2023-ի կարճատև պատերազմը Ստեփանակերտի «26-րդ դիրքում»․ Արմեն Ազիզյանի պատմությունը

2023-ի սեպտեմբերի 18-ի առավոտյան հակատանկային Արմեն Ազիզյանը առողջական խնդիրների պատճառով ազատվեց մարտական հերթապահությունից։ 19-ամյա Ժամկետային-պայմանագրային զինծառայողը Ստեփանակերտի «ՑՕՐ» զորամասում էր, երբ հաջորդ օրը սկսվեց պատերազմը։
Հրաձգային զենքերի կրակոցները զորամասում աստիճանաբար ավելի ուժեղ էին լսվում:
Հրամանատարությունը փնտրում էր, թե ում կարելի է օգնության ուղարկել Ստեփանակերտի «26 դիրք» (հեղ․՝ Ստեփանակերտի բարձունքներում գտնվող տեղանքի պատմական անվանում, որտեղ հայերը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ նույնանուն դիրք են ունեցել)։

«Ասում եմ՝ մենք ենք գնում, ո՞ւմ պիտի ուղարկեք»,- պատմում է Արմենը։ Թեև այդ տեղանքը իրենց համար անծանոթ էր։
Կեսգիշերին Արմենն ու նրա ընկերը «Ֆագոտը» (հակատանկային զենք) տեղադրում են Ստեփանակերտի բարձունքներում։

Ձորից աղմուկ-աղաղակը շատանում էր, ու հակառակորդի ձայները արդեն լսելի էին։ Ներքևից էլ տանկ էր աշխատում, որը հասանելի չէր «Ֆագոտի» համար։
Սեպտեմբերի 20-ի լուսաբացն էր:
«Գցիր այդ «Ֆագոտը», գնում ենք»,- Արմենին ասաց գլխավոր շտաբից օգնության եկած փոխգնդապետը։
«Ասում եմ՝ գնացեք, պարոն փոխգնդապետ, էսա գալիս եմ։ Իմ մասին էր մտածում, երևի գիտեր, որ վերջը այսպես է լինելու։ Նկատում է, որ ոգիս տեղն է, չի ուզում այն կոտրել, ասում է՝ պրծիր ու արի»,- պատմում է Արմենը։
Արմենը «Ֆագոտը» վնասում է ու սպասում ադրբեջանցիներին։ Երևում են ադրբեջանական չորս «կոմանդոականներ»։
«Սպասում եմ մոտենան։ Առջևից մի եզ էր, «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տալիս ու «Ալլահ Աքբար» կանչում։ Հետևից եկածներն էլ էին բղավում։ Մտածեցի, որ սրանք զգոնությունը կորցրել են, որ գոռգոռում են, ու մոտ 15 մետրից փրթեցի»,- ասում է Արմենը։
Արմենի խոսքով՝ ադրբեջանցիների՝ տարբեր ուղղություններից գրոհող խմբերը մի պահ նաև իրար վրա կրակ բացեցին։
Իսկ հայկական զորքերը նահանջում էին դեպի Ստեփանակերտի մատույցներ։
Արմենն այդ պատերազմում կորցրեց իրեն հարզատ դարձած 50-ամյա սպային, որի հետ ծանոթացել էր «26»-ում։
«Իրար կպած էինք։ Անունը Գարիկ էր, հորս անունն է։ Ասում եմ՝ Գարիկ ձյաձ (ռուս․՝ дядя, հորեղբայր), որ զոհվեմ, ինձ չթողնես էստեղ, ես էլ քեզ եմ խոսք տալիս, որ մինչև իմ մեռնելը քեզ հանելու եմ։ Ինձ է նայում, ծիծաղում, գրկում ինձ, իրար գրկում ենք։ Էդ մեր վերջին զրույցն էր։ Տեղս փոխում եմ, դիրքավորվում եմ, որ տեղս չգտնեն։ Գնդակները սուլելով գալիս էին, ձեռքս տաքանում է, կիտելս բացվում է, գիտեի թե ինձ է կպել։ «Ախ» եմ լսում, թվում է, թե ես եմ այդ «ախ»-ը արձակել, որովհետև ձեռքս տաքացած էր։ Միլիվայրկյանների պատմություն էր։ Կես պահեստատուփ ունեի, դատարկում եմ դիպուկահարի կրակած ուղղությամբ։ Հետո հետ եմ շրջվում, տեսնում Գարիկ ձյաձը թափանց վիրավորվել է մարմնից։ Գրկում եմ․․․ ձեռքերումս մահանում է»,- պատմում է Արմենը։
Զինվորն իր խոստմանը հավատարիմ՝ տղաների հետ սպային սկսում է հանել։ Ադրբեջանցի դիպուկահարը վնասում է նաև Արմենին։ Այտի շրջանում թափանց վնասվածք է ստանում։
«Չգիտեմ, թե այդ ադրենալինի տակ ինչքան ենք վազում դեպի մերոնց։ Տղերքը ասում են՝ սա՞ղ ես, ասում եմ՝ բա ինչ։ Բռոնիկս (զրահաբաճկոն) հանում եմ, գնում՝ մոտները։ Ասում եմ՝ օգնեք՝ գամ ձեզ մոտ։ Ասում են՝ սնայպերը խփում է։ Գնում եմ Խաչի մոտ (հեղ․՝ գտնվում է Ստեփանակերտի «Պառալելնի» թաղամասում), մի ավտո է գալիս ինձ վերցնում։ Իմ պատմությունը սրանով ավարտվում է»,- ասում է Արմենը։

19-ամյա զինվորը երեք վիրահատություն է տարել և սպասում է հերթականին։ Արմենը ներկայում իր մեծ ընտանիքի հետ բնակվում է Մասիս քաղաքում և որոշել է կահույքագործ դառնալ։ Ընդհանրապես ցանկություն չուներ խոսել բանակային թեմաների մասին, և ոչ մի կերպ չհամաձայնեց լուսանկարվել։ Ճարտարեցի Արմենին չցանկացա երկար հակաճառել։
Սպայի մարմինը, որին Արմենը Գարիկ ձյաձ էր ասում, հանել են և չեն թողել հակառակորդի դաշտում։
««26»-ից մինչև Ստեփանակերտի «Պառալելնի»․ մի դասակի պատմություն» հոդվածը, որում շուտով կավելացվի նաև Արմենի պատմությունը, կարող եք կարդալ այս հղումով։
Հայկ Ղազարյան
Տեղադրություն
Civilnet










