Գլխավոր Լրահոս

Կալանավորվածներն ավելացե՞լ են դատապարտյալների համեմատ․ ի՞նչ են ցույց տալիս թվերը

Կալանավորվածներն ավելացե՞լ են դատապարտյալների համեմատ․ ի՞նչ են ցույց տալիս թվերը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ազգային ժողովի օգոստոսի 12-ի նիստում ասել է, որ կալանավորված և պատիժը կրող անձանց թվերի հարաբերակցության առումով առաջընթաց կա․ պատիժը կրող անձանց թիվն ավելի մեծ է, քան կալանավորվածներինը։ 

«Վերջապես այս տարի արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը»,- ասել է Ջուլհակյանը:

#CivilNetCheck-ը գնացել է Արուսյակ Ջուլհակյանի պնդման հետքերով։

Ի՞նչ են ցույց տալիս վերջին տվյալները 

Այն, որ Հայաստանի քրեական արդարադատության համակարգում կալանքը ամենահաճախ կիրառվող խափանման միջոցներից մեկն է, պարբերաբար ահազանգել են նաև իրավապաշտպանները։ Վերջին տարիներին կալանավորվածների թիվը մշտապես գերազանցել է դատապարտյալների թվին։ 

Տես՝ Ավելի շատ կալանավոր, քան դատապարտյալ․ Հայաստանում կալանքը շարունակում է գործել որպես պատիժ

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 2025-ի ընթացքում, դատապարտյալների թիվը եղել է 1,462, իսկ կալանավորվածներինը՝ 1,392։ Այսինքն՝ 2025-ին դատապարտյալների թիվը 70-ով գերազանցել է կալանավորվածների թվին։

2026-ի օգոստոսի 1-ի դրությամբ դատապարտյալների թիվը հասել է 1,640-ի, իսկ կալանավորվածներինը՝ 1,421-ի։ Այսպիսով, վերջին տվյալներով ևս դատապարտյալների թիվը գերազանցում է կալանավորվածների թվին։

Այս մասին դեռևս 2026-ի մարտին խոսել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա նշել էր, որ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցել է կալանավորվածների թվին։ 

Ինչպիսի՞ն է եղել պատկերը նախկինում

Վերջին տարիներին՝ 2021-ից սկսած, կալանավորվածների թիվը մշտապես գերազանցել է դատապարտյալների թվին։ 2021-ից 2024-ն ընկած ժամանակահատվածում կալանավորվածների թիվը միջինում շուրջ 200-ով ավելի է եղել, քան դատապարտյալներինը։ 

Մինչև 2018-ը, սակայն, հակառակ պատկերն էր․ դատապարտյալների թիվը զգալիորեն գերազանցում էր կալանավորվածների թվին։ Այս համատեքստում պետք է հաշվի առնել նաև, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ 2018-ի նոյեմբերին համաներում հայտարարվեց։ 

Դրա արդյունքում 650 դատապարտյալ ազատ է արձակվել, իսկ մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափ կրճատվել է։ 

2021-ից իրավիճակը փոխվել է․ կալանավորվածների թիվն արդեն գերազանցում է դատապարտյալների թվին՝ 1217 կալանավորված և 911 դատապարտյալ։ 

Կալանավորվածների և դատապարտկալների հարաբերակցությունը

Եթե դիտարկենք կալանավորվածների և դատապարտյալների հարաբերակցությունը, ապա դատապարտյալների համեմատ կալանավորվածների ամենացածր հարաբերակցությունը եղել է 2014-ին։ Այդ տարի յուրաքանչյուր 100 դատապարտյալի դիմաց եղել է մոտ 40 կալանավորված։ Հետագա տարիներին այդ հարաբերակցությունն ընդհանուր առմամբ աճել է՝ 2020-ին հասնելով մոտ 87-ի։

2014-2025-ի ընթացքում դատապարտյալների համեմատ կալանավորվածների ամենաբարձր հարաբերակցությունը գրանցվել է 2021-ին․ յուրաքանչյուր 100 դատապարտյալի դիմաց եղել է մոտ 134 կալանավորված։

Կալանավորվածների թվի նվազման վրա կարող է ազդել նաև այլընտրանքային միջոցների կիրառումը։ Ազատազրկմանը այլընտրանքային միջոցների կիրառման շրջանակում Հայաստանում գործում է նաև պրոբացիայի համակարգը։ 

Պրոբացիայի ծառայության գործունեության ամփոփման ժամանակ այս տարվա՝ 2026-ի, փետրվարին հայտարարվել էր, որ 2025-ին ծառայության շահառուների թիվը կազմել է 20132, մինչդեռ նախորդ տարի՝ 2024-ին, այն եղել է 13212։ 

Այսպիսով, 2021-2024-ի բացասական միտումից հետո 2025-ին իրավիճակը փոխվել է, և պատիժը կրող անձանց թիվը կրկին գերազանցում է կալանավորվածներին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում