Ռուսաստանի քաղաքացի Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել: Այդ մասին հայտնում է դատախազությունը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալեl ու կալանավորել են ՌԴ քաղաքացուն։
Ավելի վաղ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել էր, թե Սետրակովը դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռազմաբազայի տարածք։ ՀՔԱՎ-ի ղեկավար Արթուր Սաքունցը նշել էր, թե կազմակերպության հետ կապ է հաստատել Սետրակովի կինը, այդ ժամանակ Սետրակովն արդեն ռազմաբազայում է եղել։ Ըստ աղբյուրի՝ ռուս զինվորական քննիչները նրա դեմ արդեն քրեական գործ են հարուցել զորահավաքային կամ մարտական գործողությունների ընթացքում ծառայության վայրը մեկ ամսից ավելի ժամկետով լքելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մաս): Սետրակովին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Սաքունցի խոսքով՝ նախաքննությունը վարում է ՀՀ տարածքում գտնվող թիվ 519 զինվորական քննչական վարչությունը։
ՀՀ գլխավոր դատախազութունից հայտնում են, որ «Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ»:
Դատախազությունից նաև հիշեցրել են, որ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը:
Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանում հայտարարված զորահավաքից ու պատերազմից խուսափելու համար ստեղծված «Идите лесом» հակառազմական նախագիծն էր հայտնել, թե Սետրակովը տեղափոխվել է Ռուսաստան։ Ըստ աղբյուրի՝ նա զորակոչվել է 2022-ին, իսկ 2023-ի ապրիլին լքել է զորամասն և շուրջ կես տարի թաքնվել։ Հոկտեմբերին Սետրակովը հանձվել է ու պահվել զորամիավորման ռազմական ոստիկանության բաժնում։ Նոյեմբերի 30-ին նա նույն կազմակերպության ջանքերով տեղափոխվել է Հայաստան։ Ըստ «Идите лесом» նախագծի՝ նրան Հայաստանի տարածքում ձերբակալել են դեկտեմբերի 7-ին։
Civilnet











