Այթան Ֆարհադովա, OC Media
Ադրբեջանում կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող կուսակցությունը և անկախ թեկնածուները, որոնք, ենթադրաբար, փոխկապակցված են իշխանությունների հետ, ստացել են մանդատների մեծամասնությունը։ Հաղորդվում է, որ ընտրություններն անցել են խախտումներով։
Ինչպես հայտնում է Turan գործակալությունը, քվեարկության արդյունքներով՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը մեծամասնություն է ապահովել խորհրդարանում՝ ստանալով 67 մանդատ։
Ըստ գործակալության՝ 45 մանդատ ստացել են անկախ թեկնածուները, որոնք, շատերի կարծիքով, փոխկապակցված են իշխանությունների հետ։
«Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունն ապահովել է երեք, իսկ «Արդարություն, իրավունք, ժողովրդավարություն»-ը՝ երկու մանդատ: Ենթադրվում է, որ երկու կուսակցություններն էլ կապեր ունեն իշխանությունների հետ։
Մնացած բոլոր կուսակցությունները, որոնց հաջողվել է խորհրդարանում ներկայացվածություն ապահովել, ստացել են մեկական մանդատ՝ «Հանրապետական այլընտրանք», «Ազգային անկախություն», «Ժողովրդավարական բարեփոխումներ», «Հայրենիք», «Մեծ արարում», «Մեծ Ադրբեջան», «Ազգային ճակատ» և «Դեմոկրատական լուսավորություն»:
2013-ն ընդդիմադիր գործիչների կողմից ստեղծված Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին OC Media-ին ասել է, որ խորհրդարանում տեղեր ապահոված անկախ թեկնածուները կիսում են իշխող կուսակցության տեսակետները, շահերն ու նպատակները, և որ այս գումարման խորհրդարանը զուրկ է ընդդիմությունից։
Ադրբեջանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Ալի Քարիմլիի ղեկավարած «Ժողովրդական ճակատ»-ը բոյկոտել է ընտրությունները։
«Կեղծված արդյունքներ»
Երկրի ընդդիմադիր գործիչները, այդ թվում՝ ընտրություններին մասնակցած անձինք, պնդում են, որ քվեարկության արդյունքներին միջամտել են և կեղծել ընտրությունները։
Ընտրություններից հետո Ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել՝ միջազգային հանրությանը կոչ անելով չճանաչել քվեարկության արդյունքները: Նրանք հայտարարել են, որ նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հիմա, որպեսզի դրանք չհամընկնեն COP29 կլիմայական համաժողովի հետ, հակասահմանադրական է։ Նրանք վկայակոչել են Սահմանադրության կոնկրետ հոդվածը, որը սահմանում է արտահերթ ընտրություններ նշանակելու համար անհրաժեշտ պահանջներն ու նախապայմանները։
«COP29-ը կամ որևէ այլ միջազգային իրադարձություն չի կարող հիմք դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, ոչ էլ նախագահը կարող է գերազանցել իր լիազորությունները և ցանկացած պահի ընտրություններ նշանակել»,- հայտարարել է Ազգային խորհուրդը՝ խոստանալով բոյկոտել «միտումնավոր կեղծված ընտրությունները»։
Խորհուրդը նաև քննադատել է իշխանություններին «ընտրական ժողովրդավարության» բարելավման նպատակով Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած առաջարկներից որևէ մեկը չընդունելու համար։
Խորհուրդը նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները ԵԽԽՎ 76 պատգամավորներից բաղկացած պատվիրակությանը թույլ չեն տվել հետևել ընտրություններին։
Ադրբեջանը ԵԽԽՎ-ն լքել է այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին այս մարմինը դեմ քվեարկեց և չվավերացրեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Անցյալ շաբաթ Ադրբեջանն արգելեց ԵԽԽՎ այն պատվիրակների մուտքը երկիր, որոնք դեմ էին քվեարկել։
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել է, որ կիրակի քվեարկության ժամանակ տեղի են ունեցել «զանգվածային խախտումներ»։ Կուսակցությունն իշխանություններին մեղադրել է նրանում, որ Բաքվում քվեարկելու թույլտվություն են տվել մարդկանց, որոնք գրանցված չեն եղել այդ ընտրատարածքներում։
Ըստ «Մուսավաթ»-ի՝ Բինագադի շրջանում քվեարկել է ընդամենը 62 մարդ, մինչդեռ շրջանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ այնտեղ քվեարկել է 180 մարդ։
Կուսակցությունը նաև հաղորդել է, որ քվեարկության ժամանակ «կարուսելի» դեպքեր են գրանցվել, երբ մարդկանց խմբերով տեղափոխել են ընտրատեղամասերով, որպեսզի մի քանի անգամ քվեարկեն։
Վաֆա Նաղին, որն իր թեկնածությունն առաջադրել է Նեֆթչալա շրջանում, հայտարարել է, որ իր ընտրատարածքում ձայները կեղծվել են հօգուտ իր մրցակցի՝ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության անդամ Թանզիլա Ռուստամխանլիի: Նա ֆեյսբուքյան գրառում է արել՝ պնդելով, որ ըստ նախնական հաշվարկի ինքը մեկ ընտրատարածքում ստացել էր 84 ձայն, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները ցույց են տվել, որ նույն ընտրատարածքում նա հավաքել է զրո ձայն։
Նաղին պնդել է, որ առաջ է անցել Ռուստամխանլիից, որը սակայն նրան հաղթել է 1100 ձայնի տարբերությամբ, որոնք ստացել է Նեֆթչալայի չորս ընտրատեղամասերում։
Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստացել է հետաքննել ընտրակեղծիքների մասին հայտարարությունները, Ադրբեջանի հանրային պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են «ժողովրդավարական, ազատ, թափանցիկ, արդար, կանոնակարգված ձևով՝ ընտրական օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան, բնակչության բարձր ակտիվության պայմաններում»։
Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է ընտրողների 37,27% մասնակցություն։ Ադրբեջանում գրանցված է 6 մլն 421 հազար ընտրող։
Արբդեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել լրագրողների, ժողովրդավարամետ ակտիվիստների և գիտնականների մի շարք ձերբակալությունների ֆոնին՝ սկսած 2023-ի նոյեմբերին AbzasMedia-ի և այլ անկախ լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումներից և վերջացրած օգոստոսի վերջին դավաճանության մեղադրանքով ասպիրանտ Բահրուզ Սամադովի ձերբակալությամբ։
Civilnet











