Գլխավոր Լրահոս

Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում․ համակարգին մարտահրավեր նետողները

Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում․ համակարգին մարտահրավեր նետողները

Այթան Ֆարհադովա, OC Media

Քչերն են կասկածում, թե ինչպիսին կլինեն Ադրբեջանում սեպտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, որոշ անկախ թեկնածուներ դեռ փորձում են մարտահրավեր նետել գործող համակարգին:

«Այսօր իմ դիտորդներից մեկին [Գուլար Ֆարաջովային], հրավիրել են ոստիկանություն՝ հարցաքննության»,- ուրբաթ սոցցանցի իր էջում գրել է Նեֆթչալայի շրջանի ընտրատարածքում որպես անկախ թեկնածու առաջադրված Վաֆա Նաղին։

Նաղին նշել է, որ Ֆարաջովային ոստիկանություն են կանչել իր մրցակից Թանզիլա Ռուստամխանլիի աշխատակազմի անդամի բողոքի հիման վրա:

Նաղին ասել է, որ թեև Նեֆթչալայի ընտրատարածքում առաջադրված է 11 թեկնածու, ոչ բոլորն են իրականում հետաքրքրված քարոզարշավ անցկացնելով:

OC Media-ի հետ զրույցում Նաղին ասել է, որ թեկնածուների թիվը պայմանավորված է նրանով, որ «[Կենտրոնական ընտրական] հանձնաժողովը կցանկանար ավելի շատ «ոչ ակտիվ» մարդկանց հավաքել՝ ձայները բաժանելու համար»:

Նաղիի խոսքով՝ ինքը դրական աջակցություն է ստացել ընտրողների կողմից, որոնք, ըստ նրա, հետևում են գործընթացին, ասես այն «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միջև ֆուտբոլային խաղ լինի:

Աջակցության այս ուղերձները ստացվել են՝ չնայած խոչընդոտներին, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններն ստեղծել են Նաղիի քարոզարշավի համար։

«Տեղական կառավարման մարմինները մոբիլիզացվել են ի պաշտպանություն Թանզիլա Ռուստամխանլիի և նույնիսկ նրա մանիֆեստն են փակցրել պետական ​​հաստատությունների պատերին, ինչն օրենքով արգելված է»,- ասել է Նաղին:

Նեֆթչալայի շրջանը գտնվում է մայրաքաղաքից մոտ 170 կիլոմետր հեռավորության վրա և հայտնի է նրանով, որ 2020-ի մունիցիպալ ընտրություններում նախկինում այստեղ պայքարել են Նաղին և քաղաքային խորհրդի ղեկավարը, այն բանից հետո, երբ նա՝ Նաղին, ի զարմանս շատերի, ընտրվեց տեղի քաղաքային խորհրդում:  

2020-ի ընտրությունների ժամանակ հրապարակվեցին պաստառներ, որոնք փորձում էին վարկաբեկել Նաղիին՝ նրան պատկերելով լողափում՝ լողազգեստով նստած և «Լեդի Գագա» մակագրությամբ։ Լուսանկարը՝ Վաֆա Նաղիի։


Նաղին ասում է, որ ակտիվորեն օգտագործում է սոցիալական մեդիայի հարթակները, որպեսզի հրապարակի օրենքի բոլոր խախտումները, որ տեղի են ունենում իր քարոզարշավի ընթացքում։ Հրապարակումներից մեկում Նաղին տեղեկացնում է, որ Ռուստամխանլիի քարոզարշավին աջակցող պաստառներ են փակցված եղել պետական ​​կառույցների շենքերին: Ավելի ուշ նա տեսագրել է Ռուստամխանլիի թիմի անդամներին, որոնք պատռում են պաստառները:

Նաղիի թիմի անդամ Գուլար Ֆարաջովան OC Media-ին ասել է, որ չի ներկայանա ոստիկանական բաժանմունք՝ չնայած այն բանին, որ իրեն կանչել են:

«Որովհետև ես ոչ մեկի իրավունքները չեմ ոտնահարել, ոչ մեկին չեմ վիրավորել, և ես հասկանում եմ, որ ոստիկանության այս զանգը պարզապես ինձ վախեցնելու համար էր»,- ասել է նա։

