Գլխավոր Լրահոս

Ինչ օրենքներ են ուժի մեջ մտնում 2024-ին

Ինչ օրենքներ են ուժի մեջ մտնում 2024-ին

Գևորգ Թոսունյան

2024-ը փոփոխությունների տարի է տաքսի ծառայությունների, տների վարձակալության շուկայի, շահումով խաղերի դաշտի և այլ ոլորտների համար։ ՍիվիլՆեթն ամփոփել է այս տարի ուժի մետ մտնող օրենքներն ու օրենսդրական փոփոխությունները։

Կարմիր գծերը թանկանում են

2024-ը լավ չի սկսվում վարորդների, բայց շահավետ՝ քաղաքապետարանի բյուջեի համար։ Երևանի ավագանին Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ, Հանրապետության աջակցությամբ ու Վարդան Ղուկասյանի, հայտնի Դոգի Հանրային ձայնի ձեռամբ շեշտակի ավելացրեց կարմիր գծերի վճարը։ 2024-ի հունվարից Երևանը բաժանվում է Ա և Բ գոտիների։ Ա գոտին փոքր կենտրոնն է, որտեղ կայանելու համար ամսական վճարը 18 հազար դրամ է դառնալու, իսկ տարեկան նախկին 12 հազարի փոխարեն 160 հազար։

Ներդրվում է հայտարարագրման համակարգ աշխատողների համար

2024-ից քաղաքացիների եկամուտները լինելու են հարկային մարմինների խոշորացույցի տակ։ Ներդրվում է հայտարարագրման համակարգ։ Աշխատանքային պայմանագիր ունեցող քաղաքացիները 2024-ի համար ծախսերի հայտարարագիր պետք է ներկայացնեն 2025-ին։ Այսինքն՝ հարկային մարմինները տեսնելու են, թե այդ տարում նրանք ինչ ծախսեր են արել, արդյոք եկամուտները համապատասխանում են ծախսերին, արդյոք ստացել են ոչ օրինական եկամուտներ, որոնք չեն հարկվել։

Ելքի կնիքը պահանջը հանվում է

2024-ը սկսվում է առանց անձնագրում ելքի կնիքի պահանջի։ Հանվում է 1-ից այն հանվել է։ Այսինքն՝ Հայաստանից դուրս գալու համար ելքի կնիքի անհրաժեշտություն չի լինի, ինչպես նախկինում էր։ Ի դեպ, անգամ խորհրդարանում այս հարցը 2023-ին քննրկել էին ու հասկացել, որ տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիներից անիմաստ գումար են գանձել այդ կնիքի համար։ 

Բացի այդ, ելքի կնիքի պահանջը հանելու որոշումը կնպաստի, որ անձնագրային ծառայություններում հերթեր չգոյանան։

Խստացումներ անշարժ գույքի վարձակալության ոլորտում

2024-ին հարկային մարմինների զինանոցը համալրվում է նորով․ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ուժի մեջ են մտել անշարժ գույքի վարձակալության հետ կապված փոփոխությունները։ Նախատեսվում է տուգանել այն անձանց ու տնտեսվարողներին, որոնք վարձակալության են տվել իրենց անշարժ գույքը, բայց հարկայինին չեն տեղեկացրել։ Առաջին խախտման դեպքում տուգանքը մինչև 500 հազար դրամ է կազմելու։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ մինչև մեկ միլիոն դրամ։

Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

Առցանց տաքսիների համար հավելյալ տուրքեր կսահմանվեն

2024-ի սեպտեմբերին տաքսու վարորդներն, ըստ ամենայնի, ցույց կանեն։ Օրենսդրական փոփոխություններով առցանց տաքսիսներն այդուհետ հավելյալ պետական տուրք են վճարելու։ Սա կարող է ազդել  նաև տաքսու գների բարձրացման վրա։

