Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ըստ ռուսական գերատսչության՝ կողմերը սեպտեմբերի 11-ին քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակն ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարը։
Հանդիպմանը Գալուզինն ու Քըլըչը «իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը՝ այդ թվում նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի շրջանակում»։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ որոշված է Թուրքիայում կայանալիք 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը․ «Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»։
Civilnet