Ֆարաջովան նշել է, որ Նեֆթչալայում իրեն բոլորն են ճանաչում և գիտեն, թե ինչպես է իր ընտանիքը պայքարում տեղական իշխանության դեմ միայն այն պատճառով, որ իր հայրը ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ է եղել:

Թողրուլ Ալլահվերդին, որը բողոք է ներկայացրել Ֆարաջովայի դեմ, OC Media-ին ասել է, որ դիմելու է դատարան այն նվաստացումների և վիրավորանքների համար, որոնք, ինչպես ինքն է պնդում, իրեն հասցվել են սոցիալական ցանցերում:

«Ինձ, ընտանիքիս և նույնիսկ երեխաներիս վիրավորել են թրոլները, Վաֆա Նաղիին և նրա թիմի անդամներին ճանաչող մարդիկ, և մենք դատական ​​միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։

Ալլահվերդին հերքել է նաև այն մեղադրանքները, որ իր ղեկավար Թանզիլա Ռուստամխանլին վիրավորանքներ է կիրառում Նաղիին թիրախավորելու համար՝ հայտարարելով, որ ընտրատարածքում շատ կանայք են աշխատում, և Ռուստամխանլին հարգում է նրանց։

Ռուստամխանլին պաշտոնապես առաջադրվել է որպես ընդդիմադիր «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության անդամ, սակայն քչերն են նրան համարում իրական ընդդիմություն իշխանությանը. նա 2020-ին նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Շոհրաթ» (փառքի) շքանշանով:

Ռուստամխանլին առաջադրվել է այն բանից հետո, երբ նրա ամուսինը և «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության ղեկավար Սաբիր Ռուստամխանլին, որը նախկինում երկար տարիներ Նեֆթչալայի պատգամավորն էր, որոշեց այս անգամ չառաջադրվել։ Ռուստամխանլիներից և ոչ մեկն ամուր կապեր չունի Նեֆթչալայի հետ:

Սաբիր և Թանզիլա Ռուստամխանլիները, լուսանկարը՝ սոցցանցերից:

Ժառանգվում է սերնդե սերունդ

Թանզիլա Ռուստամխանլին ընտանիքի միակ անդամը չէ, որը, ըստ երևույթին, կարող է ժառանգել պատգամավորական մանդատը:

Հուլիսի 17-ին նախագահ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հրապարակեց ընտրությունների իր թեկնածուների ցուցակը։ Նրանցից 66-ը նոր թեկնածուներ էին։

Այնուամենայնիվ, ոչ բոլորն էին իսկապես նոր: Ալի Ահմադովը, Մուբարիզ Գուրբանլին, Խանլար Ֆաթիևը, Սայյադ Արանը և Էյվազ Գուրբանովը նախկինում եղել են պատգամավորներ, չնայած նրանք չեն մասնակցել 2020-ին տեղի ունեցած վերջին ընտրություններին:

Մյուսները, որոնք որոշել են հետ կանգնել և չառաջադրվել վերընտրվելու նպատակով, կարծես թե նման քայլի են գնացել, որպեսզի առաջադրվեն իրենց երեխաները: Օրինակ՝ նոր թեկնածուներից Սամիր Վալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայիս պատգամավոր Ահմադ Վալիևի որդին է:

Մեկ այլ թեկնածու՝ Մահիր Սուլեյմանլին, նախկին պատգամավոր Թահիր Սուլեյմանովի որդին է, մյուսը՝ Գյունայ Աղամալին, նախկին պատգամավոր Ֆազաիլ Աղամալիի դուստրն է։

Այնուամենայնիվ, մեկ այլ օրինակ է Այգյուն Մանիևայի դեպքը․ նա հոր պաշտոնն էր զբաղեցրել  Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչն ընկալվեց որպես չափազանց աչքի ընկնող քայլ։ Հետագայում նրան փոխարինեց մեկ այլ թեկնածու՝ Փարվանա Փիրիևան:


Թեկնածու, որն ընտրվել է ընտրություններից առաջ՝ «վերևից» եկած հրահանգով

Նախընտրական քարոզարշավի սկսվելուն պես տեղեկություններ սկսեցին տարածվել, թե որ թեկնածուներին են «վերևից ընտրում»։

Օգոստոսի 26-ին համացանցում հրապարակվեց Նեֆթչալայի շրջանային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ալաքբար Զահիդովի մասնակցությամբ ձայնագրությունը, որում վերջինս պնդում էր, թե Թանզիլա Ռուստամխանլին է հաղթելու:

Ձայնագրությունը Զահիդովի և տեղի մի բնակչի միջև տեղի ունեցած հեռախոզազրույցն էր։

«Դե գիտես, Սաբիրն [Ռուստամխանլին] է Գահրամանլար գյուղի ճանապարհները սարքել։ Ընտրություններից առաջ նա նաև վերանորոգել է տոնավաճառին հարող ճանապարհները։ Գիտեի՞ր այդ մասին,- ասում է նա ձայնագրությունում,- Ոչ ոք թույլ չի տա, որ ուրիշն ընտրվի»։

Այնուհետև նա տեղացի զրուցակցին ասում է, որ չաջակցեն Վաֆա Նաղիին։

OC Media-ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով մեկնաբանության համար, սակայն պատասխան չի ստացել։

Իրավապաշտպան Բաշիր Սուլեյմանլին OC Media-ին ասել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է պաշտոնական միջոցներ ձեռնարկի այս միջադեպի առնչությամբ, և որ Վաֆա Նաղին պետք է այս գործով դիմի Գլխավոր դատախազություն։

«Ինչպե՞ս կարող է օրինական ճանապարհով որոշվել ընտրությունների արդյունքը, եթե այս դեպքն ազդում է ընտրությունների արդյունքի վրա նույնիսկ ընտրություններից առաջ»,- հարցադրում է արել Սուլեյմանլին:

Նաղին ասել է, որ դիմել է Գլխավոր դատախազություն և սպասում է պատասխանին։

Սակայն նրա դեպքը միակը չէ: «Տեղական ինքնակառավարման ​​մարմինները մարդկանց բերում են իշխանամետ թեկնածուների հանդիպումներին»,- ասել է մեկ այլ անկախ թեկնածու Ռաշադ Դադաշովը։

Վերջինս Նեֆթչալա-Սալյան-Բիլասուվար ընտրատարածքում պայքարում է նախկին պատգամավոր Ֆազայիլ Աղամալիի դստեր՝ Գյունայ Աղամալիի դեմ։

«Մենք տեղեկություններ ունենք, որոնք ապացուցում են, որ նա օգտագործում է տեղական իշխանության աջակցությունը, և որ մարդիկ նրա հանդիպումներին հավաքվել են պետական ​​կառույցների «օգնությամբ»,- ասել է նա։

Դադաշովը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները «վերևից ընտրված» թեկնածուներին աջակցություն ապահովելու համար կիրառել են մի շարք հարկադրական միջոցներ, այդ թվում՝ դադարեցրել են գյուղերի ջրամատակարարումը։

«Աղամալիի հետ հանդիպումների համար նրանք օգտագործում են պետական ​​գործակալության աշխատակիցներ դպրոցներից, մանկապարտեզներից, հիվանդանոցներից և այլն: Եթե մարդիկ հրաժարվում են միանալ հանդիպումներին, տեղական մարմինները սպառնում են, որ պետական ​​կառույցները կհրաժարվեն նրանց ծառայություններ մատուցելուց»,- ասել է նա:

Նաղին քիչ պատրանքներ ունի առ այն, որ իրեն թույլ կտան հաղթել, սակայն շարունակում է քարոզարշավը տեղի համայնքից ստացած աջակցության համար։

«Երբեմն ինձ թվում է, թե գուցե ինքնակոչ եմ, և որ այս ամենը ճիշտ չէ, սակայն հետո ամեն անգամ հանդիպում եմ ժողովրդի աջակցությանը»,- ասել է նա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում