Գլխավոր Լրահոս

Ասիական զարգացման բանկը գնահատել է այս և հաջորդ տարվա տնտեսական հեռանկարները

Ասիական զարգացման բանկը գնահատել է այս և հաջորդ տարվա տնտեսական հեռանկարները

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայել է ասիական, ինչպես նաև հետխորհրդային տարածքի երկրների տնտեսությունների հեռանկարները։ Asian Development Outlook 2012 զեկույցում բանկը նվազեցրել է ասիական երկրների տնտեսական աճի կանխատեսումները։ Հայաստանի տնտեսական աճի հարցում ԱԶԲ-ն «զուսպ լավատես» է։ Ադրբեջանի դեպքում բանկի մասնագետներն ավելի հոռետես են։ Հարավային Կովկասում ամենաբարվոք տնտեսական իրավիճակը Վրաստանում է։

Ըստ ԱԶԲ-ի՝ 2012թ. առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 4,7%, որի հիմքը եղել են արդյունաբերությունը, ինչպես նաև ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտները: Շինարարության ոլորտը, բանկի փորձագետների կարծիքով, Հայաստանում շարունակում է լճացած վիճակում մնալ։

Բանկի մասնագետները նշում են, որ արտահանման և մասնավոր սպառման ծավալների դինամիկան դրական է, սակայն «հանրային ծախսերն ու ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են»: Մյուս կողմից՝ 2012-ի առաջին եռամսյակում տնտեսական աճի արձանագրված ցուցանիշները գերազանցել են բանկի նախորդ տարվա կանխատեսումները:

Ըստ զեկույցի հեղինակների՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, արտահանման ոլորտներում նկատվող միտումները հնարավորություն են տալիս 2013-ի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացնել մինչև 4,5%: Բանկի փորձագետները հույս ունեն, որ հայկական ծագման ապրանքների 60%-ի համար արտահանման շուկա հանդիսացող Եվրոպայում առկա ճգնաժամը չի ազդի Հայաստանի տնտեսության աճի տեմպի վրա: Նրանց կարծիքով՝ Հայաստանի տնտեսության վրա դրականորեն կազդի նաև մասնավոր տրանսֆերտների ծավալի զգալի աճը:

Ըստ ԱԶԲ-ի՝ Ադրբեջանում 2012թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 1,5%։ Աճի ապահովման հիմնական ոլորտը շարունակում է մնալ նավթարդյունաբերությունը, իսկ բյուջեի հիմնական մուտքերն ապահովում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը: «Արդյունահանվող նավթի ծավալների նվազումը վտանգում է հետագա աճի ակնկալիքները: Չնայած այդ իրողությանը՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հակված մնալ հավակնոտ ենթակառուցվածքային և սոցիալական ծրագերի իրագործմանը»,- նշում են բանկի փորձագետները:

Ասիական բանկում ավելի լավատես են Վրաստանի հարցում, որը, փորձագետների կարծիքով, Հարավային Կովկասի նախկին խորհրդային հանրապետություններից ամենաբարվոք տնտեսական վիճակում է: Այսպես, 2011-ի բարձր՝ 7% տնտեսական աճի տեմպը պահպանվում է, և այս տարվա առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել է 6,8%։ «Աճը խթանող հիմնական գործոնները ընտրություններից առաջ կառավարության իրականացրած հանրային ծախսերն ու ենթակառուցվածքային ծրագրերը են, ինչպես նաև ուղղակի արտաքին ներդրումները»,- ասված է զեկույցում։ Ուշագրավ է, որ Վրաստանում ամենից արագ աճող ոլորտը շինարարությունն է, որը, ըստ ԱԶԲ-ի, 2012թ. առաջին եռամսյակում 26% աճ է արձանագրել:

Ասիական տարածաշրջան

ԱԶԲ-ն ասիական տարածաշրջանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը 6,9%-ից իջեցրել է մինչև 6,1%։ Չինաստանում աճը կանխատեսվում է 7,7% մակարդակում՝ 2011թ. 9,3%-ի համեմատ, Հնդկաստանում 5,6%՝ անցած տարվա 6,5%-ի համեմատ։ Ասիական երկրների կառավարությունները պետք է պատրաստ լինեն «համեստ զարգացման» շարունակական փուլին: Բանկն անհրաժեշտ է համարում ծառայությունների սեկտորի զարգացումը՝ հրաժարվելով պետական չափից ավելի կարգավորումից։ Բանկի փորձագետների կարծիքով՝ համեմատաբար կայուն վիճակում է Հարավարևելյան Ասիայում՝ Թաիլանդի գլխավորությամբ։ Այդուհանդերձ, այս տարածաշրջանում աճի տեմպերն ընթացիկ տարում ամենահամեստը կլինեն՝ 5,2%։

ԱԶԲ-ն 2013թ. համար ասիական տարածաշրջանի տնտեսական աճի կանխատեսումը 7,3%-ից իջեցրել է 6,7%-ի: Աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի գնաճի տեմպի դանդաղման, որն առաջիկա երկու տարում կկազմի մինչև 4,2%՝ 2011թ. 5,9%-ի համեմատ։

Ըստ ԱԶԲ-ի փորձագետների՝ Չինաստանում և Հնդկաստանում ՀՆԱ աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է հիմնական կապիտալում ներդրումների կրճատմամբ, այդ թվում՝ օտարերկրյա։ Չինաստանում աճի դանդաղումը աղետալի հետևանքներ կունենա այն երկրների համար, որոնք հումք են արտահանում Չինաստան։

Ինչ վերաբերում է Հարավարևելյան Ասիային, ապա այս տարածաշրջանում համեմատաբար կայուն իրավիճակի ու աճի հիմնական շարժիչը Թաիլանդն է, որի տնտեսությունը 2011թ. ջրհեղեղից հետո վերականգնման փուլում է: Մալայզիայի և Ֆիլիպինների կառավարությունները ևս ընդլայնել են դրամավարկային խթանման ծրագրերը։

Բանկի փորձագետները ասիական կառավարություններին կոչ են արել նվազեցնել կախվածությունը արտահանումից՝ զարգացնելով ծառայությունների սեկտորը, մասնավորապես՝ բիզնես խորհրդատվությունը, հեռահաղորդակցային ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հնդկաստանի և Ֆիլիպինների օրինակով։ Չինաստանում մենեջերների՝ ծառայությունների ոլորտում գնումների գործարար ինդեքսը կտրուկ անկում է արձանագրել՝ սեպտեմբերին կազմելով 53,7 կետ՝ օգոստոսի 56,3 կետի համեմատ:

ԱԶԲ-ում այդուհանդերձ կարծում են, որ տարածաշրջանում տնտեսական աճի տեմպի անկման դեմ պայքարի ագրեսիվ քաղաքականության անհրաժեշտություն ներկայում չկա: Փորձագետների կարծիքով՝ այժմ առավել կարևոր է պետական չափից ավելի կարգավորումից հրաժարվելը, որը կիրառվել է տնտեսական բումը սահմանափակելու և «ֆինանսական պղպջակների» առաջացումը կանխելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում