Եվրախորհրդարանը կոչ են անում դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը

Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկում է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։
ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։
Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվ աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև մարդկանց միջև շփումների, անվտանգության, քաղաքական երկխոսության ոլորտներում։
2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։
Բանաձևը դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Բանաձևն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում հարգել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և երաշխավորել նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Ադրբեջանին նաև կոչ է արվում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, որոնք շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ։
Civilnet










