Գլխավոր Լրահոս

«5-րդ գումարտակի» գործով ամբաստանյալը պնդում է՝ «ամբողջ մեղքը փորձում են իր վրա բարդել»

«5-րդ գումարտակի» գործով ամբաստանյալը պնդում է՝ «ամբողջ մեղքը փորձում են իր վրա բարդել»

«Լավ, ասենք, Իշխան Վահանյանը մեռել ա, թաղել են, հետո ո՞վ էր էս աթոռին լինելու։ Նենց տպավորություն է, որ Իշխան Վահանյանով սկսվել է՝ Իշխան Վահանյանով ավարտվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ այս աթոռին նստած, ասում են՝ էնա վրեն բարդենք, թող դատվի-գնա»,- դատարանում հայտարարեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով միակ ամբաստանյալ Իշխան Վահանյանը․ «Գործ կա, մեղադրյալը Իշխան Վահանյանն է, վսյո ախպեր, սաղ իմ վրա են քցում ու առաջ գնում»։

Ապրիլի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով նիստը։ Հարցաքննվում էր ամբաստանյալը։

«Սա այն պատերազմն է եղել, որ ով սաղ է մնացել, հրաշք է եղել։ Սա կլասիկ վիճակը չի եղել»,- հայտարարեց Վահանյանը։

2020-հոկտեմբերի 9-ին Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների) տեղափոխել են Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի մարտական դիրքեր։ Հաջորդ օրը սկսվել է հարձակումը։ Ադրբեջանական դիվերսիոն խմբերին հետ շպրտելու համար անտառային բարդ տեղանքում են հայտնվել ոչ ավել ոչ պակաս ուսումնական գումարտակի նորակոչիկներ։ Նրանցից շատերը, եթե ոչ գերակշիռ մեծամասնությունը, մեկ կամ երկու ամսվա զինծառայողներ էին, անգամ մեկ փամփուշտ կրակած չեն եղել, իսկ որոշներն անգամ զինվորական երդում չէին տվել։ Վկաներից մի քանիսի խոսքով՝ նրանցից տուն է վերադարձել 150-ը։ Հիմա դատարանում քննվում է այս գործը, ամբաստանյալի աթոռին ընդամենը մեկ սպա է՝ գումարտակի նախկին հրամանատար Իշխան Վահանյանը, այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։ 

Ամբաստանյալը դատարանում պնդեց, թե ինքը չի փախել, այլ վիրավորվել է ու ստիպված է եղել լքել դիրքերը։

«Փախած լինեի, հոսպիտալից կփախչեի, փախած մարդը ՊՆ չի ներկայանում։ Ամսի 10-ին իրոք չէի կարողանում շարժվել։ Կողերս-մողերս էլի ցավ-մավ կար»,- նշեց Վահանյանը։

Նա նաև վստահեցրեց, թե իր խնդիրն ընդամենը մարտական բնագիծ զբաղեցնելն էր, ոչ թե պաշտպանությունն իրականացնելն այդ հատվածում։

Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ չորս տասնյակից ավելի վկաներ են հարցաքննվել, հետաքրքրվելով, թե ինչով է, ըստ Վահանյանի, պայմանավորված այն հանգամանքը, որ ինչպես ինքն է ասում՝ վկաներն իր դեմ սկսել են ցուցմունքներ տալ։

«Ինձ էտ մարդիկ ասում էին, թե վախենում են, բոլորն իրենց ճնշում են, հարազատները ծեծում են։ Վախենում են, դրա համար իմ դեմ ցուցմունք են տալիս»,- կարծիք հայտնեց ամսբաստանյալը։

Նա նաև ասաց, որ դիրքերը լքելուց առաջ սպաներից Հայկազ Գրիգորյանին տվել է կապի միջոցը, մինչդեռ վերջինս պնդում է, թե նման բան չի եղել։

Հանրային մեղադրողը հիշեցրեց բժշկական փորձաքննության տվյալները, ըստ որոնց՝ Վահանյանը սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 10-ին ստացել էր նույնանման սպիներ, որոնցից առաջինը ավելի փոքր է եղել։ Մինչդեռ սեպտեմբերի 29-ին նա ի վիճակի է եղել շարունակել ծառայությունն, իսկ հոկտեմբերի 10-ին լքել է դիրքերը։

Վահանյանը համառորեն մերժում էր՝ ասելով, որ հոկտեմբերի 10-ի սպին ավելի մեծ է եղել։

Ի դեպ նախորդ, նիստին հրապարակվեց դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը, որը հետազոտել է Վահանյանին պատերազմի ավարտից հետո, ինչպես նաև ուսումնասիրել է բժշկական փաստաթղթերը։ Նա հանգել էր այն եզրակացության, որ վերջինս հոկտեմբերի 10-ին ստացել է մարմնական վնասվածք աջ ազդրի հատվածում։ Ըստ վկայի՝ բեկորային հարված է եղել, որն էլ Վահանյանի առողջությանը թեթև վնասվածք է հասցրել։ Բժիշկը նաև պնդել էր, որ Վահանյանը «միանշանակ կարող էր ինքնուրույն գործողություններ կատարել և հանգիստ տեղաշարժվել»։

Հանրային մեղադրողը մի դրվագ մատնանշեց՝ ըստ դատարանում հնչած ցուցմունքների։ Վկաները պատմել են, թե նահանջի ժամանակ Վահանյանը մեքենայով եկել է, սակայն որոշ վիրավորների չի վերցրել։

«Դանիելյանը (սպաներից մեկը - հեղինակ) այստեղ ցուցմունք է տվել, որ պատերազմից հետո գնացել է Վահանյանին հարցնելու ու աչքերին նայելու, թե ինչի Նյուզգար կոչվող հատվածում իրեն երեք մետրի վրա տեսել է ու չի վերցրել, քանի որ ինքը վիրավոր է եղել»,- վկայի ցուցմունքը հիշեցրեց հանրային մեղադրողը։

Վահանյանը պնդեց, թե նման բան չի եղել․ «Զորամասի հրամանատարից հրաման ենք ստացել՝ ոնց հարմար գտնեք, Աստված ձեր հետ, մտեք, զինվորներին հանեք։ Ամբողջ տարածքն էր հրետակոծվում։ Դանիելյանը պատերազմից հետո երեխաների հետ եկել է իմ տուն, նորմալ զրուցել ենք ու նման բան չի ասել։ Դանիելյանը այդ ժամանակ վիրավոր չի էլ եղել»։

Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ Դանիելյանը հարցաքննվել է դատարանում, սակայն Վահանյանը որևէ բան չի ասել այդ մասին, վերջինս էլ արդարացավ, թե ինքը որոշել էր վերջում խոսել։

Դատական նիստն ընդհատվեց և հարցաքննությունը տեղափոխվեց։ Մինչ դրսում ծնողները սպասում էին փաստաբաններին, որ տեղեկացնեն հաջորդ նիստի մասին, նրանցից մեկը հիշեց Վահանյանի ցուցմունքի այն հատվածը, թե պատերազմից հետո սպաներով հավաքվել են։

«Ընտանիքներով հավաքվել եք, կերուխում եք արել, մի հատ էլ մատաղ արած կլինենք, որ կենդանի եք մնացել։ Մենք այդ ժամանակ հյուր էլ չէինք ընդունում, սուգի մեջ էինք»,- բողոքում էր զոհված զինվորի ծնողը։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ հեղինակի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում