Գլխավոր Լրահոս

Օտարերկրյա գործակալների օրենքից հետո Վաշինգտոնը «չի բացառում» Վրաստանի դեմ հետագա քայլերը

Օտարերկրյա գործակալների օրենքից հետո Վաշինգտոնը «չի բացառում» Վրաստանի դեմ հետագա քայլերը

OC Media

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի բացառում հետագա միջոցների ձեռնարկումը՝ ի պատասխան Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի՝ հավելելով, որ Վաշինգտոնի կողմից Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների վերանայման գործընթաց շարունակվում է:

Երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը «շարունակում է ընթանալ խորապես անհանգստացնող ուղղությամբ, որն ավելի է հեռացնում երկիրն իր եվրաատլանտյան ուղուց, որով վրաց ժողովուրդը, ինչպես գիտենք, մեծապես ցանկանում է գնալ»:

Նա լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է օտարերկրյա գործակալների մասին օրենքում առկա մեխանիզմներով, որոնք կառավարությանը հնարավորություն կտան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին բռնի կերպով գրանցել որպես օտարերկրյա գործակալներ, նույնիսկ եթե նրանք որոշեն չհետևել օրենքի պահանջին:

Օրենքն ուժի մեջ է մտել անցյալ ամիս, կազմակերպություններին 30 օր ժամանակ է տրվել կամավոր գրանցվելու համար: Երկուշաբթի, երբ արդեն լրացել էր վերջնաժամկետը, արդարադատության փոխնախարար Թամար Տկեշելաշվիլին հայտարարել է, որ գրանցման համար դիմել է ընդամենը 476 կազմակերպություն։

Տկեշելաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում շուրջ 30 000 հասարակական և մեդիա կազմակերպություն է գործում։

Ճեպազրույցի ժամանակ Միլլերը կրկնել է, որ ԱՄՆ-ն սկսել է Վրաստանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայումը, միաժամանակ վիզային սահմանափակումներ կիրառելով «տասնյակ վրացի անձանց և նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամների, պատգամավորների, իրավապահների և շարքային քաղաքացիների նկատմամբ»։

Միլլերը նաև հիշեցրել է, որ հուլիսի 31-ին ԱՄՆ-ն կասեցրել է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարությանը՝ վկայակոչելով երկրի «հակաժողովրդավարական գործողությունները» և «կեղծ հայտարարությունները» Արևմուտքի և Վաշինգտոնի մասին։

«[Հարաբերությունների] վերանայումը շարունակվում է։ Ես չէի բացառի հետագա գործողությունները»,- ասել է Միլլերը։

Չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել է, թե ««Գլոբալ պատերազմի կուսակցությունը» լուրջ ազդեցություն ունի կոնկրետ կառույցների վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ցավոք, ներառյալ Պետդեպարտամենտը: Դրա համար էլ մենք նման հայտարարություններ ենք լսում, ինչը շատ ցավալի է»։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները վերջին ամիսներին ավելի ու ավելի շատ են հայտարարություններ անում, թե «Գլոբալ պատերազմի կուսակցություն» կոչվող գաղտնի խումբը վերահսկում է Արևմուտքը և փորձում պատերազմ սերմանել ամբողջ աշխարհում: Հանրային ելույթներում, այդ թվում՝ ապրիլին կառավարության հանրահավաքում, կուսակցության առաջնորդները և միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պնդում էին, որ այդ խմբավորումը փորձում է այնպես անել, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ պատերազմում։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Կոբախիձեն հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը, երբ ԱՄՆ-ն նշում է, որ կասեցրել է 95 միլիոն դոլարի ֆինանսական օգնությունը։ «Գուցե [ԱՄՆ-ն] կարող է բացատրել, թե ինչ 95 միլիոնի մասին է խոսում, մենք չկարողացանք դա պարզել»,- ասել է նա։

«Ցավոք սրտի, «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» մեծ ազդեցություն ունի պաշտոնական կառույցների վրա, ինչը շատ տխուր է և շատ մտահոգիչ։ Համոզված ենք, որ հաջորդ տարվանից այդ ազդեցությունն անպայման կթուլանա»,- հավելել է նա։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում