Բաքուն հնարավոր է՝ չկարողանա բավարարել նավթի և գազի արտահանման պայմանագրերով նախատեսված ծավալների մատակարարումը: Ածխաջրածնային պաշարների և խնդիրների հետազոտությամբ զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերությունը հոկտեմբերի 1-ին զեկույց է հրապարակել իր World Energy Weekly հանդեսում, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը նվազեցրել է մինչև 2025թ. գազի արդյունահանման իր կանխատեսումները: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը և AIOC (Azerbaijan International Operating Company) միջազգային կոնսորցիումը, որը շահագործում է երեք խոշոր հանքավայրեր՝ «Ազերին», «Չիրագը» և «Գյունեշլին» (երեքը միասին՝ ACG), լուրջ մարտահրավերի պետք է առերեսվի, քանի որ նշված հանքավայրերում արդյունահանման ծավալների անկումը կանխատեսվածից երեք տարի շուտ է սկսվել՝ 2011թ., ոչ թե 2014-15 թթ.:
Ադրբեջանի պետական Socar նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևն ասել է, որ նախկինում հայտարարված 50-55 մլրդ խմ-ի փոխարեն՝ Ադրբեջանն ակնկալում է տարեկան արդյունահանել 40 մլրդ խմ գազ: Նա նշել է, որ գազի արտահանումը տարեկան կարող է տատանվել 20-30 մլրդ խմ-ի միջակայքում, ինչը կախված կլինի նաև ներքին սպառումից: Ըստ Աբդուլլաևի, եթե Ադրբեջանի բնակչությունը հասնի 20 մլն-ի, ինչի հույսը Բաքուն ունի, ապա գազի արտահանումը տարեկան կկազմի 10-19 մլրդ խմ, այսինքն՝ ավելի քիչ, քան նախատեսված է արտահանման պայմանագրերով: Աբդուլլաևն ասել է, որ վերանայվել են գազի «Շահ Դենիզ» հանքավայրը շահագործելու ծախսերը և $20 մլրդ-ից հասել են $28 մլրդ-ի, և այս թիվը կարող է ավելի մեծանալ:
(Զեկույցի ամբողջական հայերեն թարգմանությունը ՍիվիլՆեթը կհրապարակի ավելի ուշ):
Civilnet











