Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքների մասին։ Այդ հայտարարությամբ Ադրբեջանը պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել չորս գյուղ․ «Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ ազատման»։
Մուստաֆաևի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ էքսկլավային/անկլավային գյուղերի ապագան որոշվելու է ապագայում՝ դելիմիտացիայի ընթացքում։
Այս հայտարարությունը վերջին շրջանում ընթացող բանակցություններում կողմերի միջև սահմանային փաթեթի շուրջ առկա տարաձայնությունների արտացոլումն է։ Հայկական կողմը սահմանազտման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումների ընթացքում բարձրացնում է 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի կողմից տարբեր հատվածներում օկուպացված տարածքների (առնվազն 215 քառակուսի կիլոմետր) վերադարձի հարցը։
Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում հայկական կողմի այդ պահանջը չեղոքացնելու համար մի շարք հնարքներ էր կիրառում։
Բաքուն նախ հայտարարում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը պայմանական է և քանի դեռ դելիմիտացված չէ, անհնար է հասկանալ, թե ադրբեջանական ուժերի 2021-ին ու 2022-ին զբաղեցրած տարածքները ում են պատկանում։ Սա, իհարկե, համոզիչ փաստարկ չէ, որովհետև ադրբեջանական զորքերը որոշ հատվածներում այնպիսի առաջխաղացումներ են ունեցել, որոնք որևէ քարտեզներով վիճելի տարածք չեն կարող համարվել։ Օրինակ, Ջերմուկի պատկանելությունը Հայաստանին, որի մատույցներում են հայտնվել ադրբեջանական ուժերը 2022-ի սեպտեմբերին, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել։
Ադրբեջանական երկրորդ հնարքն այն է, որ երկու երկրների կողմից վերահսկվող տարածքի մակերեսի փոխարեն Ադրբեջանը շեշտը դնում է վերահսկվող բնակավայրերի քանակի վրա։ Այսպես, ադրբեջանական կողմը պարբերաբար պնդում է Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ութ գյուղերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Այն դեպքում, երբ նույնիսկ մինչև Ադրբեջանի 2021-ի մայիսյան ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, երկու երկրների կողմից միմյանց նախկին վարչական սահմանների ներսում վերահսկվող տարածքի մակերեսը գրեթե հավասար էր։
Հասկանալի է, որ Ադրբեջանի այս քարոզչական հնարքը առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը։ Այս հայտարարություններին զուգընթաց Բաքուն շեշտում է, որ 2021 ու 2022 թվականների էսկալացիաների ընթացքում հայկական որևէ բնակավայր չի անցել իր վերահսկողությանը։
Սահմանային հարցերում կողմերի միջև առկա հրապարակային այս տարաձայնությունները վերջին շրջանի ավելի ինտենսիվացած բանակցությունների հիմնական խնդրահարույց հարցերն են դարձել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պարագայում զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներից և այս նպատակին հասնելու համար նոր պահանջներ է առաջ քաշում։ Վերջին ամիսների ընթացքում այդ պահանջներից գլխավորը հենց այդ չորս ոչ անկլավային գյուղերի վերադարձն էր։ Այդ առումով Մուստաֆաևի գրասենյակը միայն հրապարակայնացրեց այդ պահանջը, որը հայկական կողմին էր ներկայացվում վերջին շրջանի բանակցությունների ընթացքում։
Հատկանշական է, որ որոշ ժամանակ առաջ հայկական կողմը ևս փոխել է իր խոսույթը ՀՀ օկուպացված տարածքների հարցում՝ շեշտը դնելով գյուղերի քանակի վրա, որոնց վարչական տարածքները բռնազավթվել են Ադրբեջանի կողմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել էր․
«Ադրբեջանը բարձրացնում է չորս գյուղերի հարցեր, իսկ Հայաստանի Հանրապետությունը` 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքներն օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Քանի որ մենք հավատարիմ ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելուն, մենք ասում ենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, այնտեղ, որտեղ պարզվի Հայաստանն է որոշ տարածքներ հսկողության տակ պահում, որոնք «դե յուրե» պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք «դե յուրե» պատկանում են Հայաստանին, և Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա»։
Փաշինյանի այս հայտարարությունից կարելի է եզրահանգել, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ հրաժարվել Ադրբեջանի կողմից նշվող այդ չորս գյուղերից, եթե Բաքուն իր հերթին համաձայնի զորքերը հետ քաշել 2021 և 2022 թվականին օկուպացված տարածքներից։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի պատրաստվում իր զինված ստորաբաժանումները դուրս հանել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այդ մասին ուղիղ տեքստով հայտարարել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ իր հարցազրույցում։
Այս չորս գյուղերի վերաբերյալ հայտարարությամբ Ադրբեջանը ամենայն հավանականությամբ փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա և Հայաստանի օկուպացված տարածքներից իր զորքերի դուրսբերման հարցի քննարկումը թողնել ապագային։ Այսինքն, Բաքուն նպատակ է հետապնդում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ առանց սահմանային այս հարցերում որևէ հստակության հասնելու, ինչը համապատասխանում է տարածաշրջանում «հաղթողի խաղաղություն» հաստատելու ադրբեջանկան տեսլականին։
Տիգրան Գրիգորյան











