքն է միակ ճանապարհը սեփական նավթագազային հարուստ պաշարները համաշխարհային շուկա հասցնելու համար, հետևաբար որևէ կողմ հետաքրքրված չէ ջրային այդ անցման մեջ Իրանի դերի բարձրացմանը։
Նեղուցում իրանական վերահսկողությունը ոչ միանշանակ է և անգամ բացասաբար կարող է համարվել նաև Իրանի ռազմավարական գործընկեր և նավթի հիմնական գնորդ Չինաստանի համար։ Համենայնդեպս, այդպիսի եզրահանգում կարելի է անել Միացյալ Նահանգների ու Չինաստանի առաջնորդների վերջին հանդիպման արդյունքներով։ Պեկինի համար առաջնային է տարածաշրջանի կայունությունը, և նեղուցում ձգձգվող ճգնաժամը կարող է բացասաբար ազդել Չինաստանի տնտեսության վրա։ Բացի այդ, Պեկինը շատ լավ հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի արաբական երկրների հետ։
Միջուկային հարցը՝ բանակցությունների մաս
Միջուկային հարցը Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մյուս խնդրահարույց բաղադրիչն է։ Վաշինգտոնը պնդում է միջուկային զենք չունենալու հանգամանքը. մի հարցը, որին Թեհրանը նույնպես համաձայն է, սակայն կարևոր են մանրամասները։
Իրանական պատերազմի պայմաններում Միացյալ Նահանգների և Իսրայելի նպատակը ուրանի հարստացում թույլ չտալն էր, որում կողմերը միջուկային զենք ստեղծելու վտանգ էին տեսնում։ Այնինչ Իրանը, կտրականապես մերժելով ուրան չհարստացնելու հեռանկարը, փոխարենը պնդում էր փոքր ծավալներով ուրանի հարստացումը՝ բուն գործընթացը համարելով սեփական իրավունքը։
Ներկայում մամուլում իրարամերժ տեղեկություններ են հայտնվում ուրանի հարստացման հարցում կողմերի դիրքորոշումների վերաբերյալ։ Մի կողմից քննարկվում է, որ Իրանը կարող է երկար տարիներ դադարեցնել ուրանի հարստացումը՝ ապամոնտաժելով միջուկային կայանները, մյուս կողմից էլ խոսվում է միջագգային վերահսկողությամբ ուրանի հարստացման մասին։
Մյուս կարևոր հանգամանքը Իրանի հարստացրած ուրանի արտահանման հարցն է։ Միացյալ Նահանգները դեմ է տարբեր հաշվարկներով շուրջ 400 կգ հարստացված ուրանի պահումը բուն երկրի տարածքում՝ պահանջելով դրա դուրսբերում։ Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ մեծ հաշվով պատասխանելով Իրանի հոգևոր առաջնորդի այն պնդմանը, թե Թեհրանը մտադիր է այն պահել իր տարածքում։
Իրանի հարստացված ուրանի համար տարածք է առաջարկում Ռուսաստանը, որին դեմ են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Իրանը։ Թեհրանը, ի տարբերություն 2015-ի միջուկային գործարքի, կարծես այս անգամ չի պատրաստվում դիտարկել իր ուրանը Ռուսաստան ուղարկելու տարբերակը։
Իրանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները շարունակում են բազմաշերտ լինել։ Այդ հավասարման մեջ չպետք է մոռանալ Իսրայելի մասին։
Գեորգի Միրզաբեկյան











