Գլխավոր Լրահոս

Բնակարանի վարձի գնի փոփոխություն չի նախատեսվում․ ֆեյսբուքյան էջերը մոլորեցնում են

Բնակարանի վարձի գնի փոփոխություն չի նախատեսվում․ ֆեյսբուքյան էջերը մոլորեցնում են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքյան մի շարք էջեր լուր են տարածել, թե բնակարանների վարձավճարների հետ կապված փոփոխություն է նախատեսվում։

«Լավ լուր՝ վարձով բնակվողների համար․ վարձի գնի չափերի հետ կապված փոփոխություն է նախատեսվում» վերտառությամբ գրառում են արել «Երկիր Հայրենի»  (251 000 հետևոր), Ipress.am (48 000 հետևորդ), Լրատվություն (82 000 հետևորդ), «1 լայք 1 պոզիտիվ» (70 000 հետևորդ) ֆեյսբուքյան էջերը։ 

Գրառման հետ կցված են հղումներ Ipress.am, news-time.am, mediablog.am կայքերից: Հղման մեջ առկա հոդվածում մեջբերում է արվում Iravaban.net կայքից: Գրառումը, սակայն, մոլորեցնող է, քանի որ հոդվածում ոչ թե նշվում է բնակարանների վարձավճարի փոփոխության մասին, այլ, ընդհանուր առմամբ, վարձակալների համար պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու արդարադատության նախարարության նախագծի մասին։ 

Ընդ որում, iravaban.net-ի հոդվածը հրապարակվել է ոչ թե վերջերս, այլ 2023-ի մարտին։ Վարձավճարների վերաբերյալ նախագծում նշվում է, որ վերջին ժամանակներում (խոսքը, ըստ երևույթին, 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում բնակարանների վարձերի թանկացման մասին է) բնակարանների վարձակալության բնագավառում առաջացած գնաճն անբարենպաստ հետևանքներ է թողել Հայաստանի քաղաքացիների համար: Իսկ բնակարանների վարձավճարի չափը շատ դեպքերում համադրելի չէ  քաղաքացիների ստացած միջին ամսական եկամուտի հետ:

«Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն զսպել վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական և անկայուն աճը»,- ասված էր նախագծում։

Չնայած ֆեյսբուքյան էջերն ակտիվ տարածում են այս լուրը՝ նշելով, որ բնակարանների վարձի փոփոխություն է լինելու, այնուամենայնիվ 2023-ին հրապարակված այս նախագիծը այդպես էլ չի ընդունվել։ 

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ «օրենքի նախագիծը ներառվել է 2023-ի հունիսի 12-ի պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի օրակարգ, բայց ստացել է բացասական դիրքորոշում»:

«Որոշում է կայացվել հարցը կարգավորել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագծում անշարժ գույքի կառավարման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև 01.12․2023 թվականին ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի շրջանակներում»,- ասված է պատասխանում:

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերի գրառումները մոլորեցնող են, քանի որ նախագիծը չի ընդունվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում