Միացյալ Նահանգների դատարանի որոշմամբ՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագանձվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։ Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Խաչատրյաններին պատկանող գույքի բռնագանձման գործընթաց սկսվել էր 2022-ին։ Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել էին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։
«Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ 2011-ին Խաչատրյանները գույքը գնել են հայ գործարարի կողմից տրամադրված միջոցներով։ Խոսքը Սեդրակ Առուստամյանի կողմից Խաչատրյաններին փոխանցված 22,4 մլն դոլարի մասին է։
«Գագիկ Խաչատրյանի որդիները պնդում էին, որ այդ միջոցները որպես փոխառություններ են տրամադրվել գործարարի կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգները դրանք դիտարկում է գումարներ, որոնք բազմիցս տրամադրվել են առանց մարման, օգտագործվել են որպես կաշառք: Վճարումները նաև քրեական հետապնդման առարկա են Հայաստանի Հանրապետությունում»,-նշված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հաղորդագրությունում։
Ըստ դրա՝ առանձնատունը կվաճառվի և դրա 85 տոկոսը կփոխանցվի ԱՄՆ-ին, մյուս 15 տոկոսը փոխանցվելու է Խաչատրյաններին և նրանց ընկերությանը։ ԱՄՆ-ին անցնող 85 տոկոսը մասնակիորեն կամ ամբողջությամբ կարող է փոխանցվել Հայաստանին։
Ըստ «Հետք»-ի՝ առանձնատան շուկայական արժեքը 2023-ի օգոստոսի դրությամբ 46,5 միլիոն դոլար էր։
Civilnet











