Գևորգ Թոսունյան
«Ո՞վ է բանակում ծառայել»․ Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով հունիսի 3-ի նիստին մի պահ ամբաստանյալ Իշխան Վահանյանի հարցաքննությունը փոխակերպվեց ծառայության մասին զրույցի։
Ամբաստանյալին հարցեր էր տալիս տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ Երբ մի պահ դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց միջամտել, փաստաբանը դիմեց դատավորին. «Պարոն դատավոր, Դուք բանակում ծառայե՞լ եք»։ Դատավորը բացասական պատասխան տվեց։ Ամբաստանյալն էր իր հերթին փաստաբանին նույն հարցն ուղղեց, Գրիգորյանը հեգնանքով պատասխանեց, որ չի ծառայել։ Այդ ընթացքում միջամտեց դատավորը՝ «Կարևորը մարդ իր գործին ծառայի»։

Նիստը հունիսի 3-ին մերթընդմերթ թեժանում էր։ Ամբողջ ընթացքում փաստաբան Գրիգորյանն էր հարցաքննում ամբաստանյալին։ Վահանյանը երբեմն չէր կարողանում իր զայրույթը զսպել նրա հարցերից և հայտարարում էր, թե դրանք կրկնվում են։ Այս գործով դատաքննությունն ընթանում է առաջին ատյանի դատարանում։ Ամբաստանյալի աթոռին միայն Իշխան Վահանյանն է՝ այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։
Պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի տեղաշարժը։ Սեպտեմբերի 27-ին ուսումնական գումարտակը եղել է Ջրականի զորամասում, առաջինը հակառակորդը հարվածել է պահեստներին։ Գումարտակը տեղափոխվել է «Չռիկներ» կոչվող տեղամաս, իսկ հոկտեմբերի 4-ին այդ տեղամասից նահանջել է Հադրութ, տեղակայվել քաղաքի դպրոցում ու զորամասում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան գումարտակը հրաման է ստացել դիրքավորվել Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» բարձունքի վրա։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան սկսվել է հրետակոծություն, այնուհետև թիկունքից դիվերսիոն խմբեր են ներթափանցել։ Գումարտակը, կորուստներ կրելով, ցրվել է անտառներում, մի մասը կարողացել է փրկվել, մի մասն էլ անհետ կորած է առ այսօր։ Պատերազմի մեկնարկին՝ սեպտեմբերի 29-ին, զոհվել է գումարտակի հրամանատարը, նրան փոխարինել է Գարիկ Վարդերեսյանը, որին, սակայն, հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատել են, իսկ հաջորդ օրը նշանակել այս գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին։
Դատարանում ամբաստանյալի հարցաքննությունից պարզ դարձավ, որ գումարտակի զինվորներին Խուռհատ բարձունք են տարել Հադրութ քաղաքի հրետակոծության պայմաններում։ Նրանք մինչ սար բարձրանալը եղել են դպրոցում, որի վրա ևս արկ է ընկել։ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք վտանագավոր չէր այդ ժամանակ, երբ քաղաքը հրետակոծվում էր, այդ թվում՝ ԱԹՍ-ների կողմից, զինվորներին տանել սար։
Վահանյանը պատասխանեց, թե այդ հարցի հասցեատերն ինքը չէ՝ հավելելով, որ հրաման է ստացել ու կատարել է։ Ավելին, նա հայտնեց, թե այդ ժամանակ Հադրութում եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք պնդել են, թե պատերազմը ավարտվում է և իրենք գնում են դիրքավորվելու այն հատվածում, որը եղել է նախկին ԼՂԻՄ-ի շփման գիծը։
«Մեզ ասել են, որ կռիվը ավարտվում է, նոր գումարտակ է ձևավորվում, գնացեք Խուռհատ սար, դիրքավորվեք։ Դպրոցում ամենաբարձր պաշտոնյան նախարարի տեղակալ Դավիդովն էր (ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ Բորիս Դավիդովը - հեղինակ)։ Նա ասել է, որ վերջանում է պատերազմը, գնացեք, բնագծերը զբաղեցրեք»,- հիշեց ամբաստանյալը։
Վերջինս պատմեց՝ երբ հասել են սար, հակառակորդի մեքենաներ են նկատել դիմացում, որոնք խոցվել են։ Տեսել են նաև, որ այնտեղ չկան դիրքեր ու խրամուղիներ և ինչով հնարավոր է եղել, խրամատներ են փորել։ Այնուհետև սկսվել է հրետակոծություն, հակառակորդը հարձակվել է տարբեր ուղություններից, այդ թվում՝ թիկունքից։
Գրիգորյանը հետաքրքրվեց՝ որպես գումարտակի հրամանատար Վահանյանը հնարավորություն ունեցե՞լ է հրետակոծության ժամանակ կառավարել զորքին ու տեղակայել անտառում։ Նա պատասխանեց, որ կառավարել է ողջ գործընթացը․
«Հրետակոծության ժամանակ անձնակազմին հրաման է տրվել, որ հետ են քաշվում անտառներ։ Այդ գործողությունները ես կառավարել եմ, անգամ ցուցմունք տվող զինվորներն են ասել, որ ես դա անում եմ։ Ես այդ գծով գնացել ու եկել եմ, անձամբ իմ աչքով եմ տեսել»։
Խուռհատ սարում, ըստ ամբաստանյալի, հրաձգային զենքից վիրավորում կամ զոհ չի եղել։
«Սարի վրա հրաձգային զենքից մենք զոհ չենք ունեցել, մնացածը եղել է դիպուկահարից կամ բեկորային վնասվածք»,- ասաց նա։ Փաստաբանը հետաքրքրվեց, թե երբ են ամբաստանյալից զեկույց պահանջել՝ իր գործողությունների մասին։ Իշխան Վահանյանն ասաց, որ որևէ մեկն իրենից զեկույց չի պահանջել։ Փաստաբանն ամեն կերպ փորձում էր հասկանալ, թե արդյոք ամբաստանյալը հետագայում զեկույց ներկայացրել է վերադասին, Վահանյանը նորից կրկնեց, որ նման բան չի եղել ու միայն հեռախոսազանգ է ունեցել․ «Հարցրել են՝ ապեր, լավ ես, ասել եմ՝ լավ եմ, ու տենց, բայց զեկույց չի եղել»։
Այս նիստը ընդհատվեց՝ պայմանով, որ հարցաքննությունը հաջորդին կշարունակվի։


Լուսանկարները՝ հեղինակի
Civilnet











