Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար երկամսյա սոցիալական ծրագիր կիրականացնի՝ նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 9-ի նիստում։
Նոյեմբերին ու դեկտեմբերին 50 000-ական դրամ կուղղվի արցախցիներին՝ առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով։ Ծրագրի շահառու են հանդիսանալու բոլոր այն արցախցիները, ովքեր շահառու են եղել նաև 100 000 դրամի միանվագ օգնության ծրագրով։ Ծրագրի շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում ու հյուրատներում ժամանակավոր բնակվող, բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցող, ՀՀ-ում չգտնվող անձինք, ինչպես նաև այն անձինք, ովքեր մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը հաշվառվել են Հայաստանում։
«Ծրագրի համար դիմողը դիմում լրացնելիս կտա իր բանկային հաշիվների մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում Կենտրոնական բանկը կկատարի ստուգումներ ու շեմը չգերազանցելու դեպքում կիրականացվեն փոխանցումները»,- ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Երկու ամիսներին այս ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը կծախսի շուրջ 10 մլրդ դրամ։ Դիմումները կարող են ներկայացվել հաջորդ շաբաթվանից։
***
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացնում է միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ:
Civilnet











