Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում ու լրատվամիջոցներում օգոստոսի 19-ին լայնորեն տարածվել է մի տեսանյութ, որին կից գրառումներում պնդում է արվում, թե նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին` ժամը 23:00-23:15-ն ընկած ժամանակահատվածում, թուրքական Bayraktar TB2 տիպի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) Թուրքիայից մուտք է գործել Հայաստանի օդային տարածք:
Տարածված 15 վայրկյանանոց տեսանյութում Flightradar24.com կայքից էկրանի տեսագրություն է, որում երևում է «S48» ազդականչով ԱԹՍ, որը հատել է Հայաստանի պետական սահմանը Արարատի մարզի ուղղությամբ:
Տեսանյութը նախ շրջանառվել էր տելեգրամյան հայկական մի շարք ալիքներում, այնուհետև դրա մասին հաղորդեցին Lurer.com, News.5tv.am, mamul.am, yerevan.today, livenews.am, hayeli.am, panorama.am, asekose.am և այլ կայքեր: Տեղեկությունը հատկապես մեծ տարածում էր ստացել քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջում գրառումից հետո։
#CivilNetCheck-ը գնացել է տարածվող տեսանույթի հետքերով։
Ինչպե՞ս է ԱԹՍ-ն «հայտնվել» Հայաստանի տարածքում
Ինչպես նշեցինք, տարածվող տեսանյութը վերցված է օդանավերի թռիչքների դիտարկման Flightradar24 առցանց հարթակից։ #CivilNetCheck-ը Flightradar24-ում գտել է նշված թռիչքի տվյալները:
Օգոստոսի 18-ին, Երևանի ժամանակով 18։00-ից սկսած՝ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի մոտ միանգամից երկու թռչող միջոց է հայտնվել՝ «S48» և «TCTB2» ազդականչերով ԱԹՍ-ներ։ Առաջինը համացանցում շրջանառված տեսանյութի ԱԹՍ-ն է, իսկ մյուսը՝ Bayraktar TB2 հետախուզա-հարվածային ԱԹՍ-ն։

Flightradar24-ում այս թռիչքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամբողջ ընթացքում դրանց հետագծի ցուցադրումը բազմիցս խափանվել է, և թուրքական ԱԹՍ-ները մի քանի անգամ քարտեզում մի պահ ցուցադրվել են նախ Իրանի, ապա Հայաստանի օդային տարածքներում:
Նման անճշտությունները Flightradar24-ում հաճախ են պատահում՝ օդանավերի կամ ԱԹՍ-ների տեղադիրքի հաղորդիչներից ստացվող տվյալների անկայունության պատճառով: Այդպիսի դեպքում առցանց հարթակը հաճախ ինքն է լրացնում օդանավերի և ԱԹՍ-ների ենթադրյալ հետագիծը։
Օգոստոսի 18-ի թռիչքների ամբողջական տեսագրության մեջ արդեն երևում է, որ ԱԹՍ-ների թռիչքների թարմացված տվյալներով հետագծերը չեն հատում ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Իրանի սահմանը։
Պատճառն այն է, որ Flightradar24-ը օդանավի տվյալները՝ ընթացիկ դիրքը, բարձրությունը, արագությունը և այլն, ստանում է օդանավի կամ ԱԹՍ-ի ADS-B հաղորդիչից (տրանսպոնդերից) ցամաքային ընդունիչների միջոցով։ Անկայուն կապի կամ միտումնավոր ստեղծված խանգարումների պատճառով կարող է ցուցադրվել օդանավի կամ ԱԹՍ-ի սխալ տեղադիրք:
Ավելին, ըստ Flightradar24-ի՝ Թուրքիայի հյուսիսային հատվածները և Հայաստանի հարավային սահմանները մշտապես գտնվում են GPS խլացուցիչների ազդեցության տակ։

Առհասարակ, ռազմական ԱԹՍ-ները կամ օդանավերը կարող են չմիացնել հաղորդիչը և չփոխանցել իրենց տեղադիրքը կամ նույնիսկ դիտավորյալ տեղադիրքի կեղծ տվյալներ փոխանցել։
Ավելի վաղ #CivilNetCheck-ը անդրադարձել է Flightradar24 հարթակում հնարավոր տեխնիկական սխալների և անճշտությունների թեմային։
Փաստացի, համացանցում շրջանառվող 15 վայրկյանանոց տեսանյութը մոլորեցնող է, և թռիչքների ամբողջական տեսագրությունը վկայում է, որ «S48» ազդականչով ԱԹՍ-ն Հայաստանի օդային տարածք չի ներխուժել։
Թռչող օբյեկտը, հավանաբար, Bayraktar TB2-ը չէ
Flightradar24-ի տվյալների համաձայն՝ «S48» ազդականչով ԱԹՍ-ն նշված թռիչքի ընթացքում երբեմն զարգացրել է մինչև 350-385 կմ/ժ արագություն: Սա չի համապատասխանում Bayraktar TB2-ի տեխնիկական բնութագրին, որի առավելագույն արագությունը 222 կմ/ժ է, իսկ միջին աշխատանքային արագությունը՝ 130 կմ/ժ:
Թռիչքի ընթացքում «S48»-ի արագությունն ավելի շատ համապատասխանում է թուրքական Baykar ընկերության նորագույն AKINCI ԱԹՍ-ին, որի աշխատանքային արագությունը 277 կմ/ժ է, իսկ առավելագույնը՝ 445 կմ/ժ։ Բացի այդ, «S48» ազդականչը համապատասխանում է AKINCI ԱԹՍ-ների սերիական արտադրության մոդելների «S» նշումով ազդականչներին։

Թուրքիան ստանում է հետախուզական տվյալներ՝ առանց Հայաստանի տարածք ներխուժելու
Ժամանակ առ ժամանակ թուրքական և ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները Հայաստանի սահմաններին միացնում են իրենց տեղադիրքի հաղորդիչները, և առաջին անգամ չէ, որ դրանք Flightradar24-ի հարթակում տեխնիկական խնդրի պատճառով «հատում են» Հայաստանի օդային սահմանը։
Օգոստոսի 17-ին թուրքական մեկ այլ ԱԹՍ առցանց հարթակի քարտեզում մի պահ հայտնվել էր Հայաստանի օդային սահմաններից ներս։

Սակայն, ինչպես մյուս դեպքում, այս անգամ էլ ԱԹՍ-ի թռիչքի թարմացված տվյալներով՝ հետագիծը Հայաստանի օդային սահմանը չի հատում։
Ընդհանուր առմամբ, օգոստոսի 16-19-ը թուրքական բազմաթիվ հետախուզական միջոցներ են հայտնվել Flightradar24 հարթակի ռադարում Հայաստանի հետ սահմանին։ Այդ թռիչքներով Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար հետախուզական տվյալներ են ստանում Հայաստանի և իրենց այլ հարևան երկրների զինված ուժերի տեղակայման, սահմանային իրավիճակի, ռազմավարական օբյեկտների վերաբերյալ։
Այսպես, օգոստոսի 12-ին ադրբեջանական Caliber.az-ը hրապարակել էր «Զվարթնոց» օդանավակայանում կայանված ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող Boeing C-17 բեռնատար ինքնաթիռի լուսանկարները։ Չնայած հայաստանյան իշխանամերձ տելեգրամյան ալիքների հերքումներին՝ օգոստոսի 2-ին իրոք Երևան էր ժամանել ԱՄՆ-ին պատկանող Boeing C-17A ռազմական ինքնաթիռ։

Լուսանկարների տեղորոշումը վկայում է, որ դրանք արվել են Թուրքիայի Իգդիր քաղաքի ուղղությունից, ենթադրաբար՝ հետախուզական ԱԹՍ-ների կողմից։ Այդ ուղղությունում Թուրքիայի հետ սահմանից մինչև «Զվարթնոց» ընդամենը 15-18 կմ է։
Այսպիսով, սոցցանցերում տարածված պնդումները, թե թուրքական Bayraktar TB2 տիպի ԱԹՍ-ն մուտք է գործել Հայաստանի օդային տարածք, մոլորեցնող են: Թռչող օբյեկտի արագության մասին տվյալները չեն համապատասխանում Bayraktar TB2-ի տեխնիկական բնութագրերին: Փաստացի, տեսանյութում ցուցադրված տվյալները կա՛մ տեխնիկական խափանման արդյունք են, կա՛մ դիտավորյալ կեղծված տեղեկատվություն:
CivilNetCheck
Civilnet











