Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնել, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի: Միրզոյանն այդ մասին հայտարարեց ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
«Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը առայժմ հատուկ խմբի համար բացելուն, այն է՝ ՀՀ և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն և նաև 3-րդ երկրների բոլոր քաղաքացիների համար, այս խմբի մարդկանց համար նախ կբացվի սահմանը և հետո արդեն շարունակել քննարկումը։ Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Միրզոյանը հիշեցրեց, որ վերջերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, կան նաև երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչներ․ «Եվ կա խոսակցություն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին»,- նշեց նա:
***
2022թ․ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն էր ձեռքբերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման շուրջ։
Civilnet