Օրենսդրական փոփոխություններով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար սահմանվում է նաև պետական տուրք՝ տարեկան 1 մլն դրամ։ Այս մասով, սակայն, մինչ այս հանրության շրջանում թյուրընկալում էր եղել, որին դեկտեմբերին անդրադարձել էր ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հայտարարելով, որ այն տաքսու վարորդներին չի վերաբերում․ «1 միլիոն դրամ տուրք սահմանվում է միայն  օպերատորների համար տարեկան 1 անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենն իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձնվելու է։ Այսինքն՝ այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերվում»։

Օրենքը սահմանում է արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերից 1,5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի մեկից՝ 2,5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի մեկից՝ 4 տոկոսի չափով։ Իսկ կանխիկ վճարման դեպքում, համապատասխանաբար, 2024-ին՝ 2 տոկոսի չափով, 2025-ին՝ 3,5 տոկոսի, իսկ 2026-ին՝ 5 տոկոսի չափով։ 

Ինքնակամներն օրինականացնելու ժամկետ է սահմանվել

Ինքնակամներն օրինականացնելու համար Կադաստրի կոմիտեն մարզերում սահմանել է ժամկետ․ մինչև 2024-ի ավարտը պարտադիր հարկավոր է դրանք հաշվառել կոմիտեում: Այս ժամկետը գործում է բացառապես գյուղական բնակավայրերի համայնքների դեպքում, քաղաքային բնակավայրերի պարագայում ժամկետը սպառվել է 2024-ի հունվարի 1-ին։

Շահումով խաղերի ոլորտը խստացվում է

Շահումով խաղերի սիրահարների համար ոչ նպաստավոր օրենսդրական փոփոխություն է ուժի մեջ մտնում 2024-ի ապրիլից։ Նպատակն է խաղալու պայմանները խրթին դարձնել և վերահսկել գումարի հոսքերը։ Նոր օրենքով խաղասրահներում ժետոնները փոխանակվելու են անկանխիկ եղանակով, իսկ ինտերնետ շահումով խաղի մասնակիցները ստիպված կլինեն բացառապես սեփական բանկային հաշիվներն օգտագործել։ 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ սոցիալապես անապահով խավերի շահերի պաշտպանություն և խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտների սահմանում, որը զերծ կպահի հասարակության խոցելի խմբերին մոլեխաղերով հրապուրվելու անկանխատեսելի հետևանքներից:

Նպաստավոր փոփոխություն՝ համայնքների համար

2024-ից ուժի մեջ է մտնում օրենսդրական մի փոփոխություն, որն օգտակար է համայնքների բյուջեներին։ Այսուհետ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից առաջացած ֆինանսական ռեսուրսներն ամբողջությամբ չեն գնա պետական բյուջե, կառանձնացվի դրանց 30 տոկոսն ու կուղղվի համայնքային բյուջե։ Այս փոփոխությունը կնպաստի համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Կստեղծվի էկոպարեկների ծառայությունը

2024-ը բեղմնավոր էր էկոպարեկների համար, քանի որ ստեղծվում է համանուն ծառայութունը։ Էկոպարեկները նույն պարեկներն են, սակայն նրանց խնդիրները էկոլոգիական են՝ անտառների և բնության հատուկ տարածքների պահպանում և այլն։

Ըստ գործադիրի ներկայացուցիչներին՝ էկոպարեկներին տրվելու է իրավախախտումն արձանագրելու, վարույթ հարուցելու, վնասը չափելու և տուգանք նշանակելու իրավունք, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև՝ ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք։ Ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի և ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։

Կենսաչափական անձնագրերն այդպես էլ չեն տրամադրվի 2024-ին

2024-ը նաև կարևոր փոփոխության չընդունման տարի է։ Նախկինում ոստիկանության ներկայացուցիչները խոստացել էին, թե կենսաչափական անձնագրերի տրամադրումը կվերսկսվի 2024-ի հունվարի 1-ից, սակայն գործընթացը կրկին հետաձգվում է՝ այս անգամ առանց ժամանակացույցի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում