Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը փորձելու է նոր պատերազմ սանձազերծել՝ էքստերնալացնելով տնտեսության ճշգրտումների քաղաքական ծախսերը

Ադրբեջանը փորձելու է նոր պատերազմ սանձազերծել՝ էքստերնալացնելով տնտեսության ճշգրտումների քաղաքական ծախսերը

Վահրամ Ռևազյան 

Հայաստանի հանրային դիսկուրսում երկար ժամանակ տարածված է եղել Ադրբեջանի սպառվող նավթի և դրանից բխող այդ պետության «անխուսափելի կործանման» մասին նարատիվը։ Էմպիրիկ փաստերով չամրապնդված այդ նարատիվի պատճառով հասարակության մի ստվար հատված թերագնահատում էր Ադրբեջանը և նրա ռեսուրսային հնարավորություննեը, իսկ մեկ այլ հատվածի մոտ էլ ընդհանրապես կասկածի տակ էր դրվում այդ նարատիվի իրատեսական լինելու հնարավորությունը։ 

Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ «Ադրբեջանի հեռանկարները սպառվող նավթային ռեսուրսների պայմաններում» հետազոտությունը փորձում է լրացնել այդ բացը և  ցույց է տալիս, որ թեպետ 90-ականներին այդ նարատիվը ժամանակավրեպ էր, այսօր այն այդքան էլ հեռու չէ իրականությունից։ Հետազոտությանը ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ ստորև ներկայացնում ենք հետազոտության ամփոփ նկարագիրը։

  1. Տնտեսության էներգակիրներից կախվածությամբ Ադրբեջանը համաշխարհային առաջատարներից է։ Նավթով և բնական գազով են պայմանավորված ՀՆԱ-ի 40 տոկոսը, բյուջեի եկամուտների 50 տոկոսը և արտահանման 90 տոկոսը: Այս ցուցանիշների համադրությամբ Ադրբեջանը զիջում է միայն Իրաքին, Քուվեյթին և Կատարին։
  1. Ադրբեջանում նավթի արդյունահանումը խիստ կենտրոնացված է. արդյունահանման մոտ 60 տոկոսը և նավթագազային եկամուտների 90 տոկոսը բաժին է ընկնում Ազերի-Չիրաղ-Խորջրյա Գյունեշլի (այսուհետ՝ ԱՉԳ) հանքին։ Նավթի և գազի արդյունահանման հիմնական մասը իրականացնում են BP ընկերության ղեկավարած կոնսորցիումները։
  1. ԱՉԳ հանքում նավթի արդյունահանումը շարունակում է անկում ապրել, հանքում առկա ռեսուրսները կբավարարեն առավելագույնը 7 տարի արդյունահանումը շարունակելու համար, իսկ մինչ այդ հանքում արդյունահանումը աստիճանաբար կնվազի։ ԱՉԳ-ին փոխարինող նոր հանք գտնելու հավանականությունը չնչին է. 80-ականներին ԱՉԳ հանքը հայտնաբերերելուց հետո Ադրբեջանում, չնայած անընդհատ հետազոտություններին, նոր խոշոր նավթահանք չի հայտնաբերվել։
  1. Ադրբեջանում բնական գազի արդյունահանումը նույնպես խիստ կենտրոնացած է, արդյունահանման 70 տոկոսը բաժին է ընկնում Շահ Դենիզ հանքին։ Այս պահին Ադրբեջանի գործող հանքերում բնական գազի արդյունահանումը մեծացնելը անհնար է առանց մեծածավալ կապիտալ ներդրումների, իսկ դեպի ԵՄ գազի արտահանումը ապահովող գազատարները աշխատում են իրենց թողունակության սահմանի վրա։ Դեպի ԵՄ բնական գազի արտահանումը կրկնապատկելու համար Ադրբեջանը ստիպված է լինելու մեծածավալ ներդրումներ ներգրավել բնական գազի արդյունահանումը և գազատարների թողունակությունը մեծացնելու մեջ։ Այդ ներդրումների ներգրավումը այս պահին խնդրահարույց է, քանի որ Ադրբեջանը և ԵՄ-ն չեն կարողանում համաձայնության գալ դեպի ԵՄ նոր գազի ծավալների արտահանման պայմանների շուրջ։ ԵՄ-ն չի ցանկանում Ադրբեջանի հետ բնական գազի արտահանման նոր երկարաժամկետ պայմանագրեր կնքել, որոնք անհրաժեշտ նախապայման են Ադրբեջանում բնական գազի արդյունահանման և ենթակառուցվածքների թողունակության ընդլայնման մեջ ներդրումները եկամտաբեր դարձնելու համար։
  1. Գազի արդյունահանումը ավելացնելով՝ Ադրբեջանը չի կարող փոխհատուցել նավթից եկամուտների անկումը. նույնիսկ 2022 թվականին, երբ ԵՄ-ում բնական գազի գները գերազանցել են 2010-20 թվականների միջին մակարդակը մոտ 6 անգամ, Շահ Դենիզ հանքից գոյացող բնական գազից եկամուտների կշիռը Ադրբեջանի նավթագազային ընդհանուր եկամուտներում կազմել է մոտ 30 տոկոս, իսկ բնական գազի նորմալ գների պայմաններում բնական գազից եկամուտները չեն կարող գերազանցել նավթագազային ամբողջ եկամուտների 10-15 տոկոսը։
  1. ԱՉԳ հանքից եկամուտների անկումը նշանակում է, որ Ադրբեջանը ուշ թե շուտ տնտեսության մեջ զգալի ճշգրտումներ անելու անհրաժեշտության առաջ է կանգնելու, իսկ նավթի բարձր գները կարող են միայն որոշակիորեն հետաձգել այդ օրը։ Նավթի 50 դոլար գնի դեպքում SOFAZ-ի եկամուտները արդեն իսկ բավարար չէին լինի պետական բյուջեն անհրաժեշտ չափով ֆինանսավորելու համար, 70 դոլար գնի դեպքում նման իրավիճակ կառաջանար ամենաուշը 2026 թվականին, իսկ 90 դոլար գնի դեպքում՝ 2027-ին։
  1. Չնայած անկախության տարիների պետական մեծ կապիտալ ներդրումներին, Ադրբեջանին այդպես էլ չի հաջողվել երկրում որակյալ մարդկային կապիտալ ձևավորել։ Սա նշանակում է, որ տնտեսության մեջ ճշգրտումները Ադրբեջանին ցավոտ են տրվելու, քանի որ տնտեսական աճը կենտրոնացած է եղել նավթագազային և դրանից ածանցված ոլորտներում։ Սրա հետ համադրելի է այն փաստը, որ զբաղվածության մեջ գյուղատնտեսության կշիռը վերջին 20 տարիների ընթացքում մնացել է շուրջ 40 տոկոս, իսկ ուրբանիզացիայի աստիճանը չի փոխվել։
  1. Ադրբեջանը իր պետական կապիտալ ծախսերի մոտ կեսը կենտրոնացրել է օկուպացված Արցախի վերակառուցման վրա։ Վերակառուցումը Ադրբեջանի տնտեսության համար հսկայական բեռ է, նույնիսկ 2021-23 թվականներին, երբ Ադրբեջանի համար արտաքին տնտեսական միջավայրը խիստ բարենպաստ էր, Ադրբեջանը ստիպված է եղել մոտ երկու անգամ կրճատել Բաքվի և Ադրբեջանի մնացած շրջանների տարածքում իրականացվող կապիտալ ծախսերը և դրանք ուղղել Արցախի տարածքում ենթակառուցվածքների շինարարության վրա։ Բացի դրանից այդ տարածքներում նախատեսվում է վերակառուցել 100 բնակավայր, որոնց մի մասի շինարարությունը ընթացքի մեջ է։ Նույնիսկ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո նշված տարածքների վերակառուցման պլանները չեն փոխվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները վստահ են, որ կարող են բնակեցնել այդ բնակավայրերը։ 2023 թվականի արդյունքներով Ադրբեջանը կարողացել է ընդամենը մոտ 4500 մարդ տեղափոխել նշված տարածքներ, և կան նախանշաններ կարծելու, որ Ադրբեջանին չի հաջողվելու հասնել այդ տարածքների պլանավորված վերաբնակեցմանը։
  1. Նշված տարածքները հարուստ չեն բնական ռեսուրսներով, մշտական բնակչություն չկա, փախստականներին վերադարձնելը խնդրահարույց է, և եթե նույնիսկ Ադրբեջանին հաջողվի այդ տարածքներ մի քանի տասնյակ հազար մարդ տեղափոխել, ապա միևնույն է, այդ տարածքներում բնական ռեսուրսների սակավության և Ադրբեջանում գյուղատնտեսության ցածր արտադրողականության պատճառով Արցախում հսկայական ներդրումները չեն բերելու Ադրբեջանի տնտեսության պոտենցիալի նշանակալի փոփոխության: Ադրբեջանի իշխանությունները, քաջատեղյակ լինելով տնտեսության կառուցվածքային խնդիրներին, պետական կապիտալ ծախսերը ուղղում են ոչ թե տնտեսության կառուցվածքային դեֆորմացիաները շտկելու և տնտեսության անհավասարակշռությունները մեղմելու ուղղությամբ, այլ՝ Արցախի վերակառուցման, ինչը շտկելու փոխարեն էլ ավելի է խորացնելու դրանք:
  1. Ադրբեջանի տնտեսության կախվածությունը ԱՉԳ հանքից բացարձակ է, հանքի ռեսուրսների սպառումը Ադրբեջանի տնտեսությունը տանելու է կոլափսի և Ադրբեջանը մտցնելու է սոցիալ-քաղաքական ցնցումների փուլ։ Այս պայմաններում Ալիևների համար իշխանությունը պահելու երկու ճանապարհ կա։ Առաջինի դեպքում Ադրբեջանի իշխանությունները ստիպված են լինելու գնալ տնտեսության մեջ խորքային ռեֆորմների, որոնք ենթադրելու են տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի մեծացում և տնտեսության մեջ ռեսուրսների ապակենտրոնացում։ Նշված ռեֆորմները սպառնալիք են Ալիևների իշխանության համար, քանի որ Ադրբեջանում ավտորիտար քաղաքական համակարգը և պետության ձեռքում կենտրոնացված տնտեսական համակարգը փոխկապակցված են և սնուցում են մեկը մյուսին, այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունները խուսափելու են գնալ տնտեսության արդիականացման համար անհրաժեշտ ռեֆորմների։
  2. Մյուս լուծումն է երկիրը պատրաստել պատերազմի և տնտեսական սպասվող խնդիրներից հասարակության դժգոհությունը փորձել ուղղել դուրս՝ Հայաստանի դեմ։ Սա նշանակում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը պայմանավորված է ոչ այնքան և ոչ միայն հայկական կողմի գործողություններով, որքան Ադրբեջանի տնտեսական խնդիրներով։ Քանի դեռ Ադրբեջանում պահպանվում է առկա քաղաքատնտեսական համակարգը, Ադրբեջանի իշխանություններին անհարժեշտ է արտաքին թշնամի, որով կարելի է պայմանավորել երկրի խնդիրները և հասարակության դժգոհությունները ուղղել դեպի այդ թշնամի։
  3. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է  նոր պատերազմին. 2020-24 թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն կրկնապատկվել է, բանակում թուրք խորհրդականների օգնությամբ բարեփոխումներ են իրականացվում։ Նոր պատերազմի նախպատրաստվելու Ադրբեջանի՝ գետնի վրա գրանցած արդյունքները ակնհայտ են. 44-օրյա պատերազմից հետո շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանը հետևողականորեն նորանոր բարենպաստ բարձունքներ ու բնագծեր է զբաղեցրել՝ հաջորդ ագրեսիայի համար ստեղծելով ավելի բարենպաստ ելման դիրքեր։ Նպատակուղղված ռազմավարության միջոցով Ադրբեջանը կարողացավ Արցախի շուրջ ստեղծել այնպիսի ռազմաքաղաքական իրավիճակ, որը անհնար դարձրեց Արցախի պաշտպանությունը և հնարավոր դարձրեց Արցախի հայաթափումը։ Արցախի վերջնական օկուպացիան ուժերի բալանսը էլ ավելի թեքեց դեպի Ադրբեջանը։
  4. Նախորդող շարադրանքից հետևում է, որ Ադրբեջանը մինչև տնտեսության վերահաս կոլափսը փորձելու է ջախջախել Հայաստանը՝ զրկելով նրան դիմադրելու հնարավորությունից. քանի դեռ Ադրբեջանում գործող սոցիալ-տնտեսական համակարգը պահպանվում է, իսկ աշխարհաքղաքական կոնյուկտուրան և գետնի վրա ուժերի բալանսը Ադրբեջանին դա թույլ են տալիս անել, Ադրբեջանը փորձելու է Հայաստանի առաջ նորանոր պահանաջներ դնել և ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանից կորզել դրանք։ Այս պայմաններում Հայաստանի համար օպտիմալ ռազմավարությունը մեկն է՝ Ադրբեջանի համար հաջորդ պատերազմի գինը բարձրացնել և այդ պատերազմը հնարավորինս հետաձգել, քանի որ ի տարբերություն 90-ականների այս անգամ ժամանակը Հայաստանի օգտին է աշխատում։ Նոր պատերազմից խուսափելու միակ տարբերակը հաջորդ պատերազմի գինը Ադրբեջանի համար այնքան բարձրացնելն է, որ Ադրբեջանը մինչև տնտեսության վերահաս կոլափսը ուղղակի չհասցնի նոր պատերազմի դիմել, ինչը սակայն քիչ հավանական է, քանի որ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Հայաստանի դեմ նոր պատերազմի գինը Ադրբեջանի համար այնքան է իջել, որ նոր լայնամասշտաբ պատերազմից դժվար թե հնարավոր լինի խուսափել։ Այնուամենայնիվ նույնիսկ այս պայմաններում Հայաստանը ռեսուրսների գերլարման հաշվին կարող է չպարտվել հաջորդ պատերազմում, ինչը նախապայմաններ կստեղծի, որ Ադրբեջանում տնտեսության սպասվող կոլափսից հետո Հայաստանը վերականգնի տարածաշրջանում իր կորցրած դիրքերը։

Վահրամ Ռևազյանը տնտեսագետ է, «Ադրբեջանի հեռանկարները սպառվող նավթային ռեսուրսների պայմաններում» վերնագրով գրքի հեղինակը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում