Գլխավոր Լրահոս

Ահմադինեժադին չի հաջողվում կայունացնել ազգային արժույթը

Ահմադինեժադին չի հաջողվում կայունացնել ազգային արժույթը

Իրանի ազգային արժույթի՝ ռիալի փոխարժեքը կայունացնելու փորձերը, որը հետևողականորեն արժեզրկվում է ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ նավթային էմբարգոյի սահմանումից հետո, ընկերությունների և բնակչության շրջանում ռիալից փախուստի պատճառ են դարձել։

Իրանի կենտրոնական բանկն առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրողներ ընկերությունների համար ռիալի հատուկ փոխարժեք է սահմանել՝ նրանց գործունեությունն անուղղակիորեն խթանելու նպատակով։ Երկում թանկանում են ներկրվող ապրանքները՝ ավելի ու ավել անհասանելի դառնալով շարքային իրանցիների համար։ Իշխանությունները փորձում են կանխել խուճապը։ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է համալրել երկրի բյուջեն ոչ միայն նավթային եկամուտների հաշվին՝ ընդգծելով, որ Իրանը արտարժութային մեծածավալ պահուստներ ունի:

Ռիալն արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել: Երեքշաբթի այն արժեզրկվել է 17%-ով, փոխարժեքը կազմել է 35 հազ. ռիալ՝ $1-ի դիմաց։ Ռիալի դևալվացիան շարունակվում է սեպտեմբերի 24-ից, երբ «արտարժութային կենտրոնի» շրջանակում Իրանի հանգուցային ներկրողները (հիմնականում՝ պարենամթերք և դեղորայք), արտարժույթը հատուկ՝ նվազեցված փոխարժեքով ձեռքբերելու հնարավորություն ստացան:

Իրանի կենտրոնական բանկը ծրագրել էր ավելացնել ռիալի առաջարկը՝ այդպիսով կայունացնելով փոխարժեքը։ Սակայն երկրի բնակչությունն այս քայլը որպես գործելու ազդակ է ընկալել։ Արդյունքում՝ սկսած անցած շաբաթվա սկզբից, երբ փոխարժեքը բաց շուկայում 24,6 հազ. ռիալ էր $1-ի դիմաց, այն արժեզրկվել է ավելի քան 30%-ով:

Իրանի կառավարությունը ռիալի ֆիքսված փոխարժեքից հրաժարվել է 2002թ., երբ Թեհրանի բորսայում մեկնարկեցին արժութային արտոնագրերի վաճառքը: Իրանական արժույթը, որի կայունությունն ավանդաբար ապահովել են նավթադոլարները, արժեզրկվել սկսեց 2011թ. վերջից, երբ ԵՄ-ում ընթանում էին Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանման քննարկումները:

Ահամդինեժադը ռիալի փոխարժեքի կտրուկ անկումը համարում է Իրանի դեմ Արևմուտքի «հոգեբանական» պատերազմի հետևանք: Նրա խոսքով՝ երկիրը արտարժութային մեծածավալ պահուստներ ունի: Նախագահը խոստացել է փոխհատուցել պատժամիջոցների պատճառած վնասները, այդ թվում՝ բանկերին։

Ըստ ամերիկյան Rhodium Group-ի՝ մաքսային վիճակագրության տվյալները վկայում են, որ 2011թ. վերջից Իրանից արտահանվող նավթի ծավալները կրճատվել են գրեթե երկու անգամ. 2012թ. հունվարին արտահանումը կազմել է 2,2 մլն բարել/օր, հուլիսին՝ 0,94մլն բարել/օր:

Արտահանման ներկայիս ծավալները, առավելապես՝ Հնդկաստան և Չինաստան, Իրանի կառավարությանն ինչ-ինչ եկամուտներ այդուհանդերձ ապահովում են։ Բացի այդ՝ էմբարգոն չի տարածվում բնական գազի վրա, որի պաշարներով Իրանը երկրորդն է աշխարհում (1,046 տրլն խմ)։ Գազը մինչև վերջերս օգտագործվել է հիմնականում ներքին սպառման համար: Փորձագետների կարծիքով՝ գազի նկատմամբ էմբարգոն ցավալի կլինի հենց Եվրոպայի համար, ուստի այն քիչ հավանական է:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում