Գլխավոր Լրահոս

«Ոչ տղաս կա, ոչ էլ՝ տղայիս պահած հայրենիքը». զինվորական Անուշ Խաչատրյանի պատմությունը

«Ոչ տղաս կա, ոչ էլ՝ տղայիս պահած հայրենիքը». զինվորական Անուշ Խաչատրյանի պատմությունը

Անի Բալայան

Անուշ Խաչատրյանը 44-օրյա պատերազմի վտանգը զգացել է ավելի շուտ։ Նրա տղան՝ Հայկը, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, մինչև պատերազմը մի քանի անգամ ասել էր, որ շատ վատ, մեծ աղետ է սպասում մեզ։ 

Անուշը ծառայում էր Արցախի N զորամասում, ամբողջ պատերազմի ընթացքում եղել է իր զորամասում և միայն երկու օրով է բացակայել Արցախից, այն էլ՝ հիվանդության պատճառով․ պատերազմի ընթացքում հիվանդացել է քովիդով և հոկտեմբերի սկզբին մեկ օրով եկել Երևան բուժվելու, սակայն հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով վերադարձել է Արցախ։

Անուշը և իր թոռը՝ Դենիելը, իսկ հետևում՝ զոհված որդու նկարը /Ստեփանակերտ/

Անուշը ՊԲ-ում սկսել է ծառայել 2008 թվականից մինչև վերջին օրը և հիմա էլ ցանկանում է շարունակել ծառայությունը, ասում է՝ ես ծառայությունից չեմ վախենում, ծառայողը ամեն տեղ կծառայի։

Անուշը դիտում է իր և որդու հին լուսանկարները /Ստեփանակերտ/

Անուշի տղան՝ Հայկը, զոհվել է Մարտունիում, պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ին։ Հայկի հետ խոսել է մոտ 15 րոպե առավոտյան, տղան մորը խնդրել է դուրս գալ Արցախից։ Երկար խոսակցությունից հետո Անուշը ստիպված՝ որոշել է դուրս գալ Արցախից, իր մյուս տղան՝ Կոմիտասը, նրան Վայք է ճանապարհել դիակները տեղափոխող մեքենայով, քանի որ այդ օրերին այլ մեքենա գտնելը դժվար էր։ 

Հայկը Մարտունիում էր կռվում, նոյեմբերի 8-ին թշնամին հարվածել է մոտակա դիրքին, տղաները օգնություն էին խնդրում, Հայկը գնացել է օգնելու ու նույն պահին հաջորդ հարվածն է հասցվել դիրքին։ 

Հայկը զոհվել է ընկերներին օգնություն ցույց տալու ժամանակ։

Լուսանկարում՝ ընտանիքը՝ Անուշը, ամուսինը, երեխաները՝ Տաթևը, Շողերը ու Հայկը /Ստեփանակերտ/

Անուշի ամուսինը իր ամբողջ կյանքը նվիրել է ծառայությանը։ Ծառայության պատճառով առողջական խնդիրներ է ձեռք բերել, անցել է թոշակի, վեց ամիս հետո մահացել։

Անուշը և իր թոռը հովհարային անջատումների ժամանակ /Ստեփանակերտ/

Թեև շրջափակման ժամանակ Արցախում բոլոր ընտանիքները անասելի խնդիրներ են հաղթահարել, այնուամենայնիվ, բոլորը հայկական Արցախի համար էին պայքարում։ 

Անուշը ասում է՝ ուզում է հիմա լինել սոված, բայց Արցախում։

Անուշը հանում է մեդալը։ Հովհարային անջատումների պայմաններում լույսը միայն պատուհանից է գալիս /Ստեփանակերտ/

«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սկսելու պահին եղել եմ տանը, արկերի տակ գնացել եմ զորամաս։ Ասեցին՝ իմ կարիքը հիմա չկա, ու ես գնացի տուն, ապաստարան չեմ իջել երբեք, մեր տունը առաջին հարկում էր ու մինչև Արցախից դուրս գալը տանն էի։ Հարևաններին ասում էի՝ եկեք մեր տուն, էդ փոշու մեջ երեխաները ի՞նչ պետք ա շնչեն, մի կերպ հաց էինք սարքում ու կիսելով՝ ուտում։ Բայց երբ Քռասնի գյուղը գրավեցին ու մեր պատուհանից երևում էր, թե ոնց են սարերի գլխին նստած ադրբեջանցիները, ոնց են կրակ անում, էդ ժամանակ ասեցի, որ այ հիմա մեր տունը ապահով չէ, կարող են տանը խփել, իջեք ապաստարան։ Հարևանները գնացին, ես մնացի էլի տանը։ Երբ հետ գնացի զորամաս, ասացին՝ զորացրված ենք բոլորս, իրերս վերցրել եմ վառելու համար ու դուրս եկել»։

Անուշը՝ Ստեփանակերտից բերած ալբոմը ձեռքին /Երևան/

«Երբ եկա տուն, ստիպված՝ վառեցի ամուսնուս, իմ ու Հայկիս բոլոր զինվորական լուսանկարները, մեդալները, զինվորական գրքույկս, ամենը, ինչ կապված է զինվորական ծառայության հետ։ Հետո պատուհանից շպրտեցի ամուսնուս գրքերը, հանրագիտարանները, վերևից կրակ տվեցի, այրեցի նաև կահույքս։ Բոլորը ասում էին՝ գժվե՞լ ես, ի՞նչ ես անում, բա եթե մի օր հետ գանք, ասացի՝ ոչինչ, հետ գանք՝ նորը կկառուցեմ, իմ ձեռքով դրած տունը թողնեմ նրան, ով սպանել ա տղո՞ւս, չեմ կարող։ 

Կոմիտասը իջավ դիրքերից, դեռ ոչինչ չգիտեր, մտավ ու միանգամից տեսավ որ Հայկի անկյունում նրա նկարները չկան, ասաց՝ մամ, ո՞ւր են Հայկի նկարները, մի կերպ ասացի, որ վառել եմ, չկան։ Չհավատաց, ասաց՝ խաբում ես, հանի նկարները, ո՞նց ես տենց արել, չե՞ս ցավացել, ինչո՞ւ ես արել, ասացի՝ քո համար, բա որ անցակետում բռնեն ու դրա համար քեզ էլ տանեն, ի՞նչ պետք ա անեմ ես։ Գժված՝ տնով դես-դեն էր գնում, չէր հավատում մինչև վերջին վայրկյանը»։

Անուշը ու թոռը՝ Գոռը /Երևան/

«Վերջին օրերին շատ դժվար էր։ Լույս չկար, հաց չկար, ոչ մի բան չկար։ Բակում տղամարդիկ կային, ասացի՝ ի՞նչ եք սպասում, բերեք փեչ-բան դնենք, հաց սարքենք, էս երեխեքը ուտեն, ու այ տենց մի կերպ կես հացով ապրում էինք։ Մեզ համար էլ սեպտեմբերի 25-ին հաց վերցրեցինք մի քիչ ու ճանապարհ ընկանք։ 48 ժամ ճանապարհին էինք, չհասած Հակարի՝ լսեցինք պայթունի լուրի մասին»։ 

Լռում է մի քիչ Անուշը ու հետո արցունքներն աչքերին՝ ասում․ «Ոչ տղաս կա, ոչ իր պահած հայրենիքը»։

Անուշը թոռան հետ իրենց վարձով տանը /Երևան/

«Ոչ մի օգնություն չեմ ստացել, ուր զանգել եմ՝ կամ չեն պատասխանել, կամ վերջացել էր։ Ես 50 հազարով ի՞նչ տուն գտնեմ-ապրեմ, հիմա ժամանակավոր ապրում եմ աղջկաս հետ, տունն էլ վերանորոգելու կարիք ունի, մեր ուժերով ինչքան կարողացել՝ արել ենք, բայց ամբողջը ո՞նց անենք, ու դեռ մի հատ էլ վարձ տանք։ Երկու տուն եմ թողել Ստեփանակերտում, հիմա սենց վարձով եմ ապրում։ Աշխատավարձս չի նստել, տղայիս ու ամուսնուս գումարը չի նստել, ո՞նց ապրեմ բա ես»։ 

Գոռը /Երևան/

Անուշը հիմա ուզում է տունը մի քիչ վերանորոգել, ոտքի կանգնել, շարունակել ծառայությունը ու փորձել պատկերացնել ապագան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում