Գլխավոր Լրահոս

«Քո անունը կին է, մայր, քույր»․ ինչ տեսա «Աբովյան» քրեակատարողականում

«Քո անունը կին է, մայր, քույր»․ ինչ տեսա «Աբովյան» քրեակատարողականում

«Հիշիր, որ քո անունը կին է, մայր, քույր»․ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ամեն անկյունում դաստիարակչական պաստառներ են։ Խորհրդային տարիներին կառուցված բանտը տասնամյակներ անց պահպանել է Սովետի ոգին ու ապրում է նույն կենսակերպով։

«Դաստիարակությունը մեծ գործ է, դրանով վճռվում է մարդու ճակատագիրը»․ պատին փակցված այս մեծ պաստառը քրեակատարողական հիմնարկ ոտք դրած յուրաքանչյուր անձի ծանոթ է կամ յուրաքանչյուր լրատվամիջոցի էկրաններում հայտնվել է։ 

Այս ամենը շատ նման է զորամասերի միջավայրին, մի տարբերությամբ՝ բանտում հիմնականում դաստիարակչական կամ օրենքի պահանջից բխող գրություններ են, զորամասերում՝ Ազգային հերոսների մտքեր։

«Չար ու դաժան մարդը երբեք երջանիկ լինել չի կարող»․ այսպես ամեն անկյունում։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ամեն անկյունում դաստիարակչական պաստառների մի մասը

Բանտի ներսում՝ չորրորդ հանրակացարանի դռան կողքին, բաց կապույտ ու սպիտակ պատին վարդագույն փղիկ է, ձեռքում նորից գրություն։ 

Երկրորդ հարկում կիսաբաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների կացարանն է։ Այս բանտում կան նաև կանայք, որոնք պահվում են խցերում, քանի որ փակ ռեժիմով են պատիժը կրում, ինչպես նաև կալանավորներ ու անչափահասներ։ 

Կիսաբաց ուղղիչ հիմնարկի ամենամեծ կացարանը նախատեսված էր հարյուրի հասնող դատապարտյալի համար, սակայն ներկայում պատիժ է կրում մոտ տասը։ 

Բանտային աշխատակիցների հետ վերլուծում էինք՝ ի՞նչն է պատճառը, որ նվազել է կանանց թիվը քրեակատարողական հիմնարկում, կանայք սկսել են քիչ հանցագործություննե՞ր գործել Հայաստանում, թե՞ հազվադեպ են բռնվում։ Պատճառներից մեկն էլ տնային կալանքն ու անազատությունից զրկելու այլընտրանքային մեթոդները կարող են լինել։

Ներկայում Աբովյան քրեակատարողական հիմնարկում պահվում է 27 կին դատապարտյալ և 45 կալանավոր։

Մեզ տարան Աբովյան քրեակատարողական հիմնարկի նոր վերանորոգված մասնաշենքի միջանցք։ Երբ ներս մտանք, մի կին էր պատին ամրացված հեռախոսով զրուցում, դիմացը՝ մանկասայլակ, մեջը՝ երեք տարեկան սևահեր մի աղջիկ։ Փոքրիկը ժպտում էր ու այդպես ժպտալով էլ հեռախոսազանգից հետո բանտային աշխատակիցը նրանց ուղեկցեց դեպի կացարան, որի ճաղերն այդ ժամանակ բաց էին, նրանք ներս մտան, բանտային աշխատակիցը նախ դուռը կողպեց, հետո՝ ճաղերը։ 

Փշաքաղվելու տեսարան էր․ փոքրամարմին մայրը, պուճուր ու պայծառ մի երեխա ու փակված դուռ, ճաղեր։ Կինը գտնվում է կալանքի ռեժիմում, մի քանի դրվագներով խարդախություններ է արել, իսկ նրա դուստրը ծնվել է բանտում։

Բանտի այգում մեկումեջ երևում էին դատապարտյալները՝ այգին մաքրելիս։ Մի անկյունում Մարիան էր՝ պերուացի բանտարկյալը, որն արդեն տասը տարի է՝ այստեղ է։ Հայերեն էլ սովորել է հենց բանտում։

Աբովյան քրեակատարողական հիմնարկի զարդն էլ այս գեղեցիկ հուշարձանն էր։ 

Տիեզերանավ, որ մի քանի պտույտ կատարելով երկրի առանցքի շուրջ՝ թռչում է դեպի տիեզերական անվերջություն։

Լուսանկարները՝ հեղինակի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում