Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը․ Ալեն Սիմոնյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մարտի 15-17-ը Ռուսաստանի անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը վերընտրվել էր այդ պաշտոնում՝ հավաքելով ձայների ավելի քան 87 տոկոսը:
ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը Մոսկվա կմեկնի մայիսի 8-ին՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։
Civilnet










