Այթան Ֆարհադովա, OC Media
Ադրբեջանցի տղամարդը սպանվել է ոստիկանությունում կալանքի տակ այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել և ծեծի ենթարկել նրա երկու եղբայրների հետ, որոնցից մեկը հաշմանդամություն ունի, հայտնում է OC Media-ն։
Բաքվի հյուսիս-արևմուտքում գտնվող Սումգայիթ քաղաքում բնակվող ադրբեջանցի Թուրխան Իսղանդարովը OC Media-ին ասել է, որ իր եղբայր Էլվին Իսղանդարովը հունիսի 14-ին ոստիկանական կալանքի տակ ծեծի է ենթարկվել:
Նա ասել է, որ Էլվին Իսղանդարովին բերման են ենթարկել ուշ երեկոյան այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձել է միջամտել Էլվինի և մտավոր արատ ունեցող Ջաբրայիլի միջև վեճին։
Թուրխանը OC Media-ին ասել է, որ Ջաբրայիլը ոստիկաններին խնդրել է հեռու մնալ վեճից, սակայն ոստիկանները հարձակվել են Ջաբրայիլի վրա: Էլվինը հորդորել է նրանց դադարեցնել՝ ասելով, որ իր եղբայրը հաշմանդամություն ունի։
Նա նշել է, որ սրճարանի անցորդները հավաքվել են եղբայրների շուրջ և ոստիկաններին ասել, որ Ջաբրայիլը հաշմանդամություն ունի և չի կարող «լիովին հասկանալ իրավիճակը»։
«Նրանք կանանցից մեկին հրեցին և գետնի գցեցին և նրա դեմ [պղպեղի] սպրեյ օգտագործեցին»,- OC Media-ին ասել է Թուրխանը:
Թուրխանը փորձել է ցրել ծեծկռտուքը, սակայն ոստիկանները հարձակվել են նաև նրա վրա։
Լուսանկարում՝ Էլվին Իսղանդարովը։
«Մեզ ծեծելուց հետո տարան ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանները մեզ ծեծեցին նաև բաժանմունքում»։
Այնուհետ Էլվինը բղավել է ոստիկանների վրա, որպեսզի դադարեն ծեծել Թուրխանին, քանի որ նա հիվանդ է, ինչից հետո ոստիկանները մահակով հարվածել են Էլվինի գլխին։ Երեք եղբայրներն ազատ են արձակվել ոստիկանական կալանքից, սակայն, ինչպես Թուրխանի, այնպես էլ ոստիկանության տեսահսկման տեսագրությունների համաձայն, Էլվինն ընկել է ոստիկանական բաժանմունքի դռնից դուրս գալուց հետո:
Նրանց հորեղբայրը ժամանել է ոստիկանական բաժանմունք, որտեղ հայտնաբերել է Էլվինին դեմքով գետին ընկած, և փորձել է վերակենդանացնել նրան մինչև շտապօգնության ժամանումը: Ժամանելուն պես բուժաշխատողներն ասել են, որ Էլվինը մահացել է։
Էլվինի վնասվածքների լուսանկարները, որ տեսել է OC Media-ն, վկայում են, որ նրա մարմինը ծածկված էր մեծ կապտուկներով:
Էլվինի ազգականը OC Media-ին ասել է, որ սրճարանի սեփականատերը աշխատում է նաև ոստիկանությունում։ Նրանք նկատի ունեին, որ դա նշանակում է, որ նա, հնարավոր է, օգտվել է կաշառքի դիմաց աշխատելու պատրաստակամություն ունեցող ոստիկանների խմբերից և այդ եկամուտից տոկոս տրամադրել ոստիկանական բաժանմունքի պետին։
«Սրտի կաթված և լյարդի հիվանդություն»
Էլվինի մահից հետո Ադրբեջանի ՆԳՆ-ն հերքել է, որ ոստիկանները ծեծելով սպանել են նրան՝ պնդելով, թե նա մահացել է սրտի կաթվածից և լյարդի ցիռոզից։
«Ամերիկայի ձայն»-ին տված պարզաբանման մեջ նախարարությունը հայտնել է, որ ոստիկանությունը ուշ գիշերին արձագանքել է Սումգայիթի սրճարաններից մեկում «մի քանի հարբած մարդկանց» միջև ծագած վիճաբանությանը։
«Կողմերի միջև լարվածությունը հարթելուց հետո նրանց բերման են ենթարկել ոստիկանություն։ Նրանցից մեկը՝ Էլվինը, հանկարծ կորցրեց հավասարակշռությունը և ընկավ գետնին ոստիկանական բաժանմունքի դիմաց»։
«Դեպքը տեղի է ունեցել մի քանի մարդկանց, հարազատների, ընկերների, եղբայրների ներկայությամբ և տեսախցիկի ներքո։ Շտապօգնություն է կանչվել, սակայն Էլվին Իսղանդարովը մահացել է»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ըստ բժիշկների՝ նրա մահվան պատճառը եղել է լյարդի ցիռոզը և սրտի կաթվածը»,- հավելել են նախարարությունից։
Իսղանդարովների ընտանիքը կտրականապես հերքում է, որ Էլվինը տառապել է լյարդի կամ սրտի որևէ հիվանդությամբ՝ նշելով, որ նա պարբերաբար բուժզննում է անցել։
Սումգայիթի դատախազություն դիմելուց հետո դատախազությունը Իսղանդարովներին խնդրել է իրենց տրամադրել վկաների ցուցակ՝ ապացուցելու, որ Էլվինին սպանել են ոստիկանները։
Դատախազությունը ցույց է տվել Իսղանդարովների կադրերը, թե ինչպես են եղբայրներին ոստիկանական բաժանմունքում պահում, սակայն ընտանիքն ասում է, որ տեսանյութը մշակվել է ոստիկանների կողմից, և միայն երևում է, որ Էլվինը հեռանում է բաժանմունքից և ընկնում դրա դիմաց։
Նախկին իրավապաշտպան Յալչին Իմանովը OC Media-ին ասել է, որ դատախազության պարտականությունն է հավաքել ապացույցներ և գտնել միջադեպի վկաներ:
«Սա Էլվինի հարազատների պատասխանատվությունը չէ։ Եթե սա պահանջում է դատախազը, դա լրիվ անօրինական է։ Միգուցե դատախազությունը որոշի կարճել այս գործը՝ առանց քրեական գործ հարուցելու»։
Իսղանդարովները OC Media-ին ասել են, որ ոստիկանությունն արդեն հայտնաբերել է վեճի և Էլվինի մահվան վկաներին և սպառնացել նրանց։
Civilnet











