Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն առաջին անգամ են հանդիպելու հայ-թուրքական սահմանին, մինչ այս հանդիպումները կայացել են Մոսկվայում և Վիեննայում։
Մինչև Հայաստանի արտգործնախարության հայտարարությունը սահմանին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին հայտնել էր թուրք լրագրող Սենա Ալքանը՝ նշելով, որ առավոտյան հանդիպումն անցնելու է Հայաստանում, իսկ կեսօրից հետո՝ Թուրքիայի տարածքում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։
2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։
https://civilnet.am/news/790293/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1-%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf/
Civilnet











