Այթան Ֆարհադովա, OC Media
Բաքվում սպանվել է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Նաթիգ Մեհդին։ Սպանության մեջ մեղադրվում է նույն հիմնարկի աշխատակիցը։
Մեհդիի անհետ կորած լինելու մասին մայիսի 9-ին հայտնել է նրա եղբորորդին, իսկ ՆԳՆ-ն և դատախազությունը նրա մահվան մասին տեղեկությունը հրապարակել են մայիսի 14-ին: Մեհդիին հուղարկավորել են երկու օր անց։
Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ սպանության մեջ մեղադրվում է Մեհդիի գործընկեր Էլսևար Իսլամովը։ «Մուսավաթ» կուսակցության անդամն աշխատել է Բաքվի դպրոցում որպես անվտանգության աշխատակից, իսկ Իսլամովը եղել է դպրոցի ֆինանսական տնօրենի տեղակալը:
«Մուսավաթ» կուսակցության խոսնակ Մուստաֆա Հաջիբեյլին OC Media-ին ասել է, որ հնարավոր է՝ Իսլամովը իշխող կուսակցության անդամ է, և նրանց քաղաքական դիրքորոշումներն են բախման պատճառ դարձել:
«Ընդդիմադիր կուսակցության անդամների համար դժվար է աշխատանք գտնելը, այդ իսկ պատճառով արտերկրում սովորած անձը դպրոցում պահակ էր աշխատում,- ասել է Հաջիբեյլին։- Դա խտրականություն է, բայց նա այլընտրանք չունի, եթե ուզում է ապրել: Մեր կուսակիցները առաջին անգամ չէ, որ բախվում են նման իրավիճակների»։
Հաջիբեյլին հավելել է, որ սպանության դրդապատճառների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ են պահանջվում։
«ՆԳՆ-ն և դատախազությունը հայտնել են, որ սպանությունը տեղի է ունեցել վիճաբանության պատճառով։ Թե ինչի շուրջ է եղել վիճաբանությունը, հայտնի չէ։ Ցավոք, իրավապահ մարմինները, որոնք չեն վախենում հետաքննական գաղտնիքներ բացահայտելուց, այս դեպքում սահմանափակվում են ընդամենը հղում անելով «վեճին»»։
Դատախազության հաղորդագրությունում նշվում է, որ հանցագործը մեղադրվում է առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանության հոդվածով։
«Մուսավաթ» կուսակցության փաստաբան Նեմաթ Քարիմլին OC Media-ին ասել է, որ սպանության մանրամասները չեն հրապարակվել, քանի որ հետաքննությունը շարունակվում է, և որ ինքը տեղյակ չէ այն գործոններին, որոնք նպաստել են «առանձնակի դաժան սպանություն» դասակարգմանը:
«Ներկայում շատ տեղեկություններ չունենք նրա մահվան հանգամանքների մասին»,- ասել է Քարիմլին։
Մուսավաթի նախագահ Իսա Ղամբարը չորեքշաբթի հայտարարություն է տարածել Մեհդիի սպանության վերաբերյալ։
«Որպես «Մուսավաթ» կուսակցություն՝ մենք հայտարարում ենք, որ ցնցված ենք Նաթիգ Մեհդիի սպանությունից և ակնկալում ենք, որ մարդասպանը (կամ մարդասպանները) հնարավորինս շուտ կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն իրավապահ մարմինների կողմից»,- գրել է Ղամբարը։
Civilnet











