Գլխավոր Լրահոս

Բրյուսելի հանդիպման արդյունքները բխում են օբյեկտիվ իրողություններից

Բրյուսելի հանդիպման արդյունքները բխում են օբյեկտիվ իրողություններից

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ գագաթնաժողովը։ 

Այս հանդիպմանը նախորդել էին բազմաթիվ շահարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Հայաստանյան տարբեր մեկնաբաններ մի քանի շաբաթ բավականին բարձր ակնկալիքներ էին ձևավորում հանրության մոտ՝ բրյուսելյան հանդիպումը ներկայացնելով գրեթե որպես շրջադարձային պահ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ 

Ռուսաստանն ու Ադրբեջանը իրենց հերթին հանդիպումը որակում էին որպես Հարավային Կովկասում բաժանարար գծեր ստեղծելու փորձ։ Հետաքրքրական է, որ այս թեմայով Մոսկվայի և Բաքվի ոչ միայն դիրքորոշումներն են նույնական, այլև՝ բառապաշարը։

Այնուամենայնիվ, ի հեճուկս այս բոլոր շահարկումների՝ ինչպես և հայտարարվում էր ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումից առաջ, այն առաջին հերթին տնտեսական ուղղվածություն ուներ։ Գագաթնաժողովի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ նշվեց առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ կողմից 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ի կողմից 65 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին։ Հայտարարությունում խոսվեց նաև Հայաստանի համար ռիսկերը մեղմելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու, ինչպես նաև տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը ամրապնդելու ԵՄ ու ԱՄՆ-ի հանձնառության մասին։

Հանդիպման արդյունքներն առաջին հերթին փաստում են, որ թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում կա գիտակցում, որ Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան երկարատև գործընթաց է, որին պետք է նախորդի առկա կառուցվածքային խնդիրների լուծումը։

Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանից Հայաստանի տնտեսական ու էներգետիկ կախվածությունը մեղմելու անհրաժեշտության մասին է։ Մինչ բրյուսելյան հանդիպումը, Հայաստանի կառավարությունը ռիսկերի գնահատմանն ուղղված հետազոտություններ էր իրականացրել, որոնք կարճաժամկետ կտրվածքով Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում լավատեսության հիմքեր չէին տվել։ Իսկ առանց այդ կախվածության նվազեցման ուղղությամբ համակարգային աշխատանքի արտաքին քաղաքական հարցերում ֆունդամենտալ փոփոխությունների մասին խոսակցությունները միայն տեսական բնույթ կարող են կրել։ 

Այդ առումով բրյուսելյան հանդիպումը կարելի է տվյալ խնդրի լուծման ուղղությամբ Արևմուտքի և Հայաստանի համատեղ աշխատանքի փորձի պաշտոնական մեկնարկը համարել։ 

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ուղիղ տեքստով հայտարարում են, որ Հայաստանին հատկացվելիք գումարներն առաջին հերթին արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի և տնտեսական դիմակայունության ուժեղացմանն են ուղղված լինելու։ Այսինքն, Ռուսաստանից միակողմանի կախվածության թուլացմանը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն այս փուլում պատրաստ են Հայաստանին տնտեսական այլընտրանքներ առաջարկել։ Այժմ խոսքն առաջին հերթին Հայաստանի կողմից՝ Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությամբ, սեփական տնային աշխատանքը կատարելու և միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական դիվերսիֆիկացիան ավելի իրատեսական դարձնելու ջանքերի մասին է։

Կառուցվածքային այս սահմանափակումների արձանագրումը նշանակում է, որ մոտ ապագայում ամենայն հավանականությամբ Երևանի կողմից արտաքին քաղաքական հարցերում կտրուկ քայլեր դժվար է լինելու ակնկալել։ Հայաստանը փորձելու է փոքր քայլերով սերտացնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ միևնույն ժամանակ սիմվոլիկ բնույթի քայլերի և որոշումների միջոցով Մոսկվայից քաղաքական կախվածության նվազեցման իմիտացիա իրականացնելով։ Ըստ ամենայնի, մոտակա ամիսների ընթացքում կարելի է ակնկալել նաև ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների հիմքում ընկած պայմանագրային բազայի թարմացում։ 

ԵՄ-Հայաստան փոխգործակցության խորացման այս փուլային մոտեցումը բխում է օբյեկտիվ իրողություններից, որոնք շատ հաճախ գիտակցաբար անտեսվում են հայաստանյան քաղաքականացված ու գաղափարականացված վերլուծական դաշտի կողմից։ Այդ իրողությունները արտահայտվում են ոչ միայն վերոնշյալ կառուցվածքային խնդիրների տեսքով, այլև Արևմուտքում առկա ռեսուրսների սղության և կասկածելի կարևորություն ունեցող տարածաշրջանում հավելյալ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայության տեսքով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում