Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար միջնորդ պետք չէ, քանի որ նրանք «հենց իրենց սեփական շահերն են սպասարկում»։ Այդ մասին Ալիևն ասել է մայիսի 1-ին Բաքվում տեղի ունեցած «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» թեմայով Միջմշակութային երկխոսության վեցերորդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։
«Երեսնամյա հակամարտությունից հետո Հայաստանում նույնպես հասկանում են, որ մենք Հարավային Կովկասում խաղաղություն ենք ցանկանում։ Այն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման միջոցով կարող է ձեռք բերվել», ասել է Ալիևը։ Ըստ նրա՝ երկու կողմերի միջև արդեն սկսվել են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։
«Մինչ ես այստեղ ելույթ եմ ունենում, այդ գործը կատարվում է։ Դրան կողմերը հասել են առանց միջնորդների»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի պնդմամբ՝ «երկու կողմերը դրական դինամիկայի միջավայրում շարժվում են ճիշտ խաղաղության ուղղությամբ»։
Civilnet











