Գլխավոր Լրահոս

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով․ թափանցիկության ու արդյունավետության հետընթաց

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով․ թափանցիկության ու արդյունավետության հետընթաց

Գևորգ Թոսունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այնքան բուռն քննարկում ու քննադատություն չէր տեսել իր գործունեության ընթացքում, որքան դեկտեմբերի 6-ին՝ Ազգային ժողովում։ Այդ օրը հանձնաժողովի անդամի ընտրության հարց էր քննարկվում խորհդարանում, թեկնածուներից մեկն էլ հանձնաժողովի այդ ժամանակ նախկին ղեկավար Հայկուհի Հարությունյանն էր։

Խորհրդարանական քննարկումը բացի անձնավորված բնույթ կրելուց նաև պարունակում էր քննադատություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Այս հանձնաժողովը ձևավորվեց Հայաստանի՝ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։ Մինչ այդ գործում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2012-ի հունվարի 9-ի՝ «Հանրային ծառայության  մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Էթիկայի հանձնաժողովը իսկապես ուներ սահմանափակ թվով աշխատակազմ ու ռեսուրսներ։ Տարիներ շարունակ քննարկվում էր հանձնաժողովի գործիքակազմը ընդլայնելու հարցը, և միայն 2017-ին ընդունվեց համապատասխան օրենքը, իսկ հանձնաժողովի անդամներն ընտրվեցին 2019-ին։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում զգալիորեն ընդլայնվեցին հանձնաժողովի լիազորությունները։ Մասնավորապես, բարելավվեց պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգը, այն ընդգրկում է վարքագծի կանոններ, որոնք վերաբերում են անհամատեղելիության պահանջներին, շահերի բախմանը և նվերներին: Այդուհանդերձ, սահմանված վարքագծի կանոնները հաճախ չեն պահպանվում, քանի որ էթիկայի հանձնաժողովները չունեն անհրաժեշտ կարողություններ դրանք գործնականում ապահովելու համար:

Թափանցիկության խնդիրներ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում» միջոցառումն ամբողջությամբ կատարվել է․ ամրագրված է 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի զեկույցում, մինչդեռ այս մարմինը ձևավորված և բնականոն գործունեություն ծավալող մարմնի կարգավիճակից բավականին հեռու է։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին և 7-ին ծավալված քննարկումն էր։

Առաջին հարցը, երբ մուտք եք գործում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացրած որոշումների էջ, հետևյալն է՝ «այս ի՞նչ փնթի աշխատանք է»։ 

Առաջին իսկ փաստաթուղթը վերնագրված է՝ «Հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 4-ին պատգամավոր Անի Սամսոնյանի նկատմամբ ընդունված թիվ վիվ/08/2021 որոշումը»։ Անի Սամսոնյանը վաղուց ԱԺ պատգամավոր չէ, իսկ այս հրապարակման ստորին հատվածում ամրագրվել է՝ «Ընդունված է` 11.12.2023», մինչդեռ որոշումն ընդունվել է 2021-ին։ Այսպես, մի օրվա մեջ հանձնաժողովը հրապարակել է նախկինում ընդունված որոշումները, որոնք պետք է ավելի վաղ հրապարակված լինեին։ Սա հանձնաժողովի ոչ թափանցիկ լինելու մի օրինակ է։

Հաշվետվողականության խնդիրները ԿԿՀ-ի դեպքում այսքանով չեն ավարտվում։ Խորհրդարանում, օրինակ, իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանն արձանագրել էր, որ հաշվետվությունների ու հաղորդումների մեծ մասը չի ներկայացվել։ 

«Չի ներկայացվել, օրինակ, 2020 թվականի տարեկան հաղորդումը, որը հանձնաժողովը պարտավոր էր ներկայացնել ըստ օրենքի՝ հանձնաժողովի ձևավորմանը հաջորդող տարվա համար»,- ասել էր Խանդանյանը։

ՍիվիլՆեթի ուսումնասիրությունը ցույց տվեց․

  • Հանձնաժողովը չի նեկայացրել երկրորդ կիսամյակային հաշվետվությունները, դրանք զուգորդելով տարեկան հաշվետվությունների հետ։ Բացի այդ, հանձնաժողովի կայացրած որոշումներից որոշները չեն տեղադրվել կայքում կամ տեղադրվել են ուշացումով։
  • Որոշումները, հանձնաժողովի հայտարարությունները, ինչպե նաև իրավական ակտերի մի մասը հրապարակվում է PDF ձևաչափով՝ հնարավորություն չտալով պատճենել դրանք։ 
  • Հանձնաժողովն առ այսօր չունի մամուլի քարտուղար, լրագրողները մշտապես խնդիր են ունենում այս մարմնի հետ կապի ապահովման տեսանկյունից։ 
  • Հանձնաժողովի կայքի որոնումների բաժինը մշտապես խափանված է։ Եթե որևէ անձի կամ լրագրողի անհրաժեշտ լինի որևէ որոշում կամ հաշվետվություն փնտրել, պետք է մեկ առ մեկ էջերի թարմացման միջոցով այն իրականացնել։
  • Հանձնաժողովն ընդհանրապես ռազմավարություն չունի։ 
  • Նիստերի վերաբերյալ որևէ արձանագրություն զետեղված չէ։

