Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ: Այս մասին ապրիլի 4-ին Ազգային ժողովում Հայաստանի եվրաինտեգրման թեմայով լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ երկխոսության գործընթացը երբեք այնքան դինամիկ չի եղել, ինչպես ներկայում։
«Մենք կշարունակենք ջանքեր չխնայելով աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր կապերը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա»,- նշել է ԵՄ դեսպանը։
Մարագոսը նկատել է, որ առաջխաղացում կա նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցության ուղղությամբ։
«ԵՄ-ն դիտարկում է աջակցել ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի հարցում։ Էական աջակցության մասին է խոսքը: Սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։ Եվրամիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և կարգավորմանը»,- հայտարարել է դեսպանը։
***
Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկա դառնա»։
2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Մարտի 9-ին TRT World-ին տված հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։
Civilnet










