Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է համարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման դեպքում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները շարունակական բնույթ են կրում։ Գործընթացի դրական հանգուցալուծման դեպքում մենք պետք է մեր սցենարն ունենանք։ Այս պահին գործողություններն այդ ուղղությամբ են։ [Գործընթացի] ավարտի պարագայում դրական սցենարը կակտիվացնենք, այլ կերպ ասած՝ կարող ենք բացել մեր սահմանային դուռը»,- թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը։
***
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները երեք անգամ հանդիպել են Վիեննայում, մեկ անգամ՝ հայ-թուրքական սահմանին։
2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։
Օրերս՝ հուլիսի 30-ին, երկու երկրների սահմանին կայացած հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։
Civilnet











