Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս Բաքվում աղմկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, որ Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։
Լավրովի այս հայտարարությանը արձագանքեց ՀՀ արտգործնախարարությունը՝ հերքելով ռուսաստանցի պաշտոնյայի պնդումները ու կասկածի տակ դնելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը»:
Երևանի և Մոսկվայի միջև հեռակա փոխհրաձգությունը շարունակվեց հաջորդ օրը, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, Երևանին մեղադրեց սեփական սխալները ուրիշների վրա բարդելու մեջ և փորձեց կոնկրետ օրինակներով ապացուցել, որ Հայաստանի իշխանություններն էին ժամանակին հրաժարվել ապաշրջափակման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններից։
Ռուսական կողմի ակտիվացումը հենց այս թեմայով հասկանալի է։ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Մոսկվայի համար Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում ազդեցության լուրջ մակարդակ պահպանելու տարբերակներից մեկը հենց Սյունիքի տարածքով անցնող հաղորդակցության վրա ներկայություն ունենալն է։
Հատկանշական է, որ այս հայտարարություններն արվում են այն բանից հետո, երբ և՛ Երևանը, և՛ Բաքուն հրապարակայնորեն հաստատել են, որ համաձայնության են հասել ապաշրջափակման վերաբերյալ պարբերությունը հանելու խաղաղության պայմանագրի տեքստից։
Մյուս գործոնը, որը հավանաբար դրդել է Մոսկվային ակտիվանալու այս հարցով, ԱՄՆ փորձերն են Բաքվի և Երևանի համար ընդունելի լուծումների հասնելու ապաշրջափակման գործընթացում։ Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ'բրայենի` վերջին ամիսների հայտարարությունների մասին է։ Օ'բրայենը արդեն մի քանի անգամ հրապարակավ ասել է, որ Հայաստանի հարավով անցնող հաղորդակցության բացումը կարող է զգալիորեն նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։
Նախորդ տարվա վերջին Օ'բրայենը խոսել էր նաև այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է տեղի ունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Այդ սկզբունքներից առանցքայինը ռուսական ներկայության բացառումն է։ Վաշինգտոնը կողմերի հետ ինչ-որ փուլում քննարկում էր նաև այդ սկզբունքները կյանքի կոչելու տեխնիկական տարբերակները՝ առաջ քաշելով հաղորդակցության վրա վերահսկողությունը մասնավոր ընկերության վստահելու գաղափարը։ Ակնհայտ է, որ այս ամենը չէր կարող աննկատ մնալ Մոսկվայում։
Այնուամենայնիվ, Լավրովի՝ Բաքվում արված հայտարարությունը, ինչպես նաև Զախարովայի պնդումը, թե Հայաստանը հրաժարվել է ստանձնած պարտավորություններից, այս փուլում պարզապես ակտուալ չեն։ Անվտանգային ճարտարապետությունը և տարածաշրջանային դասավորությունը, որոնց պայմաններում քննարկվում էին այս հարցերը, այլևս գոյություն չունեն։
Այս դե ֆակտո հանգամանքը դե յուրե իրողություն դարձնելու համար Հայաստանը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։
Հայաստանում գոյություն ունի կարծիք, որ այս քայլը կարող է հավելյալ ռիսկեր ստեղծել տարածաշրջանային կայունության համար, քանի որ այդ հայտարարությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Երևանի և Բաքվի միջև զինադադարի ռեժիմը կարգավորող միակ փաստաթուղթն է։
Այդ մտահոգություններն այս փուլում չափազանցված են։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը բազմաթիվ ռազմական գործողություններ է իրականացրել ինչպես Հայաստանի դեմ, այնպես էլ Արցախում՝ ի վերջո հասնելով իր գլխավոր նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատմանը։ Այդ առումով ակնհայտ է, որ տվյալ փաստաթուղթը որևէ զսպող դեր չի կարող ունենալ։ Իսկ Հայաստանի դեմ նոր հարձակում իրականացնելու մտադրության դեպքում Ադրբեջանը պատրվակներ գտնելու խնդիր չի ունենալու։
Մոտեցումը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից կարելի է պաշտոնապես հրաժարավել միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ևս խոցելի է։ Հաշվի առնելով Ադրբեջանի նախապայմանները՝ մոտ ապագայում այդ փաստաթղթի ստորագրման հեռանկարները ևս մշուշոտ են։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից եկող հնարավոր սպառնալիքներին, ապա, հաշվի առնելով ուկրաինական ճակատում տիրող իրավճակը, Մոսկվան դժվար թե պատրաստ լինի լուրջ ռեսուսներ օգտագործել Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար։ Ավելին, վերջին մեկ տարվա զարգացումները ցույց են տալիս, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը այս փուլում Ռուսաստանի հետ հարաբերություններում կարողանում են որոշ հարցերում հասնել այնպիսի արդյունքների, որոնց նախկինում անհնար էր հասնել։
Տիգրան Գրիգորյան











