Գլխավոր Լրահոս

Ալիևի և Փաշինյանի մյունխենյան հանդիպումը․ արևմտյան ձևաչափը վերսկսվո՞ւմ է

Ալիևի և Փաշինյանի մյունխենյան հանդիպումը․ արևմտյան ձևաչափը վերսկսվո՞ւմ է

Փետրվարի 17-ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Սա վերջին կես տարվա ընթացքում առաջին հանդիպումն էր երկու երկրների ղեկավարների միջև։ Մյունխենյան բանակցությունները տևել են 45 րոպե, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ և սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Հատկանշական է, որ հանդիպումը տեղի էր ունենում Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից, ինչպես նաև Ներքին Հանդում սահմանային էսկալացիայից անմիջապես հետո։ Այդ առումով այն առաջին հերթին կարևոր էր միմյանց տրամադրությունները շոշափելու և ընթացող բանակցությունների հեռանկարները հասկանալու համար։ 

Այն, որ մյունխենյան հանդիպումը տեղի ունեցավ Օլաֆ Շոլցի մասնակցությամբ և միջնորդությամբ, ամենևին չի նշանակում, որ խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները կարող են վերադառնալ արևմտյան հարթակներ։ Այս հանդիպումն ամենայն հավանականությամբ իր բնույթով իրավիճակային էր և պայմանավորված էր միայն այն հանգամանքով, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը մասնակցում էին Մյունխենի անվտանգության համաժողովին։ 

Արցախի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը հաջողությամբ կարողացել է բանակցային գործընթացը տեղափոխել երկկողմ ձևաչափ։ Երկու երկրների միջև նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հենց այդ նոր ձևաչափի առաջին առարկայական արդյունքն էին։ Վերջին ամիսների ընթացքում բովանդակային բոլոր բանակցությունները հենց այդ նոր, չմիջնորդավորված ձևաչափով էին ընթանում։ Այդ մասին մի քանի անգամ ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ 

Եթե առաջին ամիսների ընթացքում գաղտնի այդ բանակցությունների վերաբերյալ մամուլում ընդհանրապես որևէ հիշատակում չկար, ապա վերջին շրջանում որոշակի արտահոսքեր տեղի ունեցան, և այդ մասին սկսեցին գրել տարածաշրջանին հետևող արտասահմանցի հայտնի լրագրողներ ու փորձագետներ։ Տվյալ ձևաչափը, մեծ հաշվով, 1990-ականների կեսին գոյություն ունեցած Ժիրայր Լիպարիտյան - Վաֆա Գուլուզադե բանակցությունների ռեինկարնացիան է՝ հին և նոր դերակատարների մասնակցությամբ։ 

Մյունխենյան հանդիպման հիմնական նպատակը, ամենայն հավանականությամբ, այդ երկկողմ ձևաչափով բանակցությունների հեռանկարների մեջ ճշտգրտումներ մտցնելն էր։ Ադրբեջանում նախագահական ընտրություններին նախորդած շրջանում Իլհամ Ալիևի մի շարք հայտարարություններից, ինչպես նաև Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո Երևանում լուրջ մտահոգություններ կային, որ Բաքուն հակված է գնալ իրավիճակի էսկալացման ճանապարհով։ Այդ մտահոգություններն արտահայտվում էին նաև հրապարակայնորեն՝ վարչապետի մակարդակով։ Այս փուլում, սակայն, Բաքվի համար, կարծես թե, էսկալացիան ու դրա սպառնալիքը ոչ թե նպատակ է, այլ բանակցությունների բովանդակության վրա ազդող կարևոր գործիք։ 

Այդ առումով մյունխենյան հանդիպումից հետո Բաքվից ու Երևանից հնչող մեկնաբանությունները, որոնք ընդգծում են դրա կառուցողական բնույթը, վերաբերում են առաջին հերթին բանակցային գործընթացի շարունակականությանը, այլ ոչ թե բովանդակությանը։ 

Բովանդակության առումով որևէ լուրջ փոփոխություն անիմաստ է ակնկալել ներկա պայմաններում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է առաջ շարժվել առավելապաշտական օրակարգով, որի գլխավոր նպատակը կողմերի միջև առկա խնդրահարույց հարցերում լուծումներից ու հստակությունից խուսափելն, Հայաստանի նկատմամբ վերահսկողության մեծացումը և Հարավային Կովկասում «մինիհեգեմոնի» կարգավիճակի ստանձնումը։ Այդ օրակարգի իրագործումը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության գոյության հետ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում