Գլխավոր Լրահոս

Լուկաշենկոյի՝ Փաշինյանի հասցեին խոսքը կեղծ է. սկզբնաղբյուրը տելեգրամյան երգիծական էջ է  

Լուկաշենկոյի՝ Փաշինյանի հասցեին խոսքը կեղծ է. սկզբնաղբյուրը տելեգրամյան երգիծական էջ է  

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվ տարածվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքեր՝ իբր նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է տականք (гнида)։ 

Նշվում է, թե Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կոչին, որ ինքը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։ 

«Լսե՛ք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա ներողություն խնդրել։ Ների՛ր սիրելիս, բայց դու ևս մեկ տականք ես։ Մենք մի այդպիսի տականք արդեն ունեինք՝ կանաչ վերնահագուստով […]»,- իբր  հայտարարել է Լուկաշենկոն։ 

Լուկաշենկոյին վերագրվող այս խոսքերը տարածել են hraparak.am, mamul.am, asekose.am, oragir.news, step1.am կայքերը,  Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան էջը, որին հղում են տվել լրատվամիջոցներ, և սոցիալական ցանցերի այլ օգտատերեր։ Հատկանշական է, որ հոդվածներում որևէ հղում չկա սկզբնաղբյուրին, թե որտեղից են վերցրել այս հայտարարությունը։ 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրեց Բելառուսի նախագահի պաշտոնական էջերը, բելառուսական պետական և ոչ պետական լրատվամիջոցները, սակայն որևէ ապացույց չգտավ՝ Լուկաշենկոյի կողմից նման հայտարարության մասին։ Ավելին, վերջին օրերին Լուկաշենկոն լրագրողների հետ որևէ հանդիպում կամ ճեպազրույց չի ունեցել։

Տելեգրամյան ալիքից՝ Հայաստանի լրատվամիջոցներ

Պարզվում է՝ այս խոսքերի հեղինակը տելեգրամյան ալիք է, որը պարոդիայի և քաղաքական սատրիայի ժանրի մեջ հրապարակումներ է անում։

Տելեգրամյան ալիքն այս գրառումն արել է հունիսի 14-ին, առավոտյան 11-ի սահմաններում։ Այն այնուհետև լայն տարածում է գտել տելեգրամյան այլ ալիքներում, ռուսական և ուկրաինական տարբեր ֆորումներում և հասել հայաստանյան լրատվամիջոցներ։ 

Տելեգրամյան տարբեր ալիքներ տարածել են Լուկաշենկոյին վերագրված խոսքերը

Այսպիսով, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքերը կեղծ են։ 

Հունիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նման հայտարարության պատճառ է դարձել Լուկաշենկոյի ավելի վաղ խոսքը, թե ինքը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էր 2020-ին Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հասնելու հնարավորությունների մասին։ 

Փաշինյանի հայտարարությունից հետո Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Հայաստանը և Բելառուսը հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների։ 

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում