Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է․ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Ներկա պահին Հայաստանը և Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։
Վարչապետի աշխատակազմից «Արմենպրես»-ին հայտնել են, որ կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։
«Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,- ասել են վարչապետի գրասենյակից։
***
Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերը մինչև հուլիսի 1-ն արդեն պետք է ավարտին հասցրած լինեին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, որից հետո պետք է մեկնարկեր «դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը»։
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանված ժամկետում չէին համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագծերը։ Հուլիսի 1-ին Հայաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ հանձնաժողովներն ընդամենը «միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը»։
Civilnet