Հայտարարագրերի ռեեստրի խնդիրներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ լրագրողների ամենասիրած գործիքը հայտարարագրերի ռեեստրն է։ Այստեղ էլ խնդիրները քիչ չեն։ 

Նախ ռեեստրը բաժանվել է երկու մասի՝ մինչև 2021-ը ներկայացրած ու 2021-2023-ի հայտարարագրեր, ընդ որում՝ առաջինը մշտապես խափանումներով է աշխատում։ Մյուս կողմից էլ ընդհանրապես անտրամաբանական է այս բաժանումը։

«Ինֆոքոմի» խմբագիր Սևակ Մամյանը կարծում է, որ ի տարբերություն նախկին ռեեստրի՝ նորում էական փոփոխություն չի եղել։

«Մի մասով անգամ ավելի վատթարացել է համակարգը․ եթե նախկինում բոլոր պաշտոնատար անձինք ունեին անվանական էջեր, որտեղ իրենց ու բոլոր փոխկապակցված անձանց հայտարարագրերն էին, ներկայում այդ հնարավորությունը վերացել է։ Ճիշտ է, դու կարող ես պաշտոնատար անձի հայտարարագրի ներսից պարզել փոխկապակցված անձանց, և առանձին որոնման արդյունքում գտնել նրանց հայտարարագրերը, բայց այս ամենն էականորեն բարդացնում է աշխատանքը»,- ասում է Մամյանը։

Մեկ այլ խնդրահարույց մեխանիզմ․ տեսանելի են այն պաշտոնատար անձինք, որոնք հայտարարագիր ներկայացրել են, սակայն չի երևում պարտավորություն ունեցողների ցանկը։

«Համակարգը թույլ չի տալիս արձանագրել, թե ովքեր չեն ներկայացրել հայտարարագիրը։ Այո, պետական մեկ մարմնի դեպքում լրագրողը կարող է հարցում իրականացնել, ստանալ ցանկը, համեմատել ու պարզել, թե ով հայտարարագիր չի ներկայացրել։ Սակայն պետք է համակարգն ունենա այդ հնարավորությունը, որ լրագրողները կամ քաղաքացիները պարզեն, որ որևէ պաշտոնյա պարտավորություն ուներ հայտարարագիր ներկայացնելու, սակայն չի արել»։

Սևակը կարծում է, որ քաղաքացիների համար բավականին բարդ է կարդալ հայտարարագրերը, առավելագույնը ինչ կարող են իրականացնել քաղաքացիները հայտարարագրերն ուսումնասիրելիս եզրակացնելն է, որ պաշտոնյան խոշոր հարստություն է կուտակել կամ էլ ընդհանրապես չի հարստացել։

Այսպիսով, հայտարարագրերի ռեեստրի դեպքում ունենք հետևյալ խնդիրները․

  • Ռեեստրը բաժանված է երկու մասի՝ մինչև 2021-ը և դրանից հետո, ինչը դժավարացնում է ուսումնասիրողների, լրագրողների կամ շարքային քաղաքացիների աշխատանքը։
  • Հայտարարագրերի՝ մինչ 2021-ի ռեեստրը տեխնիկական խնդիրներով է աշխատում։
  • Ավելի բարդացվել է փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծության աշխատանքը։
  • Պաշտոնյաները անհատական էջեր չունեն, ինչ նախկին ռեեստրի դեպքում էր, այսինքն՝ հետընթաց է արձանագրվել։
  • Փակ է պահվում այն անձանց ցանկը, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել, մինչդեռ նախկին ռեեստրի դեպքում անհատական էջում երևում էր, որ պաշտոնյան իր պարտավորությունը չի կատարել։ Կրկին հետաընթաց է արձանագրվել։
  • Ընդհանուր առմամբ, միտումնավոր կամ առանց միտումի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավելի է բարդացրել ու խրթին դարձրել հայտարարագրերի վերլուծության աշխատանքը լրագրողների համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին արձանագրված խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում էր նաև օրենսդրական ու կառուցվածքային փոփոխություններ։ 

Հաջորդիվ ՍիվիլՆեթը կանդրադառնա այդ դրույթներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում