Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում թալիշ հետազոտողին ձերբակալել են Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ աշխատելու մեղադրանքով 

Ադրբեջանում թալիշ հետազոտողին ձերբակալել են Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ աշխատելու մեղադրանքով 

Այթան Ֆարհադովա, OC Media

Ադրբեջանի իշխանությունները դավաճանության և ազգամիջյան ատելություն սերմանելու մեղադրանքով ձերբակալել են ազգությամբ թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովին։

Չորեքշաբթի Աբիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չորսամսյա նախնական կալանքը։ Հաղորդվում է, որ նրան արգելել են տեսակցել մարդկանց, այդ թվում՝ ընտանիքի անդամներին: Աբիլովին Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկուշաբթի Ադրբեջանի հարավում գտնվող Բալա Կոլատան գյուղում։

Կառավարամետ Qafqazinfo.az լրատվական կայքը հայտնել է, որ Աբիլովը մեղադրվում է Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ աշխատելու համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ «գործողություններ կազմակերպելու», «տարբեր երկրներից խառնարար ուժերի ներգրավման» և «էթնիկական հողի վրա ատելություն և թշնամություն առաջացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու» հոդվածներով։

Թալիշ հետազոտողը մեղադրվում է հայ ակադեմիականների հետ Skype-ով «գաղտնի բանակցությունների և գործարքների» համար։ Շոշափվում է Երևանի Ռուս-Հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Գառնիկ Ասատրյանի անունը, որին Ադրբեջանում մեղադրում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ նպատակաուղղված աշխատանք տանելու մեջ»։

Qafqazinfo կայքը հաղորդել է, որ Աբիլովը կասկածվում է նաև «Վարդան Ոսկանյանին և Հայաստանի հատուկ ծառայության կազմակերպության հետ կապ ունեցող մյուսներին օգնություն ցուցաբերելու մեջ»։ Վարդան Ոսկանյանը Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչն է։

Աբիլովը Բելառուսում գործող Թալիշի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և համանուն ամսագրի խմբագիրը։ Կազմակերպությունն ամսագիրը բնութագրում է որպես «թալիշների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված միջազգային առաջին գիտական ​​հրատարակություն»։

Աբիլովի հայրը՝ Շահին Աբիլովը, հերքել է որդուն ուղղված բոլոր մեղադրանքները։ Նա OC Media-ին ասել է, որ Աբիլովը, որը մանկուց ապրել է Բելառուսում, «Կովկասից մինչև Չինաստան» բազմաթիվ էթնիկ փոքրամասնությունների է հետազոտել,,այդ թվում՝ թալիշների։

Նա ասել է, որ որդուն Պետական ​​անվտանգության ծառայությունն առաջին անգամ մոտեցել է հունիսի 22-ին, երբ ոստիկանները նրան վեց ժամով հարցաքննության էին տարել: Հայրն ասել է նաև, որ որդուն հարցրել են տարբեր մարդկանց հետ ունեցած նրա հանդիպումների մասին։ Աբիլովն Ադրբեջանում հանդիպել և կապ է պահպանել բազմաթիվ մարդկանց հետ, որոնցից մի քանիսը էթնիկ թալիշներ են։

Շահին Աբիլովն ասել է, որ հաջորդ օրը որդին փորձել է լքել երկիրը, սակայն նրան կանգնեցրել են օդանավակայանում և առգրավել անձնագիրն ու հեռախոսը:

Թալիշների իրավունքներն ու մշակույթը տասնամյակներ շարունակ զգայուն թեմաներ են Ադրբեջանի իշխանությունների համար։ 1993-ին հարավային Ադրբեջանում հայտնվեց կարճատև անջատողական միություն, որն իրեն անվանեց Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետություն: Շուտով նրա ղեկավարը ձերբակալվեց։

Դրանից հետո Ադրբեջանը հաճախակի է ձերբակալել թալիշ ակտիվիստների և մշակույթի գործիչների, այդ թվում՝ դավաճանության մեղադրանքով։

2020-ի նոյեմբերին թալիշ պատմաբան և ակտիվիստ Ֆախրադդին Աբբասովը մահացավ բանտում, որտեղ նա 16 տարի պատիժ էր կրում դավաճանության համար։

2021-ի ապրիլին թալիշ բլոգեր Ասլան Գուրբանովը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ «ազգային ատելություն հրահրելու» համար։

Ադրբեջանի թալիշների հասարակական խորհրդի 2021-ի զեկույցը, որը պաշտպանում է երկրում թալիշների իրավունքները, դատապարտում է Ադրբեջանի կառավարությանը թալիշերենը, ինքնությունը կամ սեփական լեզվով կրթություն ստանալու իրավունքները չհարգելու համար:

«Թալիշները որպես ժողովուրդ չեն ճանաչվում Ադրբեջանի կառավարության կողմից,- ասվում է զեկույցում։- Կառավարությունը թալիշներին փաստացի ձուլելու քաղաքականություն է վարում»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում