Գլխավոր Լրահոս

Տեղահանված արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին աջակցություն կտրամադրվի

Տեղահանված արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին աջակցություն կտրամադրվի

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց: Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ծրագրի շրջանակում գործատուները կարող են ստանալ երեք ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով գումար՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։ «Իսկ եթե կազմակերպեք ԼՂ-ից բռնի տեղահանված անձի աշխատանքային պրակտիկան Ձեզ մոտ՝ երեք ամիս ժամկետով, կստանաք ամսական 165,000 դրամ՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ևս 3 ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում»,- ասված է հաղորդագրությունում։

Գործատուն ֆինանսական աջակցություն կստանա, եթե աշխատանքի ընդունի 2023-ի սեպտեմբերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված անձի, 2020-ին տեղահանվածների դեպքում ծրագիրը չի գործում։

«Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023-ի սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, որոնք հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- հաղորդում է գերատեսչությունը։

Ծրագրով շահառուների թվի հետ կապված սահմանափակում նախատեսված չէ։

«Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով կամ վերադարձնել որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում վճարված գումարը»,- նշում են նախարարությունից։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում