Գլխավոր Լրահոս

Ի՞նչ է արել ու անում գերիների և անհայտ կորածների հարցով միջգերատեսչական հանձնաժողովը

Ի՞նչ է արել ու անում գերիների և անհայտ կորածների հարցով միջգերատեսչական հանձնաժողովը

Գևորգ Թոսունյան

Ադրբեջանում գերության մեջ գտնվող 55 անձ կա։ Գերիների հարցը վերջին երկու տարվա ընթացքում մտել է անորոշության փուլ, իսկ նրանց խնդրով զբաղվող պետական մարմինները հազվադեպ են խախտում լռությունը։ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող մարմիններից ամենախոշորը, որը նաև ապահովում է ընտանիքների անդամների ու կառավարության միջև կապը, համապատասխան անվամբ միջգերատեսչական հանձնաժողովն է։ Այն գործում է Ազգային անվտանգության ծառայության ներքո։

Այս հանձնաժողովն իր գործունեությունը մեկնարկել է 2022-ի նոյեմբերին, որից հետո անցկացրել է առնվազն չորս նիստ։ Հանձնաժողովը միտված է մի կողմից աջակցել գերության մեջ հայտնված անձանց ու անհայտ կորածների որոնողական և վերադարձման աշխատանքներին, մյուս կողմից ապահովել ընտանիքների անդամների ու հարազատների և շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների միջև կապը։

ՍիվիլՆեթը փորձեց պարզել, թե իր գործունեության մեկնարկից հետո ինչ է արել միջգերատեսչական հանձնաժողովը։ ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին, որ առաջին նիստի արդյունքում պարզ էր դարձել, որ առանց պետական մարմինների լիազորությունների պատշաճ սահմանազատման, օրենսդրական փոփոխությունների և որոշ հստակեցումների, հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները լուծելու է մասնակի։

Ուստի հանձնարարվել էր նախապատրաստել օրենքի նախագծի հայեցակարգ, որը հանձնաժողովի հավանությանն արժանացավ մեկ տարի անց՝ 2023-ի հուլիսին։ Ի դեպ, իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես բարձրաձայնել են, որ Հայաստանում պատերազմի հետևանքով կան հարյուրավոր անհայտ կորածներ, բայց չկա «Անհայտ կորածի մասին» օրենք։ 

Քննչական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ 2020-ի պատերազմի արդյունքում ու դրանից հետո անհայտ կորած է 195 մարդ, որոնցից 175-ը զինծառայող է, 20-ը՝ քաղաքացիական անձ։

ԱԱԾ-ից որպես հանձնաժողովի կատարած աշխատանք մատնանշում են, որ «առանձնացրել են հեռախոսահամար, որի միջոցով պաշտպանության նախարարության աշատակիցը հարազատներից ստացված դիմումներն, առաջարկություններն արձանագրում, հավաքագրում և փոխանցում է աշխատանքային խմբին»։

Հանձնաժողովի առաջին նիստից հետո էլ հանդես են եկել օրենսդրական փոփոխության առաջարկությամբ, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից փոխվել է «Պրոբացիայի մասին» օրենքն ու ծնողներին տրվում է իրավաբանական խորհրդատվություն սոցիալ-իրավական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-բժշկական տարբերի խնդիրների լուծման նպատակով։ Այս մասով մենք դիմեցինք անհայտ կորած և գերեվարված երկու անձանց ընտանիքի անդամներին, նրանք ասացին, որ որևէ նման խորհրդատվություններ չեն ստացել։

Բացի այդ, հանձնաժողովի նիստերից մեկին որոշվել էր դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարոթյանը՝ ընտանիքների կարիքների գնահատման համար։ ԱԱԾ-ից վստահեցրին, որ տարածքային մարմիններին նախարարությունը հանձնարարել է իրականացնել աշխատանքները, ինչը շարունակական բնույթ է կրում։

Անհայտ կորած անձանց ընտանիքների պարագայում էլ, ՍիվիլՆեթը պարզեց, որ յուրաքանչյուրի հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կատարվում է քննություն, անհայտ կորածների հարազատները ստացել են տուժողի դատավարական կարգավիճակ։

Ըստ ԱԱԾ-ի՝ գերեվարված անձանց վերջին վերադարձը եղել է 2023-ի սեպտեմբերին, խոսքը, մասնավորապես, Հակարիի կամրջից առևանգված երեք երիտասարդները ազատ արձակման մասին է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում