Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին քննարկելու է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան և կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
«Դատապարտում ենք 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանը արտագաղթել։ Միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»,- ասված է Սենատի նախագծում։
Բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց։
Սենատը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դուրս բերել իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից․ «Ողջունում ենք Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ ռազմական տեխնիկա մատակարարել Հայաստանին և աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է պաշտպանելու Հայաստանին»։
Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորում է անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով ներգրավվի դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։
Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել նաև 2022-ի նոյեմբերին։
https://civilnet.am/news/753505/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%aa%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a8-%d5%b9%d5%a7-%d5%b4%d5%a1%d5%af%d6%80%d5%b8%d5%b6/
Civilnet











