Դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթը։ Դրան նախորդել էին փաստաթղթի վերաբերյալ ադրբեջանցի և հայ պաշտոնյաների ուշագրավ մի շարք հայտարարություններ, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե գործընթացներն ինչ տրամաբանությամբ են առաջ գնում այս օրակարգում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օրերս լավատեսություն հայտնեց գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է դառնալ երկու պետությունների միջև սկզբունքները սահմանող փաստաթուղթ՝ հիմք դնելով բարիդրացիական հարաբերություններին։
Փաստաթղթի բովանդակության վերաբերյալ ավելի վաղ մեկնաբանություններ էր արել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ուշագրավ էին Հաջիևի մեկնաբանությունները հատկապես սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Նա, մասնավորապես, նշել է, որ սահմանների որոշման հարցը կարող է տարանջատվել խաղաղության պայմանագրի օրակարգից։ Հաջիևի հայտարարություններին արձագանքել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` չբացառելով, որ սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից անջատելը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար։
Դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությամբ։ Այն, որ սահմանազատման գործընթացն ի սկզբանե տեղի է ունենում խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններից առանձին ձևաչափով, ակնհայտ է։ Պարզ է նաև, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ ավելի երկար է տևելու, քան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։
Մյուս ակնհայտ հանգամանքն այն է, որ Արցախի էթնիկ զտումից հետո հենց սահմանային փաթեթում առկա խնդիրներն են դարձել գլխավոր խոչընդոտը խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում։ Այդ առումով Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը ադրբեջանական տեսանկյունից միանգամայն տրամաբանական է։ Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագրի օրակարգից հանել ևս մեկ խնդրահարույց հարց (ինչպես դա ժամանակին արվեց Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների պարագայում) և ստորագրել փաստաթուղթը՝ առանց որևէ զիջումների գնալու և պարտավորություններ ստանձնելու այս ուղղությամբ։ Ադրբեջանը մեծ հաշվով ցանկանում է Հայաստանից ստանալ ստորագրություն խաղաղության պայմանագրի տակ՝ առանց համաձայնության հասնելու սահմանազատման և սահմանագծման գործընթացին առնչվող սկզբունքների ու այդ գործընթացի հիմքում ընկած քարտեզների վերաբերյալ։
Իրադարձությունների զարգացման նման սցենարի պարագայում այս բոլոր խնդիրները շարունակելու են գոյություն ունենալ նաև փաստաթղթի ստորագրումից հետո։ Խոսքը, մասնավորապես, անկլավների ու Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին է։
Նույն իրավիճակն է նաև առանցքային մյուս հարցերի պարագայում։ Խաղաղության պայմանագրով որևէ լուծում չի լինելու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Այս հարցում Բաքվի դիրքորոշումը ևս բավական հստակ է։ Ադրբեջանը առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանի հարավով դեպի Նախիջևան հաղորդակցության բացմամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 6-ին Բաքվում տեղի ունեցած «Ղարաբաղ։ Վերադարձ տուն 30 տարի անց։ Ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով համաժողովին հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի հետ իր քննարկումներում մշտապես պնդել է, որ մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության վրա մաքսային և սահմանային ստուգում չպիտի լինի։ Ալիևը նշել էր, որ քանի որ Երևանը դեմ է այդ տարբերակով երկաթուղու ու ճանապարհի բացմանը, Ադրբեջանն այդ երթուղին Իրանի տարածքով բացելու համաձայնություն է ձեռք բերել Թեհրանի հետ։
Ալիևի այս հայտարարությունները նշանակում են, որ կա՛մ Երևանը համաձայնելու է Հայաստանի հարավով Ադրբեջանին պարզեցված ռեժիմով անցում տրամադրել, կա՛մ ընդհանրապես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում տեղի չի ունենալու։ Ամենայն հավանականությամբ, խաղաղության պայմանագրի տեքստի մեջ ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ ինչ-որ հիշատակում լինելու է, սակայն վերոնշյալ խնդիրները շարունակելու են գոյություն ունենալ նաև փաստաթղթի ստորագրումից հետո։
Բաքուն այս փուլում փորձում է ձևափոխել նաև խաղաղության պայմանագրի իմպլեմենտացիայի մեխանիզմների խնդիրը՝ խոշոր խաղացողների ու միջնորդների համար բացառելով որևէ դեր այս հարցում։ Սա համապատասխանում է նաև Ադրբեջանի այն մոտեցմանը, ըստ որի՝ տարածշրջանային խնդիրները պետք է լուծում ստանան տարածաշրջանի ներսում։
Հաշվի առնելով նախորդ մի քանի տարիների փորձը՝ կարելի է արձանագրել, որ Բաքուն գրեթե բոլոր դեպքերում հասել է իր առջև դրված բանակցային նպատակներին։ Դրան նպաստել ու նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող ուժերի անհավասարակշռությունը, ինչպես նաև խոշոր խաղացողների զբաղվածությունը այլ տարածաշրջաններում և նրանց մոտ հայ-ադրբեջանական համատեքստում ավելի ծանրակշիռ ու պրոակտիվ դեր ստանձնելու ցանկության բացակայությունը։ Այդ առումով կա մեծ հավանականություն, որ Բաքուն կարողանալու է հասնել իր նպատակներին խաղաղության պայմանագրի օրակարգում՝ առանց գոյություն ունեցող որևէ լուրջ խնդրի շուրջ լուծման հասնելու։
Ամենայն հավանականությամբ, խաղաղության ստորագրվելիք պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, որով կողմերը համաձայնության են հասնելու որոշ սկզբունքների, այլ ոչ թե կոնկրետ հարցերի շուրջ։ Հայաստանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, լեգիտիմացնելու է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը Արցախում՝ փոխարենը հերթական անգամ չստանալով ոչինչ։ Չկարգավորված սահմանային խնդիրները, փակ հաղորդակցություններով տարածաշրջանը, պայմանագրի իրագործման երաշխիքների բացակայությունը, հայաթափված Լեռնային Ղարաբաղն ու արցախցիների իրավունքների վերաբերյալ փաստաթղթի մեջ որևէ հիշատակման բացակայությունը «վաճառվելու է» հայաստանյան հանրությանը որպես խաղաղություն։
Տիգրան Գրիգորյան











