Փաշինյանը քննարկել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, քննարկել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցը։
«Խոսք էր գնում այն մասին, որ նոր ատոմակայանի ստեղծման համար նախ իրականացնող կազմակերպություն ստեղծենք։ Ինձ թվում է` դա շատ կարևոր է, որովհետև նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք իրոք, ոչ միայն խոսում ենք, այլև գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու։ Այստեղ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի պատշաճ կադրեր կարողանանք ներգրավել այդ աշխատանքի մեջ։ Ժամկետային զինծառայությունից տարկետման որոշումը, որ պետք է կայացնենք, անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի վրա շատ մեծ շեշտ դնենք, և երկրորդը՝ կրկին նույն տրամաբանությունն է, նաև պետք է մտածենք` ինչպես խթանենք կանանց ներգրավվածությունն այս բնագավառում, որոնց պարագայում այդ խնդիրը չկա։ Այսինքն` տարկետման և այլն»,- հայտարարել է նա։
Վարչապետին նաև ներկայացվել է Հայաստանում փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չտիրապետելով մասնագիտական նրբություններին՝ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը․ «Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է:
***
Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու հարցով հայկական և ռուսական կողմերը բանակցությունների մեջ են․ «Մենք շնորհակալ ենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշում կայացվեց, և որպես իրագործող սահմանվել է ռուսական ընկերությունը։ Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկներին, ապա դրա վերաբերյալ նույնպես բանակցություններ են ընթանում»,- ասել էր Օվերչուկը։
https://civilnet.am/news/698911/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%bc%d5%b8%d5%bd%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4-%d5%ab-%d5%bf%d5%b6%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%a8-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%82%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%a2%d5%ac%d5%b8%d5%af%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a8/
Civilnet










